Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյանը չգիտի՞, որ Սեւանի ջրերը լցվում են Արաքս

Ապրիլ 24,2014 18:10

«Ջրի կորուստները` չօգտագործված ջրերը կամ ձկնաբուծարաններում օգտագործված եւ կրկնակի օգտագործման չգնացող ջրերը գնում են լցվում Հրազդան գետ, հետո Հրազդանը գնում է լցվում Արաքս գետը: Արաքսից էլ` Նախիջեւանի ջրամբար, որի ներկայիս անունը` «Արաքս» հիդրոհանգույցի ջրամբար է:

Ի վերջո, այդ ջրերը լցվում են Քուռ գետը եւ դա գնում է Կասպից ծով»,- Aravot.am-ի հետ զրույցում, այսպիսի մասնագիտական բացատրություն տվեց բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը:

Տիկին Դանիելյանը չցանկացավ մեկնաբանել երեկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը երկրաբան, ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի ելույթին, որտեղ երկրաբանը, մասնավորապես, մտահոգություն էր հայտնել Սեւանա լճի ջրերի ոչ ճիշտ կառավարման վերաբերյալ, ինչի արդյունքում, ըստ գիտնականի, մեր քաղցրահամ ջրերը հոսում են դեպի Ադրբեջան:

Ի պատասխան, Սերժ Սարգսյանը վրդովված նկատել էր. «Սեւանա լճից եւ ոչ մի կաթիլ ջուր չի գնում Ադրբեջան»: Նախագահը նաեւ հորդորել էր Սեւանի մասին «մասնագիտական խոսք ասել, ոչ թե հուզական»:

Ակադեմիկոսի ելույթը, ակնհայտորեն, հարուցել էր նաեւ ԳԱԱ ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանի դժգոհությունը, որն այսօր Aravot.am-ի հետ զրույցում Ռուբեն Ջրբաշյանի հայտարարությունը որակել է «ոչ կոռեկտ»: Ռադիկ Մարտիրոսյանը, իրավիճակը հարթելու համար, ավելացրել էր. «Ինձ թվում է՝ պարոն Ջրբաշյանը հուզված էր, եւ Արաքսի ջրերի հետ էր խառնում»:

Aravot.am-ի հետ զրույցում, ակադեմիկոսի անունը լսելուն պես, բնապահպանության, երկրաբանության ոլորտի մասնագետների առաջին իսկ արձագանքն այն եղավ, որ ակադեմիկոս Ջրբաշյանը այն մասնագետն է, որի մասնագիտական կարծիքը անքննելի է: (Նրա մասին տեղեկությունները՝ ստորեւ):

Ըստ այդ նույն մասնագետների, Ջրբաշյանն այն եզակի մասնագետներից է, որը Հայաստանի ստորերկրյա քարտեզը հինգ մատի պես գիտի, եւ գիտի, թե ստորերկրյա ջրերը որտեղից ուր են գնում եւ այլն, ուստի կասկածի տակ դնել հայտնի ակադեմիկոսի ասածները, պարզապես անգիտության նշան է:

Մեզ հետ զրուցած բնապահպան-երկրաբանները, որոնք չցանկացան ներկայանալ,
նաեւ կարծիք հայտնեցին, որ` «եթե հանրապետության նախագահն իր կողքին մի նորմալ բնապահպան խորհրդական ունենար, որը քաջատեղյակ կլիներ այդ բոլոր հարցերին, ապա նման անտեղյակ ելույթ չէր ունենա, առավել եւս գիտնականին չէր հակառակվի»:

Նշենք, որ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը հատկապես նկատի է ունեցել
Սեւանա լճից, 5 տարի անընդմեջ, նախատեսվածից 170 միլիոն խմ ավելի ջուր բացթողնելու ՀՀ կառավարության որոշումը, որը, կառավարության պատասխանատուների ներկայացմամբ, միտված է Արարատյան դաշտում ստեղծված վիճակը բարելավելուն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ՋՐԲԱՇՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ

Գործունեությունը` Երկրաբան
Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1994),
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996):

Ծնվ. 13.12.1934թ., Երևան:

Տ.Ա. Ջրբաշյանի որդին:

Ավարտել է ԵՊՀ (1957):

1957թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում.
1993-2006թթ-ին՝ տնօրեն (1994-ից միաժամանակ դասախոսում է ԵՊՀ-ում):

1984- 1991թթ-ին՝ Կովկասի հնահրաբխագիտական հանձնաժողովի,
Հայկական երկրաբանական ընկերության նախագահ (1993),
ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2004):

Աշխատանքները վերաբերում են հրաբխականության զարգացման և տեղաբաշխման օրինաչափություններին, դրանց նշանակությանը երկրակեղևի ձևավորման և օգտակար հանածոների առաջացման գործում, հրաբխային շարքերի ու կազմավորումների դասակարգմանը, տարբեր երկրադինամիկական պայմաններում հրաբխայնության և տեկտոնիկայի փոխկապակցվածության բացահայտմանը, երկրաբանական վտանգավոր երևույթներին ու նրանց ազդեցության նվազեցման գիտական խնդիրներին:

Մասնակցել է «ՀԱՄՌ երկրաբանությունը» բազմահատորյակի 3-րդ և 4-րդ հատորների ստեղծման աշխատանքներին:

ՌՈՒԲԵՆ ՋՐԲԱՇՅԱՆը համահեղինակ է «ԽՍՀՄ առաջին հնահրաբխագիտական քարտեզի» (Մոսկվա, 1990):

ՌԴ բնական ԳԱ անդամ (1999):

ՀՀ ԳԱԱ «Գիտություններ Երկրի մասին» տեղեկագրի գլխ. խմբագիր (2001-ից),
ՀՀ ԿԳՆ «Գիտություններ Երկրի մասին» բնագավառի փորձագիտական հանձնաժողովի նախագահ (1992-ից),
Հրաբխագիտության և Երկրի ընդերքի քիմիայի միջազգային ընկերակցության անդամ (1994-ից):

ԱՄՆ-ի հայ գիտնականների և ճարտարագետների միության Վ. Համբարձումյաևի անվ. մրցանակակիր (1995):

Պարգևատրվել է
ՌԴ Պ. Կապիցայի (1998),
Ա. Էյնշտեյնի (2002),
ՀՀ Անանիա Շիրակացու (2003) մեդալներով:

Երկեր.  Геология и перспективы нефтегазоносно- сти мезокайнозойских седиментационных бассейнов центральной части Армении, Е., 1999 (համահեղինակ);
Главнейшие месторождения цеолитолитов Армении, Е., 1999 (համահեղինակ):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930