Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Այսօր իշխանության, պաշտոնների նշանակում են նրանց, ովքեր հարուստ են». «Հրապարակ»

Ապրիլ 24,2014 10:26

Հատված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հարցազրույցից:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ տարբեր թեկնածուներից ընտրվեց Հովիկ Աբրահամյանը։

– Տեսեք, այսօր աննկարագրելի կարկուտ էր Արարատում։ Սա շատ ավելի կարեւոր է, քան այն, թե վարչապետն ով է։ Դրանից բան չի փոխվելու։ Եվ սպասարկող երկրները, ինչպես Քոչարյանն էր ասում, եւ այն երկրները, որոնք գյուղատնտեսության վրա են հենվում, միշտ այսպիսի բաներից կախված են լինելու։ Հերիք է ոչ բարենպաստ տարի եղավ, սոված են մնալու, որովհետեւ արդյունաբերությունը թողել են մի կողմ։ Ոչ մեկը չի ուզում խորանալ, բոլորն ուզում են հումք վաճառել եւ հնարավորինս շատ հարստանալ։

Այսօր իշխանության, պաշտոնների նշանակում են նրանց, ովքեր հարուստ են։ Նայեք ինքներդ. Սյունիքի մարզպետից, Արարատի մարզպետից մինչեւ վարչապետ՝ տեսեք ովքեր էին թեկնածուները, եւ ում նախընտրեցին։ Միանշանակ նրան, ով հարուստ է։ Նույնն էլ առաջարկվում էր ԱԺ-ում։

– Բայց ինչո՞ւ։ Որ այս մարդիկ ավելի՞ հարստանան, թե՞ որ այդ հարստությամբ կարողանան հարցեր լուծել աղքատ երկրի համար։

– Ոչ։ Այդ շրջապատն իրենց ավելի հոգեհարազատ է։ Այդ շրջապատում իրենք իրենց ավելի լավ են զգում, ու էլի պատճառներ կան, բայց դրանք երկրորդական են երկրի զարգացման համար։ Ով էլ լինի վարչապետ, եթե նա լինելու է Մաքսային միության շրջանակներում, ապա նրա ծրագիրը, նրա գործունեությունը, առավոտից գիշեր աշխատելը կամ չաշխատելը զրոյական արժեք ունեն։ Ոչինչ չի փոխվելու։ Հայաստանը պետք է դուրս գա այդտեղից, որպեսզի կարողանա ինչ-որ բան անել, ոչ թե իր ընդունած ճիշտ որոշումները հետողորմյա անի, որ ՄՄ պահանջներին բավարարի։

Օրինակ, այդ պահանջներով, 900 անուն ապրանք պիտի թանկանան մեր երկրում, այն դեպքում, երբ մենք այդ գործընթացն արդեն անցել էինք, մեր շուկան ազատականացված էր։ Այս պարագայում ի՞նչ կապ ունի, թե ով է վարչապետը, ով է նախագահը։ Այս փակ շրջանից դուրս գալ է պետք։ Ո՞վ չի թողնում, որ դուրս գանք։ Ռուսաստանը՝ իր ազդեցության տակ եղած այստեղի ոչ իշխանական ուժերով եւ գործող իշխանությամբ, որը հակված չի դրական գործընթացների։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930