«Մարդիկ, բնական է, կօգտվեն այդ օրենքից. շատ-շատերն են ՌԴ-ում աշխատում եւ խնդիրներ են ունենում: Քաղաքացիությունը, բնական է հանում է դրանք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանն` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին ստորագրած օրենքին: Օրենքը վերաբերում է այն անձանց, ովքեր ազատ տիրապետում են ռուսերենին և ապրել են ԽՍՀՄ տարածքում կամ ռուսական կայսրությունում` ժամանակակից ՌԴ-ի սահմանների շրջանակում:
Քաղաքագետն, ընդհանրապես, այն կարծիքին է, որ ՌԴ նախագահն «իրենց հարցերն է լուծում» եւ այդ նոր օրենքը միանգամայն համապատասխանում է Վլադիմիր Պուտինի նոր քաղաքականությանը: «Թե ինչ է դրա միջոցով ուզում անել ամբողջ հետխորհրդային տարածքում, մոտավորապես տեսնում ենք: Արհեստական խնդիրներ է ստեղծում այնտեղ, որտեղ ռուսական քաղաքացիներ են ապրում եւ ինչ-ինչ լուծումների է տանում»,- ասաց Մանվել Սարգսյանը` հավելելով, որ կոնկրետ Հայաստանի պարագայում ՌԴ-ի համար գուցե բավականին ոչ էական, սակայն մեզ համար միանգամայն էական վտանգ ներկայացնող առաջնայնություններ կան:
Հարցին` ի՞նչ քաղաքականություն պետք է իրականացնի ՀՀ իշխանությունն` այդ վտանգներին դիմակայելու համար, մեր զրուցակիցն ասաց. «Հայաստանի իշխանությունը մինչեւ հիմա էլ շատ ոգեւորված է դրանով, որ ժողովուրդը գնում է այստեղից, խնդիրներն էլ իրենց համար քչանում են: Երևի թե, նստած ուրախանում են: Որքան գիտեմ, այդ հարցում ժամանակին շատ ակտիվ էր ԱԱԽ քարտուղարը` Արթուր Բաղդասարյանն այդ հարցում. գնում, ամեն կերպ նպաստում էր, որ նմանատիպ օրենքներ ընդունվեն, հեշտացվեն հայերի վիճակը ՌԴ-ում: Այսինքն, չէին էլ թաքցնում, որ աջակցում են նման օրենքների ի հայտ գալուն: Կարծում եմ, էդպես էլ կշարունակեն»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ