Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած ջահերով ավանդական երթը, որին միացել է նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
«Ճանաչում, դատապարտում հատուցում» կարգախոսներով երիտասարդներն ու քաղաքական գործիչները Թուրքիայից և ողջ աշխարհից պահանջեցին ճանաչում և հատուցում:
Երիտասարդ Դաշնակցականները կոչ արեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին 2009-ի հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը ետ կանչել: Այնուհետև հայտարարվեց, որ Ազատության հրապարկի կրակի ջահից կրակ է տարվելու մինչև Արևելյան Ամերիկա, որտեղ մեր հայրենակիցները հատուցման պայքարն են շարունակելու:
Կարդացեք նաև
Aravot.am-ը զրուցեց երթի մասնակիցների հետ: Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ավագ դպրոցի աշակերտուհի Կարինե Աբրահամյանը նշեց. «Մենք ուզում ենք, որ ամբողջ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եթե միասնական չլինենք, ապա կորած ենք: Մենք եկել ենք այստեղ, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, որ կանք ու պիտի լինեն»:
Ջահերով երթին մասնակցում էին նաև բրազիլացիներ: Aravot.am-ի հետ զրույցում բրազիլացի Լուիզ Նիմարեզը նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին գրքերից գիտի և դատապարտում է Թուրքիային կատարվածի համար: Նա ասաց. «Խորապես տպավորված եմ այս ամենից, այն, ինչ կատարվում է այստեղ, ուղղակի սրտաճմլիկ է: Մենք ցավակցում ենք հայությանը և կարծում, որ աշխարհը մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Նշենք նաև, որ Ջահերով երթի մեկնարկից առաջ երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը և շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ