ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի ոչ անհայտ նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, ով մեր հանրությանն ավելի շատ հայտնի է որպես Հայաստանում բացված եւ այդպես էլ չգործած «Պուտին» ակումբների նախագահ, հիմա էլ ակումբների փոխարեն նոր քաղաքական բիզնես ծրագիր է իրականացնում՝ ռուսական գրախանութներ է բացում։
Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին զանգվածաբար փակվում են գրախանութները։ Փոխարենը փակված հայկական գրախանութներին արագորեն փոխարինելու են գալիս «Ռուսական գրքի տուն» կոչվող գրախանութները։ Սա նշանակում է, որ մեր երկրում մայրենի լեզվով գրականության փոխարեն այլալեզու գրականություն է քարոզվում, կապ չունի ռուսական, թե ցանկացած այլ լեզու։
Սրանից երկու տարի առաջ «Ռուսական գրքի տուն» գրախանութ բացվեց Արտաշատ քաղաքում, հետո՝ Գյումրիում, իսկ նախորդ տարի՝ ՀՀ Ազգային ժողովում բացվեց «Ռուսական գրքի գրադարանը»։ Թե որքանով է նպատակահարմար, որ Արտաշատ քաղաքում հայկական գրախանութին փոխարինում է ռուսականը, «Ժողովուրդ»-ն այս թեմայի շուրջ զրուցեց Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի հետ:
– Ինչքանո՞վ է ճիշտ, որ հայկական գրախանութի փոխարեն բացվել է ռուսականը։
Կարդացեք նաև
– Դա վաղուց է բացվել։ Թող մարդիկ ծանոթանան ռուս գրողների եւ գրականության հետ։ Ի՞նչ վատ է։
– Վատ չէ, բայց ցավալի է, որ հայկական գրախանութ չկա Արտաշատում։
– Մենք քաղաքում ունենք ռուսական զորամաս, իրենք օգտվում են այդ գրախանութից։ Մենք նման ծրագիր ունենք մշակած։ Հույս ունենք, որ առաջիկայում քաղաքում մի հայկական գրախանութ էլ կունենանք։ Տեսնենք, թե ինչպես կստացվի։
Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում