Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՛վ պարտադիր կուտակայինի ներդրումն է «նաղդ» փող բերող, ե՛ւ Սեւանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելը. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 24,2014 13:00

Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում հետաքրքիր բան է տեղի ունեցել։ Ակադեմիկոս Ջրբաշյանը ելույթ է ունեցել ու հայտարարել, թե չի կարելի թույլ տալ, որ Սեւանա լճից հավելյալ ջուր բաց թողնվի (ինչպես նախատեսված է կառավարության որոշմամբ), որովհետեւ Սեւանը մեր ռազմավարական ռեսուրսն է, բացի այդ էլ՝ հաճախ մեր գյուղացիներն ի վիճակի չեն լինում վճարել, եւ ջրի 70 տոկոսը հոսում է Ադրրեջան։

Սերժ Սարգսյանն էլ բավականին կոշտ հակադարձել է, թե «ինչ եք առաջարկում, որպեսզի Արարատյան դաշտավայրը չորանա՞, էս տարի բերք չունենանք… Դե էդ դեպքում ամեն ինչը փակենք, ոչ հանք օգտագործենք, ոչ ջուր օգտագործենք, ոչինչ չօգտագործենք, ասենք՝ էս ամբողջը պահում ենք, վաղը կարող է պետք գա»։ Հետո էլ հայտարարել է, թե «Սեւանի ջրից մի կաթ անգամ Ադրբեջան չի գնում»։

Սերժ Սարգսյանը երեւի տեղյակ չէ, որ ջուրը հոսելու հատկություն ունի, ընդ որում՝ որքան էլ տարօրինակ է, միշտ վերեւից ներքեւ է հոսում։ Ավելին, այդ ապազգային կանոնը տարածվում է նաեւ Սեւանի ջրի վրա, որը Հրազդան գետով լցվում է Արաքսը, վերջինս էլ, հաշվի չառնելով «Հայոց մայր գետի» կարգավիճակը, հոսում է ուղիղ Նախիջևան։

Բայց սա դեռ մի կողմ թողնենք եւ անցնենք բանավեճի սկզբունքային բաղադրիչին։ Սերժ Սարգսյանի ասածը սա է, «հասկանում եմ, որ Սեւանը կարեւոր է, բայց այսօր Հայաստանի վիճակը լավ չի։ Մենք հո ախմա՞խ չենք, որ էսօրվա օրը թողած՝ վաղվա մասին մտածենք»։ Սա նույնպես դիրքորոշում է եւ գոյության իրավունք ունի։ Իսկապես, եթե երկրի վիճակը ծանր է՝ կարելի է նաեւ ապագայի հաշվին ինչ-որ այսրոպեական խնդիրներ լուծել։

Բայց արդյո՞ք Սերժ Սարգսյանը բոլոր հարցերում է առաջնորդվում այդ սկզբունքով։ Պարտադիր կուտակայինի դեպքում, օրինակ, նրա մոտեցումը ճիշտ հակառակն է։ Այդ դեպքում նա ասում է «հա, հասկանում եմ, որ մարդկանց սոցիալական վիճակը ծանր է, բայց ավելի լավ է այսօր մեր գոտիները ձգենք, որպեսզի 30-40 տարի հետո արժանապատիվ թոշակ ստանանք»։

Հարց է ծագում՝ ո՞րն է այս տրամագծորեն հակադիր մոտեցումների պատճառը, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մի դեպքում կարեւորում այսօրվա օրը, մյուս դեպքում՝ գերադասում այսօր «նեղություն քաշել» հանուն ապագայի։

«Գյուղացին ու արջը» հեքիաթում; օրինակ, «շուստրի» գյուղացին խաբում է արջին՝ մի դեպքում արմատն է վերցնում ու ցողունը տալիս նրան, մյուս դեպքում՝ հակառակը, եւ երկու դեպքում էլ ինքը շահում է։ Որքան էլ տարօրինակ է, բայց Սերժ Սարգսյանը վարվում է ճիշտ եւ ճիշտ այդ «շուստրի» գյուղացու նման։ Ինչ «այսրոպեական խնդիրներ», ինչ «ապագային միտված ծրագրեր», դրանք դատարկ խոսքեր են։ Սերժ Սարգսյանը երկու դեպքում էլ ընտրում է այն տարբերակը, որը «նաղդ» փող է բերում։ Ե՛վ պարտադիր կուտակայինի ներդրումն է «նաղդ» փող բերող, ե՛ւ Սեւանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելը։

Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930