«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր այցելեց Նուբարաշեն վարչական շրջան: ԲՀԿ նախագահը նախ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեց Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, ապա այցելեց Նուբարաշենում կառուցվող եկեղեցի, ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: Եկեղեցին կառուցվում է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ 1915թ-ի Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի: Եկեղեցու բացումը նախատեսվում է 2015թ-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Դեռևս 2012թ-ի գարնանը Նուբարաշեն կատարած այցի ընթացքում համայնքի բնակիչներն անձամբ էին խնդրել Գագիկ Ծառուկյանին՝ աջակցել համայնքում եկեղեցի կառուցելու գործում: Դրական պատասխանը չուշացավ, և խոստումից անմիջապես հետո մեկնարկեցին շինարարական աշխատանքները: Այսօր արդեն Գագիկ Ծառուկյանն անձամբ այցելեց եկեղեցի: Արդեն եկող տարի Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումների շարքում կլինի նաև նորակառույց այս եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը:
Տասնամյակներ շարունակ ավելի քան 10-ը հազար բնակիչ ունեցող Նուբարաշեն վարչական շրջանը եկեղեցի չի ունեցել: Ինչպես համայնքի բնակիչներն են ասում՝ վերջապես իրականություն դարձավ երկար տարիների իրենց ամենանվիրական փափագը: Նուբարաշենցիները բաց չեն թողնում Գագիկ Ծառուկյանին երախտագիտություն հայտնելու հնարավորությունը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամ է լսել իրենց ձայնն ու մինչև վերջ իրականություն դարձրել տրված խոստումները:
Կառույցի ճարտարապետական լուծումները հարազատ են հայ միջնադարյան եկեղեցաշինության լավագույն ավանդույթներին: Եկեղեցին ունենալու է ավելի քան 20 մետր բարձրություն, զարդաքանդակները խորհրդանշելու են Հայոց Մեծ Եղեռնը: Եվս մեկ տարի և համայնքի բոլոր բնակիչներն իրենց աղոթքն առ Աստված բարձրացնելու հնարավորություն կունենան երկար սպասված եկեղեցում:
Կարդացեք նաև
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Էլի՞ եկեղեցի: Ախր մինչև եր՞բ: Ազատագրված տարածքներում տուն չկա,որ մարդիկ գնան ապրեն: Մարզերում մի գործարան չկա,որ մարդիկ մնան-աշխատեն: Արևմտյան Հայաստանի հազարավոր եկեղեցիները հիմա ու՞ր են:Փրկեցի՞ն հային: Ախր միչև ե՞րբ այս եկեղեցի կառուցելու հիստերիան: