Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր Դատի սահմաններում

Ապրիլ 24,2014 13:18

Եթե աղքատ եւ այդ պատճառով փոքրաթիվ ընդդիմադիր կուսակցությունը ցանկանում է դրդել հարուստ եւ այդ պատճառով մեծաթիվ կուսակցությանը, որ վերջինս իշխանափոխություն անի, ապա այդ փոքրաթիվ կուսակցությունը մոլորության մեջ է: Հարուստը, եթե կարողանա իշխանություն վերցնել, ապա դա կանի միայն ի՛ր, ոչ որեւէ մեկի համար, եւ վերցնելուց հետո հաշվի է նստելու միայն ի՛ր շահերի հետ, կհաստատի ի՛ր սեփական խաղի կանոնները, եւ աղքատին կօգտագործի որպես օժանդակ միջոց:

Եթե փոքր ազգը ցանկանում է դրդել մեծ, ռազմական ներուժ ունեցող ազգին, որ վերջինս այդ փոքր ազգի գեղեցիկ աչքերի համար նվաճի այդ ազգին երբեմնի պատկանող «պատմական հողերը», նա նույնպես մոլորության մեջ է: Նվաճողը դա անում է ի՛ր, ոչ թե ուրիշի համար, եւ դա անում է խաղի ի՛ր կանոններով, հետապնդում է ի՛ր, ոչ թե ուրիշի Դատը:

«Այո, մեզ օգնել են,- ասել է Վազգեն Սարգսյանը 95 թվականի ամռանը` ինձ տված հեռուստատեսային հարցազրույցում,- բայց այն, ինչի մենք հասել ենք, մեր զինվորի, մեր ժողովրդի շնորհքն է՞»: Ինչո՞ւ էին մեզ 20 տարի առաջ ավելի լուրջ ընդունում, քան հիմա: Որովհետեւ մենք մեր զինվորների արյան եւ մնացած հայաստանցիների զրկանքների գնով իրականացրել ենք մե՛ր, ոչ թե ուրիշների նպատակները: Իհարկե, հաշվի առնելով նրանց շահերը, բայց չծառայելով դրանց:

Լուսավոր Եվրոպան, ոչ այնքան լուսավոր, բայց զենքեր ունեցող Ռուսաստանը կաջակցեն մեզ ուղիղ այնքան, որքան դա իրենց է ձեռնտու: Վերացական մարդկային կամ պատմական արդարությունը որեւէ դեր չի ունեցել եւ չի ունենա 19, 20, 21 կամ որեւէ այլ դարի քաղաքականության մեջ: Ռազմավարական դաշնակցության կամ արեւելյան գործընկերության հավաստիացումները նույն գինն ունեն, որն ունի Էրդողանի «ափսոսանքը»` այսօր ընկերություն կանեն, վաղը կթողնեն բախտի քմահաճույքին: Հնարավոր չէ բացել այն սահմանը, որը դու չես վերահսկում: Եթե որեւէ բան քեզ չի պատկանում, դա հեշտությամբ կարող է հանձնվել քո հակառակորդին:

Այս բոլորը ուղիղ կապ ունեն ապրիլի 24-ի հետ: Այն բառերը, որոնք մենք այդ օրն ասում էինք Խորհրդային Հայաստանում եւ Սփյուռքում, մաշվել են, կորցրել են իրենց արդիականությունը, երբ գոյություն ունեն երկու հայկական պետությունները, որոնք գոնե ինձ համար այսօր մարմնավորում են «Հայաստան» հասկացությունը: Այն քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե 100 կամ 1000 տարի առաջ որքան մեծ էր Հայաստանը եւ որտեղ էր անցնում մեր սահմանը, ունեն զուտ ակադեմիական նշանակություն: Սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է մեր` հայկական բանակի զինվորը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Մի քիչ պրիմիտիվ էր, բայց ընդհանուր առմամբ ճիշտ է։
    Իրականում սահմանը այնտեղ է, որտեղ քո ապրանքները և ծառայությունները գերադասելի են հակառակորդի ապրանքներից՝ առանց լրացուցիչ ծախսերի ( ռազմական, դեմպինգ, ուռճացված գովազդ ևն)։

  2. Մարիամ says:

    Այո, մեր սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է մեր զինվորը: Մեր անցյալն արյունոտ է, ցավալի, գրեթե մեզնից յուրաքանչյուրի պապը գաղթյալ է եղել: Այդուհանդերձ, պետք է ապրել ապագայով՝ շենացնելով մեր փաստացի սահմաններով երկիրը: Միայն այդ դեպքում հարող ենք օրերից մի օր պահանջատերի կեցվածքով խոսել:

  3. Seyran says:

    Պարոն Աբրահամյան,միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ,ոչ մի երկրի շահ չի համընկնում մեր երկրի շահի հետ՝ոչ մոտ և ոչ էլ հեռու հարևանների:Հայաստան երկրի գոյության փաստը դեռևս հանդուրժում են այնքանով,որքանով այն սեպի դեր է կատարում Թուրանի երկրների միջև:

  4. David says:

    Հիշեենք Պուտինի ասածը`,,Вы хотите, чтобы я ел землю из горшка с цветами и клялся на крови, чтобы вы мне поверили?,,…

  5. Լևոն Մելքումյան says:

    Որևէ մեկը այս աշխարհում կարո՞ղ է ինձ բացատրել, թե ի՞նչ է նշանակում այն փաստը, որ մեր սահմանը պաշտպանում է ռուսը:
    Կարող է՞ լինել ավելի մեծ աբսուրդ:

  6. Տիգրան says:

    Գոյություն չունի հայկական 2 պետություն: Կա եւ ընդունում եմ հայկական 1 պետություն` Հայաստան, Հայաստանի Հանրապետություն, Հայկական Թագավորություն, անվանեք, ինչպես ուզում եք: Իրոք կարծում եք, որ այսպես կոչված ԼՂՀ-ն պետություն է՞: Եթե այո, դե թող ապրի առանց Երեւանի: Հենց կարողացավ ապրել առանց Երեւանի, կնշանակի այսպես կոչված ԼՂՀ-ի եւ առանց Արցախ մարզի ՀՀ-ի միջեւ կարող է եւ հակամարտություն լինել, ընդհուպ մինչեւ թշնամանք, ինչպես որ կա Կորեաների, արաբական երկրների, Սերբիայի ու Խորվաթիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ: Չեմ կարծում, թե որեւէ հայ ուզենա սա: Իսկ եթե չեն ուզենալու եւ այսպես կոչված ԼՂՀ-ն էլ չի կարողանալու ապրել առանց Երեւանի (շատ եմ ուզում, որ չկարողանա), ապա ում առաջ եւ ինչ խաղ ենք խաղում գլուխներս լցնելով հայկական 2 պետությունների մասին հեքիաթներով: Ղարաբաղը, Արցախը, ասեք, ոնց ուզում եք, ՀՀ-ի մարզերց մեկն է: Այ սա պիտի աներեր հավատամքի պես նստած լինի մեր ուղեղներում: Սա առաջին քայլն է մնացածը հետ բերել կարողանալու ճանապարհին:

  7. David says:

    Ռուսն իրեն է պաշտպանում, միայն իրեն, որ ձեզնից հետո հերթն չհասնի:Նորմալ և բնական մոտեցում է, անկախ արդյունքից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930