Ապրիլի 24-ին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը,Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը քաղաքապետարանի աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ, տասնյակ զինծառայողներ, ոստիկաններ,ազատամարտիկներ, քաղաքի հարյուրավոր բնակիչներ այցելեցին Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում հառնող, բոլոր ժամանակների հայ անմեղ զոհերի հուշակոթող եւ ծաղիկներով խոնարհվեցին ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հրայր քահանա Բեջանյանը կատարեց եղեռնի զոհերի հոգեհանգստյան արարողություն: Սուրբ Սարգիս եկեղեցում նոյեմբերյանցիները մոմեր վառեցին:
Ապրիլի 24-ի կեսօրին Նոյեմբերյանի մշակույթի տանը կներկայացվի քաղաքի մարզամշակութային կենտրոնի կողմից կազմակերպված, ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գրական-երաժշտական կոմպոզիցիա:
Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղում, գյուղի զոհված ազատամարտիկների հուշարձանի մոտ գյուղապետարանի աջակցությամբ, Հաղթանակի միջնակարգ դպրոցի կողմից կազմակերպվել է 1915թ. ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Օրվա խորհրդի վերաբերյալ խոսք են ասել Հաղթանակ համայնքի ղեկավար Վահրամ Շարոյանը,գյուղի դպրոցի տնօրեն Գեորգի Բիջոյանը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ