Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Չեմ կարծում, թե հայ-թուրքական արձանագրությունները մեզ խանգարել են, եթե չասեմ հակառակը»

Ապրիլ 23,2014 21:20

«Վստահ եմ, որ Թուրքիային հեշտ տարի չի սպասվում, եթե, իհարկե, նրանք չսթափվեն»,- Aravot.am-ի հարցին` արդյոք ՀՀ-ն բավարար նախապատրաստվե՞լ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, դեպի Ծիծեռնակաբերդ Ջահերով երթի ընթացքում այսպես պատասխանեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած Ջահերով երթին միացել է նաև ՀԵՀ-ը` կոչ անելով երիտասարդական կազմակերպություններին միանալ այս նախաձեռնությանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներին` պարոն Ավագյանը նշեց. «Վաղը սկսվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին, և մի քանի օր առաջ ՀՀ իշխանությունը հրապարակավ ներկայացրեց, որ լրջորեն է պատրաստվում այս տարելիցին ոչ միայն հարգանքի միջոցառումների, այլև քաղաքական առումով»:

ՀՀԿ-ական պատգամավորը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և հույս հայտնեց, որ մյուսները ևս կհետևեն այդ օրինակին ու Թուրքիային կստիպեն առերեսվել ճշմարտության հետ:

Կարեն Ավագյանը նաև հիշեցրեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փաստի մասին ու նշեց. «Հայաստանն այնքան ուժեղ գտնվեց, որ չնայած պատմական ահավոր հիշողության`չորսուկես տարի առաջ Թուրքիային առաջարկեց հաստատել բնականոն միջպետական հարաբերություններ. ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն Թուրքիան լիուլի ցույց տվեց, որ ինքը 21-րդ դարին համահունչ քաղաքական տեսակ չէ, և այս տարիների ընթացքում բազմաթիվ նախապայմաններով, անտրամաբանական խուսանավումներով ողջ աշխարհին ապացուցեց, թե ՀՀ-Թուրքիա հարաբերություններում որտեղ են իրական խնդիրները: Նույնիսկ ամենակասկածելի մարդիկ շատ լավ հասկացան և տեսան այդ ամենը»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ լուրջ վերապահումներ ունեն ՀՅԴ ներկայացուցիչները, մասնավորապես պնդում են, թե դրանք ոչ մի լավ բան չեն տվել Հայաստանին, ընդհակառակը խոչընդոտում են ԼՂ հակամարտության կարգավորմանը, լրացուցիչ լծակ են Թուրքիայի ձեռքին, Կարեն Ավագյանն այսպես արձագանքեց. «ՀՀ նախագահն այդ հարցին հստակ պատասխանել է Պաշտպանության նախարարությունում: Իսկ ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա չեմ կարծում, որ այդ արձանագրությունները որևէ տեղ մեզ խանգարել են`Ցեղասպանության ճանաչման, ԼՂ հակամարտության գործընթացներում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930