Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանն ու Հրայր Թովմասյանը ինչո՞ւ չեն վերանշանակվում (Տեսանյութ)

Ապրիլ 24,2014 14:46

«Որ նորություն լինի, դուք ինձ կասեք»,-այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հարցին, թե իր վերանշանակումից նորություն չկա՞, այսպես պատասխանեց ՀՀ ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ՀՀ պաշտոնատար անձինք, նախարարներ, պատգամավորներ ու քաղաքական գործիչներ այցելում էին Ծիծեռնակաբերդ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հարցին՝ ինչո՞ւ է ձգձգվում իր վերանշանակումը, արդյոք իրեն այլ պաշտոն առաջարկվե՞լ է, քանի որ լուրեր են շրջանառվում, թե գուցե Արմեն Աշոտյանը նշանակվի ԱԱԽ քարտուղարի պաշտոնում, պարոն Աշոտյանն այսպես պատասխանեց. «Սահմանադրությունը տալիս է ժամկետ նոր կառավարության ձևավորման համար մինչև քսան օր: Ուրիշ բան, որ Սահմանադրությունը չի նախատեսում, որ լրատվական միջոցները անհանգիստ ու անհամբեր են նախարարների նշանակումները լուսաբանելու համար: Ուստի գալիք սահմանադրական բարեփոխումների համատեքստում գուցե լրագրողների կողմից խնդրանք լինի այդ հարցը հաշվի առնել»:

Հարցին՝ կա՞ մեկը, որ իրենից լավ կաշխատի այդ պաշտոնում, պարոն Աշոտյանն այսպես պատասխանեց. «Շատերը կարող են ինձանից լավ աշխատել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ անփոխարինելի մարդ երբեք չի եղել ու չի էլ լինի»:

Նշենք, որ Արմեն Աշոտյանը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը և մտահոգություն հայտնեց Թուրքիայի վարած այն քաղաքականության վերաբերյալ, որով Թուրքիան աշխարհին փորձում է տարբեր ձևերով հրամցնել իրեն ձեռնտու սուտը Հայոց ցեղասպանության մասին:

ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը ևս դատապարտեց Հայոց ցեղասպանությունն ու նշեց, որ աշխարհն էլ այնքան արդար չէ, որ այդ խնդիրների վերաբերյալ այդպես արդար լինի, աշխարհն էլ շարժվում է իր շահերով և հայկական հարցը միշտ կարող է դառնալ շահարկման խնդիր:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սպասվող հայտարարության մասին պարոն Թովմասյանն ասաց. «Ինչ կասի, ոնց կասի, ինչ բովանդակությամբ կասի, ինձ համար երկրորդական է: Գլխավորը այն է, թե ինչ հայրենիք ենք ունենալու: Ուզում եմ ունենալ մի այնպիսի հայրենիք, որ աշխարհի ցանկացած վայրում ցանկացած հայի հետ չկրկնվի այն, ինչ եղել է 1915-ին»:

Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ է ձգձգվում Հրայր Թովմասյանի նշանակումը, գուցե խնդիրնե՞ր կան, պարոն Թովմասյանն այսպես արձագանքեց. «Ես հանդիպել եմ ՀՀ նախագահին ու փոխանցել եմ այն, ինչ մտածում եմ, թույլ տվեք չբարձրաձայնել այդ մասին: Հասկանում եք, այն, ինչ ասում էի, պարտադիր չէ լինել նախարար, որ կարողանալ իրագործել»:

Մեր դիտարկմանը, այս խոսքերից կարելի՞ է եզրակացնել, որ Հրայր Թովմասյանը չի վերանշանակվելու, պարոն Թովմասյանն արձագանքեց. «Թե ես ինչ եմ հայտնել նախագահին ու վարչապետին, թողեք իմ ու նախագահի, իմ ու վարչապետի զրույցում մնա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930