Վարչապետի նոր թեկնածուի հարվածը դեռ չմարսած՝ հասարակությանը նոր փորձության են պատրաստվում ենթարկել՝ Գալուստ. Սահակյանն է ԱԺ նախագահ դառնալու։ Իսկ լուրը գրեթե հաստատ է։ Ամենաաբսուրդ մտավարժանքները մամուլ արտանետող Գրիգորիչի՝ երկրի երկրորդ պաշտոնը ստանձնելու հեռանկարը, թվում էր, նախեւառաջ սարսափահար կաներ իշխանության «լակամանից» (բառի հեղինակային իրավունքները պատկանում են ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանին) հեռացած եւ նրա թիրախում հայտնված ԲՀԿ-ին, ում վրա խորհրդարանում, որպես կանոն, «կայֆեր է բռնում» հենց Գրիգորիչը։ Բայց սխալվեցինք։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի համար անգամ սպասելի է այդ նշանակումը. «Եթե Կարեն Կարապետյանը չէ, ապա Գրիգորիչը գոնե բանակցելու փորձ ունի, համաձայնություն ձեւավորելու հատկություն։ Ինչ-որ բան կստացվի, բայց դա ճանապարհ չէ»։
Փաստորեն, ԲՀԿ-Ն դեմ չէ ԱԺ պատվո հարթակից իրեն հասցեագրված ճառեր լսել, ինչը մշտապես անում է Գալուստ Սահակյանը՝ երբեմն վիրավորանքներով լի։
«Մենք ըմբռնումով ենք մոտենում, որ այս երկրի բոլոր բացասական եւ վիրավորական բառերը տրված են Գալուստին պատասխան տալու, բայց դրանց ոչ մեկի մեջ ինքը ոչ հեղինակ է, ոչ էլ պատասխանատու, հիմա էդ մարդու բախտն էլ ըտենց է ստացվել, որ բոլորի տեղը պատասխան տալ եւ ամեն բան, այդ ծանր բեռը վերցնել իր վրա»։
ԲՀԿ-ից ոչ պակաս Գրիգորիչի «կատոկի» տակ է հայտնվում նաեւ ՀԱԿ-ը, կդիմանա՞ արդյոք այս նշանակման ծանր հարվածին։ «Երբեմն շատ թեժ կլինի ԱԺ-ում, իսկ լրագրողների համար, ինձ թվում է՝ ավելի ուրախ։ Գալուստ Սահակյանը շատ առիթներ կտա, որ դուք շատ հումորային նյութեր ունենաք»,- խմբակցության «ցավը թողած»՝ լրագրողական համքարության տեսանկյունից խոսեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։
Կարդացեք նաև
«Մինչեւ չգա հետինը, չի հիշվի առաջինը»,- նկատեց ՀԱԿ պատգամավորուհին. «Ինչ խոսք՝ անհամեմատելի կերպարներ են Հովիկ Արգամիչն ու Գալուստ Գրիգորիչը, նախ՝ հանդուրժողականությամբ, եւ երկրորդ՝ հավասարակշռության առումով Հովիկ Աբրահամյանն ավելի բարենպաստ տպավորություն է թողնում»։
Բայց Սերժ Սարգսյանն այդ նշանակմամբ եւ Գրիգորիչի անձով, Լ. Սարգսյանի խոսքով, նպատակ ունի ընդամենը մի խնդիր լուծել՝ վերահսկել սեփական թիմը։ «Հակառակ դեպքում կընտրեին այլ թեկնածուների, որոնք ավելի կառուցողական եւ ավելի հանդուրժող են»,- ասաց ՀԱԿ պատգամավորը՝ Գրիգորիչին միայն հաջողություն մաղթելով իր ծանր «առաքելության» մեջ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում