Ապրիլի 24-ին Մոսկվայի նորակառույց Սբ.Պայծառակերպության եկեղեցու տարածքում տեղի ունեցավ 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությանը զոհ դարձած անմեղ հայերի հիշատակման արարողությունը:
Ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին եկեղեցու տարածքում կանգնեցված հուշակոթողի մոտ, այնուհետև մայր տաճարում Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի պատարագ:
Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արա Բադալյանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, Մոսկվայի հայ համայնքի հասարակական կազմակերպությունների մի շարք ղեկավարներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, մշակույթի և գիտության մոսկվայաբնակ հայազգի գործիչներ, մոսկովյան առաջատար ԲՈՒՀ-ի հայ ուսանողներ:
Դիմելով ներկաներին և հիշատակելով դարեսկզբի ողբերգալի իրադարձությունները՝ Եզրաս Սրբազանը, մասնավորապես, իր խոսքում նշեց. «Ինչպես Քրիստոսը հաղթեց մահը իր Հարությամբ, այնպես էլ մենք ենք հաղթել չարիքը մեր գոյությամբ, քանի որ ողջ ենք այսօր, քանի որ կան Հայ ազգի արժանի զավակներ: Մեր կյանքը և գոյությունը լավագույն պատասխանն է ցեղասպանություն գործածներին: Թող Աստված օրհնի Հայ ազգին»:
Կարդացեք նաև
Պատարագից հետո Եկեղեցու առաջնորդարանում կայացավ Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը, որտեղ ներկայացված էին 1915թ իրադարձություններին վերաբերող լուսանկարներ, պատմական արժեք ներկայացնող փաստաթղթեր և այլ գրականություն:
ՀՀ ԱԳՆ