Ապրիլի 23-ին Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ հսկումի ավանդական արարողությունն ու մոմավառության խորհրդանշական երթը, որից հետո ներկաները շարժվեցին եկեղեցու դահլիճ` ունկնդրելու ոգեկոչման միջոցառումը:
Համայնքային բոլոր կառույցների համատեղ ջանքերով կազմակերպված հուշ-երեկոյի ընթացքում ներկայացվեց գեղարվեստական հայտագիր, համայնքի երիտասարդական կառույցները կատարեցին ազգային-ազատագրական երգեր, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Գերապատիվ Տեր Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանը, իր խոսքում անդրադառնալով ապրիլքսանչորսյան խորհրդին, պատգամեց միավորել համայն հայության ջանքերն ու նոր ավյուն հաղորդել Ցեղասպանության միջազգային ճանաչման նվիրական պայքարին:
Ելույթով հանդես եկավ նաև Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը` ընդգծելով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգված և միասնական ուժերով կազմակերպելու, ինչպես նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և կանխարգելման ուղղությամբ աշխատանքները բազմապատկելու կարևորությունը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ