«Ես դեսպան եմ ՀՀ-ում և այլ երկրների ղեկավարների հայտարարությունները թույլ տվեք չմեկնաբանել: Միգուցե Վաշինգտոնի կողմից որևէ մեկնաբանություն լինի, սակայն ես էրդողանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն չունեմ»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Էրդողանի վերջին հայտարարությունը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն այսպես պատասխանեց:
Հարցին՝ ամերիկյան հասարակությունը, բազմաթիվ կոնգրեսականներ ընդունում են Հայոց ցեղասպանությունը, ի՞նչն է խանգարում ԱՄՆ-ին պետականորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պարոն դեսպանը պատասխանեց. «Ես այսօր այստեղ եմ ԱՄՆ նախագահ Օբամայի և պետքարտուղար Քերիի անունից իմ հարգանքի տուրքը մատուցել 1915 թվականի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին: Այսօր մի քանի ժամից նախագահ Օբաման օրվա առիթով իր հայտարարությամբ հանդես կգա, և վստահ եմ, որ մեկ անգամ ևս նախագահ Օբաման այս տարի իր գնահատականը կտա մեկուկես միլիոն հայ զոհերին, ովքեր տեղահանվել և մահվան երթերի զոհ են դարձել Օսմանյան պետության վերջին տարիներին: Վստահ եմ, որ նա կդատապարտի այդ իրադարձությունները՝ որպես քսաներորդ դարի ամենավատթար նախճիրներից: Նախագահի հայտարարությունը կլինի ուժեղ, որտեղ ընդունվում են փաստերը 1915-1923-ին տեղի ունեցած»:
Հարցին՝ ինչո՞ւ թուրքական պառլամենտը հայ-թուրքական արձանագրությունները չի վավերացնում, պարոն դեսպանը պատասխանեց. «Մենք ողջունեցինք նախագահ Սարգսյանի և Գյուլի կողմից արձանագրությունների ստորագրման և ԱԳ նախարարների՝ 2009-ին ստորագրումը: Կարծում ենք, որ երկու երկրների համար անհրաժեշտ է, ո սահմանը բացվի և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ ձևավորվեն: ԱՄՆ-ն շարունակում է այնպիսի ջանքեր գործադրել, որ դա իրականություն դառնա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ