Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ տեղադրվել է մահացած ամերիկացու սրտի սարքը»

Ապրիլ 24,2014 15:34

Հովհաննես Կաթրջյանի եւ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի դատական վեճի մասին մենք անդրադարձել ենք տարիներ առաջ:

Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 4-ի վճիռը թվում էր՝ վերջ կդներ այս վեճին, սակայն մինչ օրս քրեական գործով տուժող ճանաչված Կաթրջյանը խնդիրներ ունի սրտաբանական կենտրոնի հետ:

Ընդհանուր իրավասության դատարանի վճռի նկարագրական մասում նշվել էր, որ Հովհ.Կաթրջյանը 1985թ.-ից ապրում է սրտի խթանիչով:

Նա 7 անգամ վիրահատվել է, մի անգամ էլ սրտի փականն են վիրահատել:
2008թ. առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում փոխել են Հովհ. Կաթրջյանի սրտի խթանիչը, իսկ վիրահատությունն էլ կատարել է տնօրենը՝ վիրաբույժ Սմբատ Ջամալյանը:

Որպես զինվորի հայր, պաշտպանության նախարարությունը կենտրոնին է փոխանցել 1 900 000 դրամ գումար, մնացյալ գումարն էլ Կաթրջյանը տվել է առձեռն:

Դատարան դիմելով՝ քաղաքացին բարձրաձայնել է այս հարցը, որ սրտաբանական կենտրոնը գումար վերցրել է 10 տարի աշխատող սարքի համար, մինչդեռ ինքը պետք է վիրահատվեր: Դա նշանակում էր, որ հայցվոր Կաթրջյանի ներսում 10 տարվա խթանիչն աշխատելու փոխարեն, աշխատելու էր 6-7 տարի, ինքը ժամկետից շուրջ 3-4 տարի շուտ պետք է նորից վճարեր, նոր վիրահատության, նոր սարք տեղադրելու համար: Դա կազմել է 1.925.000 ՀՀ դրամ, որից 1 800 000-ը նա պետք է վճարեր 3-4 տարվա սրտի խթանիչ տեղադրելու համար, իսկ 125 000 դրամը՝ ժամանակավոր սրտի ռիթմը կարգավորող սարքի իմպլանտացիայի համար:

Դատարանը վճռել էր հօգուտ Կաթրջյանի բռնագանձել 6 370 000 դրամ գումար, հայցվորի կողմից ձեռք բերված դեղորայքի գումարն էլ հետը՝ 311 000 դրամը:

Ի դեպ, հօգուտ պաշտպանության նախարարության էլ դատարանը պետք է առիթմոլոգիական կենտրոնից բռնագանձեր 700 000 դրամի տարբերության գումարը՝ 6-7 տարվա երկխոռոչանի սարքերի եւ նախատեսված սարքի տարբերության գումարը:
Այս վճիռը չբողոքարկվեց, սակայն մինչ օրս ուժի մեջ էլ չի մտել:

Քաղաքացին դիմել է ԴԱՀԿ Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության կապիտան Ա.Ազիզյանին:

Կաթրջյանին ԴԱՀԿ տվյալ կառույցից պատասխանել են, թե «կատարողական վարույթի շրջանակներում կատարվել են հարցումներ, անշարժ գույքի կադաստր, պետական ռեգիստր, դեպոզարիատ, հարկային, մաքսային, պետավտոտեսչության մարմիններին,. բոլոր առեւտրային մարմիններին: Կատարողական գործողությունների ընթացքում պարտապանի անունով սեփականության իրավունքով գրանցված գույք եւ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել»:

Կատարողական գործողությունները շարունակվում են:

Կաթրջյանն ասում է, որ վճիռը չի կատարվում, քանի որ պատասխանող վիրաբույժ-կենտրոնի տնօրենը գտնվում է հետախուզման մեջ, նա բացակայում է հանրապետությունից:

«Ինձ վիրահատել եւ իմ մարմնում տեղադրել են սարք, որը աշխատել է մինչեւ 2008թ.օգոստոսի 6-ը: Իրականում նրա գործողությունների ժամկետը 12,3 տարի է, որի համար համապատասխանաբար վճարել եմ:
Իսկ նախատեսված ծառայության ժամկետից՝ 12, 3 տարուց, ավելի քիչ՝ 4 տարի ծառայելու պատճառը, ինչպես պարզվել է վերջերս, վերոնշյալ սարքի արդեն իսկ մեկ անգամ օգտագործված լինելն էր. ինձ տեղադրվել էր ԱՄՆ-ում մահացած ԱՄՆ քաղաքացու սրտի սարքը»,-ասում է Հովհաննես Կաթրջյանը:

Ըստ նրա, նման ձեւով Ջամալյանը ԱՄՆ-ում մահացած մարդու սարք է տեղադրել նաեւ մեկ այլ քաղաքացու՝ Արտեմ Մելքումյանին՝ 2007թ.նոյեմբերի 21-ին:

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930