Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այսօր ուխտի օր է մեզ համար»

Ապրիլ 24,2014 14:18

Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու պետական ավագանու` կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ 1915 թ. Հայոց Եղեռնի նահատակների:
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ով իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին: «…Ապրիլյան Եղեռնի մեր նահատակներն իրենց գոյությամբ հավատացին և հետևեցին այն ճշմարտությանը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր կյանքով, խոսքով փոխանցեց ողջ մարդկությանը. «Մի´ երկնչիք յայնցանէ, որք սպանանեն զմարմին, եւ զոգի ոչ կարեն սպանանել» (Մատթ. Ժ 28):

Այսօր ուխտի օր է մեզ համար և այս տխուր առիթով ազգովի համախմբվել ենք Քրիստոսակերտ ու Լուսավորչահիմն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և Ծիծեռնակաբերդի վսեմ բարձունքում` Ցեղասպանության նահատակների հուշարձանի առջև, ջերմեռանդ աղոթքով, խնկով ու մոմերով մեր հարգանքի և պաշտամունքի բաժինը բերելու նրանց խնկելի, պաշտելի, համբուրելի հիշատակին: Ցավալի է ասել, որ մեր ժողովրդի պատմական կյանքը հնուց ի վեր եղել է տառապանքների ու մարտիրոսացումների երկար և ահեղազանգ շղթա. պարսկական, թաթարական ու թուրքական արյունոտ ողջ շրջանում հայը շատ անգամ բնաջինջ լինելու էր դատապարտված, սակայն իր տոկալու զորավոր կամքի ու կորովի շնորհիվ հաճախ կարողացել է մոխիրներից կյանք առնել:
…Ահա 99 տարիներ, հավատարիմ իրենց ուխտին, երիտասարդներ, ծերունիներ, մանուկներ, կանայք և աղջիկներ սեպում են իրենց աղոթքները Ծիծեռնակաբերդում` արդարության և ճանաչումի ակնկալիքով: Բողոքի, ցավի և դառնության երթ է` աշխարհին և պետություններին հիշեցնելու ճշմարտության ճանաչումը, որովհետև ինչպես առաքյալն է ասում. «Ծանիջի´ք զճշմարտութիւն, եւ ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ» (Հովհ. Ը 32): Այո´, ճշմարտության ժխտումը կամ մերժումը ծանր բեռ է ոչ միայն մերժվածի, այլև մերժողի վրա: Ճշմարտությունը կարող է վարագուրվել, կարող է խեղդվել, բայց ոչ երբեք խափանվել կամ կորչել», – մասնավորապես նշեց պատարագիչ Սրբազանը:

Անուշավան եպիսկոպոսը հավատավոր հայորդիներին հորդորեց մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակի առջև ուխտել վառ պահելու հայրենասիրության վսեմ ոգին, հավատարիմ մնալ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ավանդույթներին և պանծալի սկզբունքներին, ուխտել թոթափելու իրարամերժ, ատելավառ, ազգավնաս արարքները, լինել պատնեշ ընդդեմ այլասերման կործանարար ձգտումների, լինել մեկ սիրտ ու մեկ հոգի` պաշտպանելու համար ազգային դիմագիծն անարյուն, սպիտակ ջարդերի հանդեպ:
Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի հարևանությամբ կանգնեցված Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգիստ 1915 թ. Հայոց Եղեռնի նահատակների համար: Արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, վանաբնակ միաբաններ, Մայր Աթոռի բարերարներ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Չեմպերճյանը և Հրաչ Թուֆայանը, բազում հավատավոր հայորդիներ:

Աղոթքի և ուխտի խաչքարը հայ նահատակներին նվիրված առաջին հուշարձանն է Հայաստանում` կառուցված 1965 թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ` Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի առիթով£ Հուշարձանը նաև խորհրդանշական գերեզման է ցեղասպանության զոհերի համար. 1965 թ. նոյեմբերին խաչքար-հուշարձանի ներքո ամփոփվել են Դեր-Զորից բերված նահատակների աճյուններ:

###

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930