Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության հիշատակման հանդես: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գիտության ու մշակույթի գործիչներ, համալսարանականներ: Միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Միրզոյան քառյակը հանդես եկավ Հայդնի «Քրիստոսի վերջին յոթ խոսքը» ստեղծագործության կատարմամբ: Այնուհետև «Ինքնապաշտպանության ֆենոմենը հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով բանախոսություն ներկայացրեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը: Հանդիսության ընթացքում Թամարա Մոսինյանի և Սեյրան Ավագյանի կատարմամբ հնչեցին կոմիտասյան երգեր, ինչպես նաև ասմունքով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստներ Դավիթ Հակոբյանն ու Սիլվա Յուզբաշյանը: Միջոցառման վերջում ներկաներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը փոխանցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազանը նաև իր շնորհակալությունը և գնահատանքը հայտնեց միջոցառման բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին: Այնուհետև Մուշեղ Սրբազանն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակությանը` ընդգծելով, որ նրանք զոհ գնացին թուրքական եղեռնագործությանը` հավատարիմ մնալով իրենց ինքնությանը, հայրենիքին ու հավատքին: Սրբազանը կարևոր նկատեց, որ այսօր ևս հայը շարունակի հավատարիմ մնալ նվիրական այդ արժեքներին և սրբություններին, որոնք դարերի փորձությունների մեջ ապրեցրել են հայ ժողովրդին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ