Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Ռուսաստանի քաղաքացիները դառնում են քայլող ականներ»

Ապրիլ 24,2014 18:17

«Ընդհանուր առմամբ, ՌԴ-ն այն երկրներից է, որը մերժում է իր քաղաքացիությունը եւ որքան էլ իր նոր օրենքով ասում է, որ պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն է տալու ցարական Ռուսաստանի, նախասովետական եւ սովետական շրջանում այդ տարածքում ապրած մարդկանց, ովքեր ռուսական լեզվի կրողներ են հանդիսանում, որքան էլ պահանջ է դրվում, որ հրաժարվեն այլ քաղաքացիությունից եւ ստանան ռուսական քաղաքացիություն, պրակտիկան, կարծում եմ, միանշանակ ցույց է տալու, որ մենք ունենալու ենք բազմաթիվ երկքաղաքացիներ: Դա, իր հերթին ունի բազմաթիվ ռիսկեր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը: Հիշեցնենք`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին օրենք է ստորագրել: Օրենքը վերաբերում է այն անձանց, ովքեր ազատ տիրապետում են ռուսերենին և ապրել են ԽՍՀՄ տարածքում կամ ռուսական կայսրությունում` ժամանակակից ՌԴ-ի սահմանների շրջանակում:

Ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը, երբ Հայաստանում երկքաղաքացիությունը Սահմանադրությամբ թույլատրված է, մեր հարցին, Ստեփան Սաֆարյանը նախ նկատեց, որ ՌԴ-ն համարվում է երկքաղաքացիությունը մերժող պետություն, սակայն, գործնականում ունենալով երկքաղաքացիներ` Հայաստանում, Ուկրաինայում կամ մեկ այլ երկրում, անխուսափելիորեն խնդիրներ են ծագելու: Ապա, Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, վաղուց արդեն պետք է հասկացած լինեինք, որ Ռուսաստանն իր քաղաքացիների գոյությունն այս կամ այն տարածքում շահարկում է` անգամ կոպտագույն միջամտությունների համար, ինչպես, օրինակ, Ղրիմում արեց կամ այժմ անում է Ուկրաինայի Հարավ-արեւելքում: «Հետեւաբար, Ռուսաստանի քաղաքացիները, ուզենք, թե` ոչ, դառնում են քայլող ականներ` որեւէ այլ պետության տարածքում: Վտանգը ոչ այնքան նրանցից է գալիս, որքան ռուսական միջամտությունից, որի լեգիտիմացման հիմք ծառայում է հենց ՌԴ քաղաքացին, որին պաշտպանելու է գնում ռուսական բանակը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ իր կարծիքով այդ օրինագիծը չափազանց մտահոգիչ է ոչ միայն այն առումով, որ հետխորհրդային երկրներում կամա թե ակամա, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գայթակղություն է առաջանալու ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու համար, քանի որ մարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում եւ բնական է, որ կցանկանան երաշխավորված լինել, քիչ խնդիրներ ունենալ, այլ նաեւ` ժողովրդագրական եւ ռազմավարական առումներով:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930