Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ո՞վ է Ճշմարիտյանն ընդհանրապես, ո՞վ է ընդհանրապես Նարեկ Սարգսյանը»

Ապրիլ 24,2014 17:42

Կառավարությունն աստիճանաբար «գրավում են» ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատած ու նրա պատրաստած կադրերը: Օրինակ` Կարեն Ճշմարիտյանը, որը նշանակվել է Էկոնոմիկայի նախարար, վերջինս Ռ. Քոչարյանի նախագահության օրոք 2 անգամ է զբաղեցրել նախարարական «աթոռները», երեկ նշանակված քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը եւս Քոչարյանի թիմից է եղել. նրանք, կարելի է ասել, միասին իրականացրեցին Հյուսիսային պողոտայի նախագիծը, որի արդյունքում հարյուրավոր ընտանիքներ անտուն մնացին:

narek-qocharyanԱռողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանի անունն էլ կապում են Քոչարյանի հետ, ըստ «Հրապարակ» օրաթերթի, նախարարը 2-րդ նախագահի դստեր ընտանիքի քավորն է:

«Եթե սա պայքար է, ապա դա հետաքրքրում է 2 կլաններում ներգրավված մարդկանց, սակայն մեզ, որպես հասարակություն, առաջին հերթին պետք է հետաքրքրի` իսկ փոփոխությունները, կամ նոր կառավարությունը ի՞նչ կարող են տալ հասարակությանը, եւ ի՞նչ լուծումներ կարող են տալ երկրի առջեւ կանգնած մարտահրավերին»,-Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, պատասխանելով, արդյոք նշված 3 նոր նախարարների նշանակումով, Քոչարյանը պայքարում է իշխանությունը վերադարձնել, կամ գուցե «կուլիսներից» ղեկավարել կառավարությունը:

Պարոն Դանիելյանի խոսքերով` «Բացարձակ հետաքրքիր չէ, թե ով կլինի նախարար, կամ ո՞ր նախարարը` ո՞ր կլանից կլինի, կամ մինչ այդ ո՞ր կլանից է եղել, դա 10-րդական հարցերից է: Այն խնդիրները, որոնք մեզ հուզում են, այդ դաշտում չեն լուծվում: Այսինքն` կառավարության կազմը քննարկելն ինձ հետաքրքիր չէ, չեմ էլ կարծում, որ հասարակությանն էլ է հետաքրքիր»:

Այսինքն` հասարակությունը լուրջ բարեփոխումների ակնկալիք չունի՞, դա՞ է պատճառը, որը կառավարության կազմը հասարակությանը չի հետաքրքրում, մեր այս հարցին էլ՝ քաղաքագետն ասաց. «Բնականաբար, իսկ ի՞նչ է, այս կառավարությունն ասե՞լ է, որ ինչ-որ բան փոխելու է, ավելին, նշանակողը` Սերժ Սարգսյանն ասել է, որ շարունակվելու է նախորդ կառավարության քաղաքականությունը եւ ես կարծում եմ, որ կատակ չի արել, ամենայն լրջությամբ է ասել: Այս կառավարությունն, անկախ նրանից, նոր օրենքներ կընդունի կամ կբեկանի, մեծ հաշվով վարելու է նախորդի քաղաքականությունը եւ սպասարկելու է այն մարդկանց, որոնք հանում եւ նշանակում են կառավարությունը:

Այսինքն, խոսք չի եղել, որ հանրության ակնկալիքները կարող են բավարարել, ավելին, նույնիսկ հանրային շահերը ձեւակերպված չեն քաղաքական բանաձեւերով, հանրությունն էլ չունի այն ինստիտուտները, որոնք կպաշտպանեն իրենց շահերը եւ այս դաշտում քննարկել` թե ո՞վ է նախարար Ճշմարիտյանը, ոչ Ճշմարիտյանը, իսկ ո՞վ է Ճշմարիտյանն ընդհանրապես, կամ` ո՞վ է Նարեկ Սարգսյանն ընդհանրապես եւ ինչո՞ւ պետք է նրանց նշանակումը մեզ հետաքրքրի»:

Պարոն Դանիելյանի դիտարկմամբ` հանրությունը քաղաքական գործընթացներում գոյություն չունի եւ գոյություն չունեցող մի երեւույթի համար ինչո՞ւ ի նպաստ մի բան պիտի անեն. «Հենց այնպես ոչինչ չի լինում, իսկ երբ քննարկվում է կառավարության կազմը եւ դրանք լուսաբանվում է ԶԼՄ-ներում, հանրության շատ ներկայացուցիչներ դա լուրջ են ընդունում, եւ կարծում են` եթե ասենք, Ճշմարիտյանի տեղը «Սուտասանյանը» լինի, ինչ-որ փոփոխություններ կլինեն: Իմ կարծիքով զրոյական նշանակություն ունի, նրանք ֆունկցիոներներ են, որոնց նշանակում են ինչ-որ նեղ շրջապատի շահերը պաշտպանելու համար, դա շահերի սպասարկող նշանակումներ են եւ մեզ հետ ընդհանրապես որեւէ առնչություն չի կարող ունենալ»:

Քաղաքագետի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը որեւէ ազդեցություն չունի այս կառավարության վրա, որովհետեւ Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի նշանակումն է եւ սպասարկելու է նրա շահերը. «Սպասելիքներ, գոնե քաղաքական փոփոխությունների առումով, դեռեւս չկան, այն մարդիկ, որոնք ասում են Հովիկ Աբրահամյանին նշանակելով լուրջ ֆունդամենտալ փոփոխություններ են լինելու իշխանության դասավորության մեջ, ես կարծում եմ այդպես չէ: Այստեղ առաջնային են ուժային կառույցները, քան տեխնիկական նախարարները, իսկ ուժայիններում փոփոխություններ չկան»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930