Ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև կայացավ բողոքի ցույց: Ակցիայի հարյուրավոր մասնակիցները թուրքական պետությունից պահանջում էին ճանաչել իր կատարած հանցագործությունը՝ Հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունը: 1915-23թթ. Ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջով ցույցին միացան Թբիլիսիում գործող բոլոր խոշոր հայկական հասարակական կազմակերպությունները: Ցույցի մասնակիցներն արտահայտեցին իրենց բողոքը Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության դեմ և կոչ արեցին հատուցել իրականացրած հանցագործության համար: Ակցիայի մասնակիցները հերթական անգամ հաստատեցին հայ ժողովրդի համար արդարադատության վերականգնման համար պայքարի հաստատակամությունը, ինչպես նաև կոչ արեցին Վրաստանի իշխանություններին հարգել երկրի ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները և սկսել 1915-23թթ.-ի հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը:
Ընթացիկ տարվա ապրիլի 24–ին լրանում է Օսմանյան կայսրության տարածքում հայ ազգի, իրենց իսկ պատմական հայրենիքում պետական մակարդակով նախատեսված համընդհանուր ոչնչացման ծրագրի՝ Ցեղասպանության 99– րդ տարելիցը: 1915-1923 թթ. վերոնշյալ ծրագրի հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 միլիոն հայրենակից և իր հայրենիքի մեծ մասը: 1915-1923 թթ. հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը որակում են որպես ցեղասպանություն, որը մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Ներկայումս Հայոց ցեղասպանությունը ճանաչել է աշխարհի ավելի քան 20 պետություն, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպական պառլամենտն ու Եվրախորհուրդը:
Վրաստանի Հայ Համայնք