Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում կայացան խորհրդարանական լսումներ՝ «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» երկարաշունչ վերնագրով: Լսումները նույնքան երկարաշունչ էին:
Երկուսուկես ժամ պատգամավորները խոսում էին արագաչափերի եւ տեսախցիկների մասին, երկուսուկես ժամ էլ՝ Երեւանում ավտոկայանատեղիների մասին:
Ինչպես հայտնի է, ԱԺ ոչ իշխանական քառյակը նախաձեռնել էր ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝ այս հարցերը քննարկելու համար, քանի որ, ինչպես այսօր բարձրաձայնեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը, քառյակը, որն այս ոլորտները կնքել է «քերթման մեխանիզմներ» անունով, համարում է, որ տեսախցիկ-արագաչափերը եւ կարմիր գծանշումները հատուկ մտածված են իշխանությունների կողմից՝ «ժողովրդին քերթելու» համար:
Ոչ իշխանական ուժերը, բնականաբար, դեմ են, որ ժողովրդին «քերթեն», եւ հանձնաժողով էին ուզում ստեղծել, որի ժամանակ, բնականաբար, կկարողանային զարգացնել քերթման թեման, սպեղանիներ դնել քերթվածքների վրա, քարոզչամիջոցներով անձնավորել «քերթողներին», հետո հրապարակային քննարկումների ժամանակ ասել, թե՝ մենք ի՞նչ կապ ունենք, մամուլն է գրում, որ այդ գումարները գնում են այսինչի կամ այնինչի գրպանը: Սակայն իշխանական երկյակը, որ այժմ արդեն երկյակ չէ, այլ՝ մեկյակ, ժամանակին չքվեարկեց այդ թեմայով հանձնաժողով ստեղծելու օգտին եւ քերթման մեխանիզմների մասին խոսելու համար ոչ իշխանական քառյակին (կամ գուցե շուտով արդեն՝ հնգյակին) մնաց միայն ԱԺ քառօրյաների հայտարարությունների ժամը, կառավարության հետ հարցուպատասխանները եւ, բարեբախտաբար, այսօրվա խորհրդարանական լսումները:
Կարդացեք նաև
Երբ լսումների ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, պատասխանելով պատգամավորների գրավոր հարցումներին, ներկայացրեց, որ տեսախցիկների եւ արագաչափերի տեղադրմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը դեռ ամբողջապես չի վերադարձրել այն գումարները, որ ներդրել է, մինչ օրս առանց շահույթ է աշխատել, պատգամավորները դա ոչ միայն լուրջ չընդունեցին, այլեւ, հիմնվելով «մամուլի տեղեկությունների» վրա, շարունակեցին պնդել, որ անհնար է, որ այս ընկերությունը գերշահույթներ չունենար:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, օրինակ, հայտարարեց, որ սա «ամենագերշահույթ ապահովող ոլորտն է, բացառիկ կոռուպցիոն դաշտ է», եւ պնդեց, որ «գերշահույթով աշխատող բիզնեսը իր ներդրումները մեկ տարում պիտի հետ բերեր, բայց նենց եք ներկայացնում, որ պիտի շնորհակալություն հայտնեք «Սեքյուրիթի դրիմին», որ եկել եւ աշխատում է»: Նկատենք, որ մինչ այդ փոխոստիկանապետն ասել էր, թե այդ ընկերությունը առ այսօր 80 խաչմերուկներում 391 տեսախցիկ է դրել, մոտ հարյուր արագաչափ, համակարգչային տեխնիկա, սերվեր եւ այլն, ու այս ամբողջ համակարգերը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են հանդիսանում, եւ ըստ պայմանագրի՝ «Սեքյուրիթի դրիմը» մինչեւ իր ներդրումների վերադարձը պետք է աշխատի 70/30 հարաբերակցությամբ (տուգանքներից եւ տույժերից ստացված գումարի 70%-ը ընկերությունն է ստանում, 30%-ը՝ ոստիկանությունը), իսկ ներդրումները վերադարձնելուց հետո՝ 50/50 հարաբերակցությամբ. «Բնական է, որ ներդրումների ռիսկը ընկերությունը վերցնում է իր վրա եւ պիտի շահույթ ստանա»:
Իսկ «Սեքյուրիթի դրիմի» տնօրեն Ալիկ Զաքարյանն էլ տեղեկացրել էր, որ իր ընկերությունը 407 աշխատակից ունի, որոնցից 21-ը՝ հաշմանդամ, սարքավորումները ներկրում է եվրոպական ընկերություններից, այս տարի Ամստերդամում իրենց ներկայացրած համակարգը ամենաբարձր գնահատականին է արժանացել, մինչ արագաչափեր եւ ստացիոնար տեսախցիկներ տեղադրելը, յոթ տարի համագործակցել են ոստիկանության հետ, ՃՈ 310 մեքենաները զինել են անվտանգության համակարգերով եւ տեսախցիկներով, եւ այլն, եւ այլն…
Այս թվերը մեր պատգամավորների վրա առանձնապես տպավորություն չթողեցին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, օրինակ, ասաց. «Ասում եք, թե այդ կազմակերպությունը մեծ ռիսկեր է վերցնում, փող աշխատելուց բացի այլ ռիսկ չեմ տեսել, եթե յոթանասուն տոկոս գերշահույթ ստանալը ռիսկ է, եկեք մեդալների մասին օրենքում փոփոխություն կատարենք, անձնազոհության մեդալով պարգեւատրենք այդ ընկերությանը»: Տիկին Զոհրաբյանը շեշտեց, որ իրեն չի հետաքրքրում, թե ո՞վ է կանգնած այդ կազմակերպության հետեւում, իրեն հետաքրքրում է այն, որ ուսումնասիրել է միջազգային փորձը եւ տեսել, որ չկա որեւէ երկիր, բացի Հայաստանից, որտեղ տուգանքները այդքան անհամաչափ լինեն ՀՀ քաղաքացու եկամուտների հետ»: Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ «Խախտումներ կան, որ ավելի բարձր պետք է լինեն տուգանքների չափերը, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն»:
Այս կապակցությամբ իր ամփոփիչ խոսքում փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը նախ հիշեցրեց, որ տուգանքների չափերը՝ մինչեւ արագաչափերի եւ տեսախցիկների տեղադրումը տարիներ շարունակ նույնն է եղել, ավելին, որոշ դեպքերում ՃՈ-ի նախաձեռնությամբ նվազել են, ինչ վերաբերում է համաչափությանը, ապա նա նշեց, որ եվրոպական երկրներում այն խախտման համար, որի համար Հայաստանում 60 հազար դրամ տուգանք է սահմանված, այնտեղ մի քանի հազար եվրո է նախատեսված: Ճիշտ է, նա նաեւ ընդունեց, որ կան որոշ դեպքեր, երբ կարելի է դիտարկել խախտման եւ դրա համար նախատեսված տուգանքի համաչափությունը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ