Ապրիլի 23-ին Թբիլիսիում կայացավ ջահերով երթ՝ նվիրված Հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ջահերով երթը սկսվեց Վակե այգու մոտ և ավարտվեց Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ: Երթի ժամանակ մասնակիցները վանկարկում էին «Ճանաչում-Դատապարտում-Հատուցում», «Պայքար», «Թուրքիա-հանցագործ» կարգախոսները, ինչպես նաև երգում էին հայրենասիրական երգեր: Ջահերով երթի ավարտին այն երկրի դեսպանատան առջև, որը հանցագործություն է իրականացրել մարդկության դեմ՝ ցեղասպանություն, և պատիժ չի կրել իրականացրած հանցագործության համար, ավելին՝ շարունակում է Արևմտյան Հայաստանի բռնագրավումը, կայացավ բողոքի ցույց:
Թուրքիայի դեսպանատան առջև անցկացված ցույցի ժամանակ ավելի քան հարյուր մասնակից արտահայտեցին իրենց բողոքը 1915-23թթ. Հայ ժողովրդի ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ և պահանջում էին, որպեսզի Թուրքիան ամբողջ մարդկության առջև և միջազգային նորմերի համաձայն պատասխանատվության ենթարկվի կատարած հանցագործության համար:
«Այսօր այստեղ հավաքվել են 100-ից ավելի երիտասարդներ, որոնք ոչ միայն գիտեն և հիշում են 99 տարի առաջ կատարված ցեղասպանության մասին, բայց և պատրաստ են ամեն օրյա պայքար մղել հանուն արդարադատության վերականգնման: Այստեղ հավաքվել է Թբիլիսահայության հույսը: Հենց դուք պետք է շարունակեք պայքարը, որն անպայման ավարտվելու է մեր հաղթանակով: 99 տարի առաջ Պոլսում թուրք պետությունը գլխատեց մեր ժողովրդին: Անցել է 99 տարի, և մեր ժողովուրդը նորից ծնեց վերնախավի մի ամբողջ սերունդներ: Մեր ազգը, որը վերապրեց այն, ինչ չէր վերապրի մեկ ուրիշը, ոչ միայն գոյատևեց, այլև կարողացավ հավաքել իր ուժերը և Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսների արյամբ վերականգնել իր անկախությունը Արևելյան Հայաստանի փոքր հատվածի վրա: 1915-23թթ. Ցեղասպանությունը հանդուրժած, 1.500.000 միլիոն որդիներ ու դուստրեր կորցրած ժողովուրդը ծնել է հերոսների սերունդ, որն ազատագրել է Արցախը: Մեր ազգը հերոսների ազգ է: Եվ այսօր, երբ նայում եմ ձեզ, ես պատկերացնում եմ, որ վաղ թե ուշ Դուք և Ձեր երեխաները կհասնեք արդարության, կհասնեք հանցագործի դատապարտմանը և հատուցմանը: Պայքարի դրոշը, որը կրում էին մեր նախնիները, այսօր ձեր ձեռքերում է, և միմիայն ձեզնից է կախված կհասցնե՞նք արդյոք մենք այդ դրոշը մինչ Արարատ, թե՞ ոչ» ,-դիմելով հավաքվածներին՝ հայտարարեց «Վրաստանի Հայ Համայնքի» նախագահ Սամվել Մկրտչյանը:
«Վրաստանի Հայ Համայնք»-ի Երիտասարդական և Ուսանողական Միությունների կազմակերպած ջահերով երթին նաև միացան «Թբիլիսահայերի Վեհաժողովի» ներկայացուցիչները, ինչպես նաև քահանա տեր Մանուկ Զեյնալյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնում ենք, որ ապրիլի 24-ին ժամը 14:00-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ կկայանա բողոքի ցույց Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով:
Վրաստանի հայ համայքն