Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ էին պետք կարմիր գծանշումները, եթե առանց դրանց էլ վատ չէր (Տեսանյութ)

Ապրիլ 24,2014 00:32

Արդեն տեղեկացրել ենք ապրիլի 23-ին Ազգային ժողովում կայացած «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» խորհրդարանական լսումների մասին:

Լսումների երկրորդ մասը նվիրված էր «կարմիր գծանշաններին»՝ վճարովի ավտոկայանատեղիներին: Այս թեմայով էլ բավականին հետաքրքիր քննարկում ծավալվեց, պատգամավորները հասցրեցին իրենց խորը մտահոգությունը հայտնել ժողովրդին թալանելու վերաբերյալ:

Որպես հիմնական զեկուցող հանդես էր գալիս Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով մանրամասն ներկայացրեց, թե ինչո՞ւ, ի՞նչ հիմքերով է Երեւանի քաղաքապետարանը ավտոկայանատեղիների գործունեության կազմակերպման գործը տվել մասնավոր ընկերությանը՝ «Պարկինգ սիթի սերվիզին», ի՞նչ ներդրումներ է արել այդ ընկերությունը, ինչո՞ւ քաղաքապետարանն ինքը չէր կարող այդ ներդրումներն անել եւ այլն:

Խոսեց նաեւ այդ ընկերության ղեկավարը, որի ասածներից պարզվեց, որ ինն ամսվա աշխատանքների արդյունքում ընկերությունն առայժմ վնասով է աշխատում:

Հայեցակարգային հարցադրմամբ հանդես եկավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նրան հետաքրքրում էր՝ ինչո՞ւ քաղաքապետարանը որոշեց գնալ այդ քայլին եւ վճարովի կայանատեղիներ ստեղծել, այն էլ՝ միջնորդ կազմակերպության միջոցով: Ըստ Ս. Մարգարյանի՝ եթե այս նորամուծությամբ չի լուծվում որեւէ հայեցակարգային խնդիր, որ իր առաջ դրել է քաղաքապետարանը, ասենք՝ թեթեւացնել քաղաքի կենտրոնի երթեւեկությունը, նպաստել քաղաքի էկոլոգիական խնդիրների լուծմանը եւ այլն, ապա ի՞նչ կարիք կար նման նախաձեռնությամբ հանդես գալ: Իսկ եթե քաղաքապետարանին բյուջեն լցնելու համար գումար էր պետք, ապա կարող էր ուղիղ տուրք սահմանել, ընդ որում, եթե հիմա կայանման համար մեքենան տարեկան 12  հազար դրամ պետք է վճարի, որի 30%-ը միայն գնում է քաղաքային բյուջե, իսկ 70%-ը՝ «Պարկինգ սիթի սերվիսին», ապա այդ դեպքում յուրաքանչյուր մեքենա կարող էր տարեկան 3600 դրամ ուղիղ տուրք վճարել քաղաքապետարանին եւ կայանել նախկինի պես՝ առանց որեւէ գծանշումների:

Այս հարցադրման պատասխանը պարոն Արեյանը ձեւակերպեց հետեւյալ կերպ.  մինչ այժմ Երեւանում ավտոկայանման հարցում անարխիկ, խայտառակ վիճակ էր, ով ասես որտեղ ասես կանգնում եւ գումար էր հավաքում՝ կայանման համար, իսկ հիմա իրավիճակը կարգավորվել է, քաղաքակիրթ է դարձել, անօրինական գումար հավաքողներ չկան, քաղաքն էլ իր համայնքային տարածքները տրամադրում է մեքենաներին՝ կայանման համար եւ դրանից եկամուտ է ստանում:

Հարցադրումներ հնչեցին, որ կոռուպցիոն ռիսկեր են եղել կոնկրետ այդ ընկերությանը այդ բիզնեսը տալու կապակցությամբ, քանի որ ավտոկայանատեղիների գործունեության կազմակերպման համար բաց մրցույթին միայն մի ընկերություն է հայտ ներկայացրել եւ հենց այդ ընկերությունն էլ հաղթել է: Այս հարցադրումները Կամո Արեյանը կտրականապես չընդունեց, ասելով, որ բաց եւ թափանցիկ մրցույթ է եղել, ուղղակի հայտեր չեն եղել, քանի որ ռիսկային գործունեություն է, եւ եթե մրցույթի համար հայտ ներկայացներ հինգ-տաս ընկերություն, բոլորն էլ կմասնակցեին մրցույթին:

Ինչ վերաբերում է նրան, որ մենաշնորհ ունեցող ընկերությունը պարտադիր պիտի գերշահույթներով աշխատի, սա էլ Կամո  Արեյանը չընդունեց, մանավանդ, որ մինչ այդ ելույթ էր ունեցել «Պարկինգ սիթի սերվիսի» տնօրեն Վազգեն Հարությունյանը եւ ասել, որ վնասով են աշխատում: Ըստ փոխքաղաքապետի՝ եթե այդքան շահութաբեր բիզնես է, ապա ինչո՞ւ այլ համայնքներ չկրկնօրինակեցին եւ ասենք Գյումրիի, Վանաձորի նման մեծ քաղաքները չնախաձեռնեցին նման բան:

Պատգամավորները կարծիք էին հայտնել նաեւ, որ «Պարկինգ սիթի սերվիսը» չի կատարել այնքան ներդրում, որքան ասում է, քանի որ հնարավոր չէ, որ կարմիր ներկանյութը այդքան թանկ լինի: Սրան ի պատասխան Կամո Արեյանը շեշտեց, որ միայն ներկանյութը չի ծախսը, տեսախցիկներն են, շրջիկ մեքենաները, որոնք գրանցում են խախտում կատարած մեքենաները, մոնիտորինգ են անում եւ այլն: Կամո Արեյանը նաեւ ասաց, որ բանակցում են «Պարկինգ սիթի սերվիսի» հետ՝ պարկոմետրեր ներմուծելու եւ ավտոկայանատեղիներում պարկոմետրեր տեղադրելու  հնարավորության վերաբերյալ:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930