Կարմիր խաչի միջազգային ընկերությունը պետք է աշխատի ոչ թե պատեհ կամ անպատեհ առիթներով հանդիպել Ադրբեջանում գերևարված Հակոբ Ինջիղուլյանի հետ, այլ առնվազն շաբաթը մեկ-երկու անգամ պետք է այցելի նրան. համոզված է Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
«Ամեն օր անորոշ վիճակում գտնվել գերության մեջ՝ ծանրագույն հոգեբանական խոշտանգում է, անգամ եթե ֆիզիկականը տեղի չի ունենում։ Ես դա ասում եմ պարզ, ես ասել եմ ծնողներին, որ իրենք գոտեպնդվեն, որ իրենք լինեն ամուր, ինչքան իրենք ավելի շատ են թուլանում, դա թուլացնում է նաեւ Հակոբ Ինջիղուլյանին»,- «Ա1+»-ին ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքերով՝ ՀԿ-ն դիմել է Կարմիր խաչի միջազգային ընկերությանը, որ այցելության ժամանակ մասնակցի նաեւ Հայաստանից որեւէ մեկը, եթե ոչ ազգականը, ապա գոնե Հայաստանյան Կարմիր խաչի ներկայացուցիչը։
«Դա վստահությունը ավելի կավելացնի»,- ասում է Լարիսա Ալավերդյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը այսօր մեկ անգամ եւս շեշտեց՝ Հակոբ Ինջիղուլյանին պարտադրել են ասել, որ ցանկանում է վերադառնալ երրորդ երկիր։
«Հակոբ Ինջիղուլյանը հիմքեր չուներ դա ասելու, քանի որ Հայաստանում մենք չունենք նախադեպ, որ զինվորական գերության մեջ հայտնված որեւէ անձ հետագայում հետապնդվի կամ ազատազրկվի, մինչդեռ Ադրբեջանում լրիվ հակառակն է, այն գերիները, որոնք ցանկանում են գնալ երրորդ երկիր, ցանկանում են լինել ազատության մեջ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ օր առաջ Հակոբ Ինջիղուլյանի հայտնվելը երրորդ երկրում՝ լավագույն լուծումն է այսօր:
Հրապարակումն ամբողջությամբ այստեղ: