Ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի: Հոգևոր արարողությանը հաջորդեց բազմամարդ երթ դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, որտեղ հոգևոր հայրերը մատուցեցին ոգեկոչման արարողություն: Ներկաներին իրենց խոսքը հղեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը և Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահ Միշել Մամուրյանը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերը, Բելգիայի կառավարության, քաղաքական և հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, հրեական, թութսի, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ, մտավորականներ, բազմաթիվ լրագրողներ:
Ծաղկեպսակներ զետեղվեցին Բելգիայի Սենատի նախագահի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Բելգիայում գործող հայկական կազմակերպությունների անունից:
Ավելի վաղ` ապրիլի 23-ին, հայ երիտասարդության ջանքերով կազմակերպվել էր մոմավառություն հայկական խաչքար-հուշակոթողի մոտ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ