«Դ!ԵՄ ԵՄ» շարժման ակտիվիստները չշտապեցին ոգևորվել Աբրահամյանի հայտարարությամբ։
«Ես այդ հայտարարության մեջ դեռ ուրախանալու ոչինչ չեմ տեսնում»,- մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը։
Ակտիվիստը նշեց, որ չի ցանկանում հապճեպ գնահատականներ տալ, քանի որ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած կետերը միանշանակ չեն, և նախաձեռնությունը դեռ պետք է մանրամասն քննարկի, վերլուծի և ճիշտ հասկանա ներկայացված առաջարկը։ Դրանից հետո նոր «Դ!ԵՄ ԵՄ»-ը հանդես կգա հայտարարությամբ։
««Դ!ԵՄ ԵՄ»-ը դեռ չի շտապում գնահատականներ տալ, մենք չենք շտապում բացականչություններով, ուրախությամբ ընդունել այդ հայտարարությունը, որովհետև պետք է հասկանանք՝ ինչ է կատարվել։ Ընդ որում, իմ սուբյեկտիվ ընկալմամբ, սա դեռ պարտադիրը չէ, ընդամենը մեկ հոդված է, որի կասեցումը նորույթ չէ. դրա կասեցումը հունվարին է եղել՝ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ, բայց, եթե հիշում եք, դրանից հետո էլ իրավիճակը, մեղմ ասած, հիանալի չէր»,- ավելացրեց նա։
Կարդացեք նաև
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը կարևորեց օրենքից պարտադիր բաղադրիչը հանելը։ «Ես չեմ գնահատելու և մեկնաբանելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ որևէ քաղաքական գործչի կամ առհասարակ որևէ մարդու գնահատականներ կամ մեկնաբանություններ, որովհետև ամեն ինչ շատ պարզ է. կա մի իրավիճակ, իրավիճակը պիտի փոխվի, և կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր չպիտի լինի, և վերջ։ Թե ով ինչ է կարծում այդ առթիվ, ես չեմ պատրաստվում մեկնաբանել կամ գնահատել։ Պարտադիր բաղադրիչը պետք է չլինի։ Եթե չլինի՝ լավ է, եթե լինի՝ վատ է»,- նշեց նա։
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում