Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն հուշարձանը զարգացող ու բարեկեցիկ Հայաստանը կլիներ

Ապրիլ 24,2014 15:07

Երեւի արդեն պարզ է, որ խոսքս այսօր չէր կարող չվերաբերել ապրիլի 24-ին եւ ցեղասպանությանը:

Այսուհանդերձ, հարկ եմ համարում ասել, որ ինձ համար վաղուց արդեն անընդունելի են ամեն տարի այս օրը հնչող լալահառաչ ու սրտաճմլիկ նախադասությունները, որոնցով, կարծես իրար հետ մրցակցելով, հատկապես աչքի են ընկնում երկրիս պաշտոնյաները՝ Բաղրամյան 26-ից մինչեւ կառավարության շենքերում նստողները: Պեղում ու գտնում են, իրենց կարծիքով, զգայացունց արտահայտություններ, եւ իրենց թվում է, թե դրանով ազդում են աշխարհի ու մարդկանց զգացմունքների վրա, դրանով առավելագույնս են հարգում Ցեղասպանության զոհերի հիշատակը կամ մղում աշխարհին՝ հարգելու մեզ:

Այդ ճառերից, Եղեռնի զոհերի հուշարձանին հավուր պատշաճի կատարած այցից ու ծաղկեպսակ դնելուց մեկ օր անց նրանք շարունակում են իրենց բուռն գործունեության պատրանքը, որի արդյունքը ոչ թե դրական է, այլ, համենայնդեպս՝ վերջին տարիներին, ավելի շատ՝ բացասական: Բացասական՝ Հայաստանի համար, իհարկե: Դրական է միայն իրենց համար. բավական է նայել բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, եւ կտեսնեք, որ համատարած աղքատացման ֆոնին նրանց բոլորի ունեցվածքն ու եկամուտները աճում են եթե ոչ աստղաբաշխական թվերով, ապա առնվազն թվաբանական պրոգրեսիայով: Դե, դա բնական է. հայտնի է, որ աշխարհում ոչինչ չի կորչում՝ եթե մի տեղ պակասում է, մի այլ տեղ ավելանում է: Այսինքն՝ բնակչության մեծամասնությունն աղքատանում է, իսկ նրա կորցրածը հայտնվում է մի քանի տոկոս կազմող պաշտոնյաների եւ օլիգարխների բանկային հաշիվներում:

Իրենք հարստանում են՝ բնակչությանը «կերակրելով» հույսով: Ասում են՝ մի քիչ սպասեք, բարեփոխումների արդյունքները շուտով կզգաք: Այ, կառավարությունում կան լիքը եվրոպական կրթություն ստացած երիտասարդներ, նրանք կապահովեն… Գուցե եւ այդպես է: Բայց երբ այդ նույն երիտասարդը հայտնվում է որեւէ բարձր պաշտոնում ու, մոռանալով Եվրոպայում իր սովորածը, շարունակում է աշխատել այն ձեւով, ինչ իր նախորդը՝ ոչ եվրոպական կրթությամբ, ավելին, երբ այդ եվրոպական կրթություն ստացածը դառնում է սովորական մի չինովնիկ, սովորական մի կոռուպցիոներ, սովորական մի օլիգարխ՝ մոռանալով իր եռանդը եւ նախորդների թալանը շարունակելով նոր, ավելի քաղաքակիրթ ձեւերով, ես միշտ հիշում եմ (թող ոչ ոք չնեղանա), որ երիտթուրքերն էլ էին եվրոպական կրթություն ստացած ու փողկապ կապող ջահելներ:

Արդ, զգայացունց խոսքերի, պոպուլիստական ճառերի եւ հույսով կերակրելու փոխարեն հարկ է ընդամենը անել պարզագույն բաներ՝

– չկեղծել ընտրությունները

– կաշառքով հարցեր չլուծել

– հնարավորություն տալ մարդկանց սեփական աշխատանքով ապահովելու սեփական ընտանիքի բարեկեցությունը

– հարկային քաղաքականությունը պարզեցնել այնպես, որ մարդը հասկանա, թե ինչի համար է վճարում եւ ինչքան

– ապահովել դատական համակարգի իրական անկախությունը

– ոստիկաններին սովորեցնել հարգել երկրի քաղաքացուն

– նույնը հասկացնել պաշտոնյաներին՝ «ժեկի» պետից մինչեւ նախարար

– ապահովել օրենքի առջեւ բոլորի հավասարությունը

– ոչ թե գնալ եւ հարգել զոհերի հիշատակը, հետո հայտարարել, թե, ասենք, բնակչության 80 տոկոսը դեմ է այս օրենքին, բայց մենք դա իրականացնելու ենք, այլ անսալ բնակչության ձայնին եւ վերացնել պարտադիր կուտակային թալանը…

Մնացածը թվարկեք ինքներդ:

Այդ դեպքում Հայաստանը կդառնար մարդկանց ապրելու համար լավագույն երկրներից մեկը, եւ նման երկրից կպակասեր արտագաղթը (որը նույն եղեռնն է՝ քաղաքակիրթ աքսորի տեսքով):

Ու հենց ինքը՝ զարգացող եւ բարեկեցիկ Հայաստանը կլիներ Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված լավագույն հուշարձանը:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930