Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիտերատուրնայա գազետան» այսուհետ հայկական ներդիր կունենա

Ապրիլ 24,2014 13:57

Անցյալ տարի մեծ շուքով նշվեց ռուսական հայտնի «Լիտերատուրնայա գազետա» թերթի 185-ամյակը, որը հիմնադրվել է դեռեւս Պուշկինի օրոք: Վերջին մի քանի տարիներին թերթի գլխավոր խմբագիրն է ճանաչված գրող եւ հասարակական գործիչ Յուրի Պոլյակովը, որի օրոք 16 մեծադիր էջերից բաղկացած թերթի տպաքանակը հասավ մոտ 160000-ի: Այն տարածվում է համացանցում www.lgz.ru կայքէջով եւ մշտական բաժանորդներ ունի աշխարհի տասնյակ երկրներում:

Այս տարվա ապրիլի 16-ի «Լիտերատուրնայա գազետայի» համարում առաջին անգամ տեղ գտավ Հայաստանին նվիրված 4 մեծածավալ էջ կազմող «Երկիր Նաիրի» հավելվածը, որը այսուհետ լույս կտեսնի պարբերաբար: «Երկիր Նաիրիի» պատրաստման աշխատանքը իրականացնում է արձակագիր, թարգմանիչ, Հայաստանում «Լիտերատուրնայա գազետայի» սեփական թղթակից Լիա Իվանյանը:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ մեր զրուցակիցը նշեց, թե երկար փնտրտուքներից հետո Չարենցի «Երկիր Նաիրին» է ընտրվել խորագիր՝ որպես Հայաստանի հավիտենականության խորհրդանիշ:

Լիա Իվանյանը հայտնեց, որ Յուրի Պոլյակովը վերջին տարիներին հաճախակի լինելով Հայաստանում՝ իր պիեսների, բեմադրությունների եւ գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսների առիթով, ամենաբարձր ատյաններում քանիցս բարձրաձայնել է իր թերթում հայաստանյան հավելված ունենալու եւ աջակցելու իր պատրաստակամության մասին: «Թող տպավորություն չստեղծվի, թե բոլորի հանդեպ է նման բարյացակամ վերաբերմունք, պարոն Պոլյակովը, օրինակ, 2 անգամ մերժել է ադրբեջանցիներին, նրանց կողմից առաջարկվող ֆինանսավորումը, 140.000 տպաքանակն ու համացանցը օգտագործելու հնարավորությունը:

Ինչ վերաբերում է «Երկիր Նաիրիին», առաջին համարը տպագրելու հարցում աջակցել է մեր հայրենակից, մոսկվաբնակ կինոբեմադրիչ Նոնա Աղաջանովան: Հանգամանքների բերումով «Երկիր Նաիրիի» առաջին համարը լույս տեսավ ապրիլ ամսին, որը յուրաքանչյուր հայի մտապատկերում ակամայից զուգորդվում է Հայոց ցեղասպանության հետ: Բնականաբար, հավելվածի 4 էջերի հիմնական մասը առնչվում է այդ թեմային:

Նկատի ունենալով, որ ընթերցողների գերակշիռ մասը օտարազգիներ են, նպատակահարմար գտանք ներկայացնել նմուշներ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի եւ Ռուբեն Սեւակի ստեղծագործություններից, որոնք ավարտվում են «գազանաբար սպանվել է 1915թ.» մակագրությամբ»,- հայտնեց արձակագիրը:

Հավելեց նաեւ, որ ընթերցողների շրջանում մեծ արձագանք է գտել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական Ժաննա դը Արկ» հոդվածը՝ հոլիվուդյան դերասանուհի Արշալույս (Ավրորա) Մարտիկյանի մասին: Վերջինիս 1918թ. գրած «Հոշոտված Հայաստան» ինքնակենսագրական գրքի հիման վրա հենց նույն թվին Հոլիվուդում կինոռեժիսոր Օսկար Ապֆելի կողմից նկարահանվել է «Հոգիների աճուրդ» կինոնկարը, որտեղ Արշալույսը խաղացել է իր իսկ դերը:

«Առանձնահատուկ ջերմությամբ ընդունվեց Մշո ճառընտիրին վերաբերող էջը, որտեղ ներկայացված է հայկական հին ձեռագրերի նկատմամբ մեր ժողովրդի տածած գենետիկ ակնածանքը եւ որպես օրինակ՝ զետեղված են հատվածներ Անտոնիա Արսլանի «Պատմություն Մշո Գրքի մասին» վիպակից: Իսկ էջն ամբողջացնում է քանդակագործ Հերիքնազ Գալստյանի «Մշո ճառընտիր» քանդակը: Ցեղասպանությանն են առնչվում նաեւ «Երկիր Նաիրիի» վերջին էջում «Քանի դեռ հիշում ենք» խորագրի ներքո հրատարակված նյութերը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա հայտնեց նաեւ, որ օրերս նամակ է ստացել մի ռուս կնոջից՝ Վալենտինա Ֆեոֆանովայից, որն անցյալ տարի «Արտույտների ագարակը» ֆիլմը դիտելուց հետո հույզերի առատությունից առաջին անգամ բանաստեղծություն է գրել, որտեղ կիսում է հայերի ցավը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Իվանյան says:

    Լիա և հայրենակիցներ,
    Շնորհավորում եմ «Страна Наири» “ЛГ” հավելվածի հիմնադիր լույս ընծայման առթիվ:
    Ամենքս մեր կարողության չափով պետք է աջակցենք, որ հավելվածը մշտական կյանք ունենա:
    Ստեղծագործական խնդիր գործնականում չկա: Խոսքը վերաբերում է ոչ շատ մեծ ֆինանսական աջակցությանը: Ավելի ճիշտ՝ հաստատուն աջակցությանը:
    Ինչպես առաջին համարի դեպքում՝ վստահ եմ, որ այն կլինի:
    Ավելի ապահով կլինի, եթե հավելվածն ունենա մշտական հովանավոր: Կարծում եմ, առաջին համարի լույս ընծայման փաստը կարագացնի մշտական աջակցության խնդիրը:
    Հաջողություն եմ մաղթում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930