Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ նախագահը՝ ՀՀ նախագահին զայրացրած գիտնականի մասին. «Հայտարարությունը կոռեկտ չէր»

Ապրիլ 24,2014 15:45

Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) երեկվա տարեկան ժողովում ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանն ակադեմիային կոչ արեց արգելել Սևանից ջրի բացթողումը՝ ընդգծելով, որ Սևանա լիճը ոչ միայն բնապահպանական ու ռազմավարական նշանակություն ունի, այլեւ հայ ժողովրդի գոյատևման միջոցներից է:

Ճանաչված գիտնականի հայտարարությունը, սակայն, զայրացրեց նախագահ Սերժ Սարգսյանին, չնայած դրան, դահլիճը նրա ելույթի ժամանակ պայթեց ծափահարություններից, երբ ակադեմիկոսը իշխանություններին կոչ արեց մտածել գիտնականների արժանավայել ապրուստի ու ցածր աշխատավարձի մասին:

Aravot.am-ը ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է Ռուբեն Ջրբաշյանի հայտարարության մասին, որտեղ նա գիտնականների աշխատավարձերի մասին բարձրաձայնեց: « Գաղտնիք չէ, որ գիտությանը հատկացված միջոցները բավականաչափ համեստ են՝ ոչ միայն աշխատավարձի առումով, այլեւ գիտական մշակումներ կատարելու անհրաժեշտ միջոցների: Այդ մասին միայն Ջրբաշյանը չի ասել, այդ մասին ասել եմ ես, ե՛ւ ուրիշ ելույթ ունեցողներ»,-պատասխանեց պարոն Մարտիրոսյանը:

Ի դեպ, Երկրաբանական գիտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Ղազար Գալոյանը եւս ընդհանուր ժողովին խոսելով հասարակության սոցիալական բեւեռվածության մասին, փաստել էր, թե մեկը ունի մի քանի «Ջիփ» ու «Բրաբուս», մյուսն անգամ աշխատանքի գնալու կոշիկ չունի եւ առաջարկել էր, որ գիտնականներին տարբեր հավաստագրերից բացի, փոքրիկ նվերներ էլ արվեն, թեկուզ հեծանիվի տեսքով: «Երբ որ մեր նախարարները աշխատանքի կմեկնեն հեծանիվով, այդ օրից կսկսվի մեր ազգի բարեկեցությունը»,- շեշտել էր Գալոյանը, որին ի պատասխան՝ Ռադիկ Մարտիրոսյանն ասել էր, թե անձամբ ինքը կգնի ու կնվիրի հեծանիվ:

ԳԱԱ նախագահին հարցրինք, թե պատրաստվո՞ւմ է տեր լինել խոստմանը եւ հեծանիվ նվիրել: «Այո, անշուշտ»,-պատասխանեց մեր զրուցակիցը: Իսկ՝ ո՞ւմ, նախարարների՞ն, թե՞ գիտնականներին՝ պնդեցինք մենք:

«Երիտասարդ գիտնականին, որը ելույթ ունեցավ… ես խոստացել եմ ու կանեմ»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Ruben-JrbashyanՀետաքրքրվեցինք՝ ԳԱԱ ընդհանուր ժողովի՝ վերը նշված միջադեպի մասին ի՞նչ կարծիք ունի ԳԱԱ նախագահը: «Կարծում եմ, ակադեմիկոս Ջրբաշյանի հայտարարությունը կոռեկտ չէր: Պարոն Ջրբաշյանը ուրիշ ջրերի հետ էր խառնել, նախագահը բացատրություն տվեց, որ Սեւանից դուրս եկող ջրերը հազիվ են հերիքում մեր գյուղատնտեսական նպատակների համար, Սեւանից դուրս եկող ջուրը նախօրոք քննարկվում է, որոշվում է՝ ի՞նչ քանակությամբ, ո՞ր եղանակին ինչքան պիտի լինի, եւ դա հազիվ է հերիքում, տեղ էլ չունի գնալու կամ Ադրբեջանին հասնելու: Ինձ թվում է՝ պարոն Ջրբաշյանը հուզված էր, եւ Արաքսի ջրերի հետ էր խառնում»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունի ԳԱԱ նախագահը նոր կառավարությունից:

«Բոլոր կառավարություններից մենք նույն ակնկալիքներն ունենք՝ սպասում ենք, որ վերաբերմունքը դեպի գիտությունը լինի այնպիսին, ինչպիսին անհրաժեշտ է: Դժվարին պայմաններում աշխատող մեր գիտաշխատողները, որոնք բավականաչափ բարձր որակի գիտական արդյունքներ են ստանում, արժանի են, որ իրենց ե՛ւ սոցիալական հարցերը , ե՛ւ ընդհանրապես գիտության վրա ծախսված միջոցները լինեն համեմատելի տված արդյունքների հետ»,-ասաց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930