Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցեղասպանության վկայություններ. «Ես ծնվել եմ Արեւմտյան Հայաստան»

Ապրիլ 24,2014 13:32

Օրերս հայրենադարձ բարեկամիս՝ Համբարձումի հարցին՝ ինչո՞ւ ցեղասպանության 100- ամյակին ընդառաջ դու էլ մի բան չես գրում, բանաձեւված նույն պատասխանը տվեցի՝ «Գրիչս մոռացել եմ 20-րդ դարում»: Բայց, այդուհանդերձ, որոշեցի գրեթե 20 տարի առաջ «Հայքում» տպագրված հոդվածս «Առավոտի» ընթերցողին ներկայացնել՝ ի հիշատակ Անդրանիկ Սարգսյանի, որ վերապրել էր ցեղասպանությունը:

Մենք մոտենում ենք 21-րդ դարին՝ մեր պատմական հայրենիքի մեծ մասը կորցրած, աշխարհով մեկ սփռված ու կառչած վերջին հողակտորին, որը Հայաստան հայրենիքն է: Մենք մոտենում ենք 21-րդ դարին՝ Վանին, Էրզրումին, Բիթլիսին, Սասունին, ավելացրած Գետաշենը, Մարտունաշենը, Շահումյանը: Վերջինների կորստի հետ դեռ չենք հաշտվել, դեռ կռիվ ենք տալիս: Մինչդեռ այսօրվա ալեւոր սասունցիներն ու բիթլիսցիներն էլ դարասկզբին չէին պատկերացնում, որ տարիներ կանցնեն, ու էրգիրն իր սար ու ձորով, Վան ու Սիփանով, եկեղեցի ու խաչքարով «պատմական» կդառնան, որին իրենք կարոտ կմնան:
Անդրանիկ քեռու հետ ծանոթացա «Հայքի» խմբագրությունում: Նա ինձ լսեր էր «Եթեր ցպահանջ» ծրագրով Ղարաբաղի մասին պատմելիս. նոր էի վերադարձել այնտեղից: Չգիտեմ ինչու, որոշել էր ինձ գտնել եւ խմբագրություն էր բերել մի տետր՝ «Իմ կյանքի պատմություն» վերնագրով: «Ես ուզում եմ թուրքեր իմանան՝ մենք հիշում ենք մեր հայրենիք՝ Արեւմտյան Հայաստան», – կրկնում էր Անդրանիկ քեռին: Հայրենիք կորցրած հայի սովորական պատմություն է նրա պատմածն ու գրի առածը: «Ես, Սարգսյան Անդրանիկ, ծնվել եմ 1908 թվին Արեւմտյան Հայաստանում, Բիթլիս նահանգի Խլաթ գավառի Դապավանք գյուղում: Սարգիս՝ իմ պապ, իր երեք տղաներով՝ Եղիազար, Մելքոն, Մարտիրոս, իրենց ընտանիքներով կազմում էին 16 հոգի: Ե՞րբ մահացավ մայրիկս, չեմ հիշում: Երեք երեխաներս մնացել էինք մեր հորեղբայրների եւ պապիս խնամքի տակ: Եղբայրս՝ Հակոբ, 14 տարեկան էր, քույրս՝ Բայազ, մոտ 10 տարեկան էր, ես 8 տարեկան էի:
Ես հիշում եմ, երբ պատերազմ սկսվեց 1914 թվին, արաբներ ձիեր նստած, համարյա թե տկլոր. գլուխները փաթաթած, գալիս էին Բիթլիսի կողմից, գնում էին դեպի ռուսներ: 1914-ի խոր աշնանը եւ 1915-ի ձմռանը Ալաշկերտի եւ Բուլանուխի կողմից գալիս էին քուրդ քոչվորներ՝ ընտանիքներով, սրանք փախչում էին ռուսներից: Այս փախստականներին բաժանել էին մեր գյուղում: Մեր տանն էլ կային: 1915-ի ձմռան սկզբներին մեր գյուղում եղած հրացաններ հավաքեցին, մեր տանն 2 հրացան կար, 1 ատրճանակ: 1915-ի գարնանը մեր տան աշխատող ձեռքերի հետ վար էինք անում, երբ լուր եկավ՝ գութան արձակեք, եզներ բերեք տուն, քուրդեր սկսել են թալանել գյուղը: Մինչեւ տուն եկանք, արդեն քոչվոր քրդեր սկսել էին թալանել գյուղը, անկարգություններ անել, մարդ սպանել…»:

…Կարդում եմ Անդրանիկ քեռու հիշատակարանը. հիշողությանս մեջ 1992-ի հուլիսն է, Մարտակերտի շրջանից փախչող ժողովուրդը՝ Դրմբոն, Չլդրան, Առաջաձոր, Կիչան: Ամենուր փախուստի հետքեր: Ինչ հասցրել՝ անկողին, հագուստ, հետները տարել են: Բայց հեռուստացույց, սառնարան գրեթե ամեն մեկի տանը կար: Մի քանիսի տան պատին Վեհափառի լուսանկարն էր (Երջանկահիշատակ Վազգեն Ա. Վեհափառ -Ա.Բ.), մի երկուսի տանն էլ՝ Հայաստանի նախագահինը (Հայաստանի Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան-Ա.Բ.): Բոստանների բանջարն ու պտուղը հասել էր՝ հավաքող չկար:

…«Հետո եկավ քուրդ ցեղապետ՝ Մուսաբեկ, բոլոր գյուղացիներին՝ մոտ 50-70 մարդ հավաքեց կալում: Մայրս վերցրեց իր երկու տղաներին, որ փախնի Վարդենիս, հետո Բայազ քույրս գնաց: Բայց ես վախեցա, չգնացի նրանց հետեւից, մնացի հորեղբորս կնոջ եւ երեխաների հետ: Հետո մեզ տարան մեր գյուղ Դապավանք: Գյուղում լեփ-լեցուն քուրդ քոչվորներ էին: Հարձակվեցին մեզ վրա, սկսեցին թալանել, քշեցին դեպի Կոշտյան գյուղը: Ճանապարհին հանդիպեցինք 2 քուրդ զինյալ ձիավորի: Նրանք մեր մեջ նկատեցին մի տղամարդու, որ կնոջ տարազ էր հագել: Նրան դուրս բերեցին, գնդակահարեցին: Կանայք, երեխաները սկսեցին ճչալ: Երեկոյան հասանք Կոշտյան գյուղ: Ճանապարհին կորցրեցինք հորեղբորս կնոջը եւ իր տղաներին: Այդ ժամանակից մինչեւ այսօր ինձ մնաց հանելուկ, թե ի՞նչ եղան նրանք: Ես ու հորաքույրս հասանք քրդի գյուղ, որտեղ հորաքույրս քիրվա ուներ»:

Կարդացեք նաև

…Քրդի այս գյուղում Անդրանիկ Սարգսյանը տան տիրոջ տղաների հետ տավար է արածացնում: Այստեղ մնում են մոտ 25-30 օր, մինչեւ գյուղ լուր է հասնում, որ ռուսները մոտենում են: «Գյուղում մնացած հատուկենտ քրդերը հայերին լցրեցին մի գոմ ու պահեցին մինչեւ լույս»,- շարունակում եմ կարդալ օրագիրը: «Լուսաբացին ռուսաց զորքը երկու համազարկ տվեց գյուղի վրա, ու երբ պատասխան չեղավ, ռուսներ մտան գյուղ: Ճակատի հրամանատարը գեներալ Նազարբեկովն էր: Նորից ճամփա ընկանք: Շարժվեցինք դեպի Բուլանուխ, դեպի Բագրան գյուղ: Մնացինք այս գյուղում: Մի օր էլ լսեցինք, որ Մշո կողմից թուրքը գալիս է: Առավոտյան գաղթեցինք դեպի Ալաշկերտ, մի քանի օր հետո հասանք Իգդիր:…Եվ արդեն Էջմիածին էինք: Հիշում եմ այն ժամանակվա լիճը, շրջանի ժողովուրդը դեռ աչքերիս առաջ է: Էջմիածնում հորաքույրս ինձ տարավ, հանձնեց որբանոց: Ինչքան մնացի այնտեղ, չեմ հիշում…Նորից Էջմիածնից գնում ենք դեպի Երեւան: Դեռ Փարաքար չմտած՝ ճանապարհի երկու կողմից հողից սարքած պատեր կային: Այդ պատերի տակ կողովներով լիքը խաղող կար, լավաշի մեջ փաթաթած միս: Ամեն անցնող գաղթականին բաժին էին մատուցում: Մենք մեր ճանապարհը շարունակեցինք դեպի Երեւան…»:

…Երբ 1992-ի հուլիսին Գորիս-Լաչինով գնում էինք Ստեփանակերտ, շահումյանցիներն ու մարտակերտցիները մեզ հակառակ ուղղությամբ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի ճամփան էին բռնել: Ծերերով, երեխաներով, անասունով. որը՝ բեռնատարով, որը՝ ոտքով…Փախչում էին: Ստեփանակերտից դեպի Մարտակերտ նույն տեսարանն էր: Այս թշվառներն էլ Ստեփանակերտում էին փրկություն գտնում: Այստեղ «Գթություն» բարեգործականի անվճար ճաշարանի մոտ հազարավոր մարդիկ իրենց հերթին էին սպասում: Գաղթականներին հաց էին բաժանում՝ երկու շնչին մեկ հատ:

…Անդրանիկ քեռին զարմանալի հիշողություն ունի, իր տունը, դպրոցը, եկեղեցին, գետը հիշում է, կարծես երեկ է տնից դուրս եկել: Սիրում է պատմել, թե ինչպես Նախիջեւանից գնացին Անդրանիկի հետեւից, որ Էրգիրն ազատեն: Բայց…
«Առավոտյան ժամը 9-10-ը Ջուլֆայից եկավ մի զինվորական եւ ժողովրդին հարցրեց, թե ո՞ւր եք գնում: Եվ ասաց՝ Անդրանիկ Խոյում չկարողացավ դիմանալ 40 հազար թուրքական զորքին…Վերադարձել է, գալիս է Ջուլֆա: Այստեղ մոտ 15-20 հազար գաղթականության գլխին կարծես կացնով խփեին: Խեղճ ժողովուրդը վերադարձավ Նախիջեւան: Բոլորին զենք տվեցին: Այդ զինվորներից մի 20 տղամարդ ժողովրդից առաջ ընկավ…»:

Անդրանիկ Սարգսյանը վերջնականապես բնակություն է հաստատում Արեւելյան Հայաստանում, ամուսնանում է, գտնում քրոջը: Հիմա ապրում է Երեւանում, ունի երկու որդի եւ 6 տղա թոռ: Ամեն անգամ հանդիպելիս նա նույնն է ասում. «Ես ծնվել եմ Արեւմտյան Հայաստան…»:

Վերջերս վերադարձա Ղարաբաղից՝ Մարտակերտի ավերված գյուղերում կենդանության բուրմունք էր տարածվում: Դադիվանքում, Գանձասարում, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցիներում մոմեր են վառվում: Քաշաթաղ-Լաչինի հայությունն օրեցօր շատանում է: Խոջալուի, Աղդամի, Ֆիզուլու ավերակներն այլեւս չեն ծխում: Մարտունուց Ֆիզուլի ճանապարհի պահակակետերից մեկում մեր ազգային դրոշն էր ծածանվում: Մենք մոտենում ենք 21-րդ դարին:

Ալվարդ Բարխուդարյան
«Հայք», 15. 02.1995թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930