Նորածնային բաժանմունքի բուժքույրն այսօր մեղավոր ճանաչվեց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչի հետեւանքով հիվանդին պատճառվել է միջին ծանրության վնաս եւ դատապարտվեց տուգանքի՝ 100 000 ՀՀ դրամի չափով:
Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի նորածնային բաժանմունքի բուժքույր Մարինեն (անունը փոխված է) ԲԿ ընդունված Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակչուհի Տաթևիկի նկատմամբ ոչ պատշաճ կերպով է իրականացրել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Մասնավորապես՝ Տաթևիկը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին բժշկական կենտրոն է ընդունվել ծննդաբերելու նպատակով և նույն օրը՝ ժամը 21.25-ին, ծննդաբերել է տղա երեխա: Հետծննդաբերական շրջանը ևս նա անցկացրել է նույն հիվանդանոցում՝ գտնվելով հսկողության ներքո։ Սեպտեմբերի 5-ին նրա մոտ նկատվել է ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ կատարվել է ուլտրաձայնային հետազոտություն, իսկ բուժսպասարկում իրականացնող մասնագետների կողմից իրականացվել հակաբորբոքային բուժում և արգանդի կրճատմանն ուղղված գործողություններ: Արգանդի կրճատման համար բուժող բժշկի կողմից նշանակվել են ներարկումներ, որոնք իրականացրել է նորածնային բաժանմունքի բուժքույր Մարինեն, ով նշված օրը ներարկումը կատարել է ոչ ճիշտ, ինչի հետևանքով Տաթեւիկի մոտ առաջացել են բարդություններ՝ թարախակույտի և նստանյարդի ախտահարում: Բուժքույրը հետույքային շրջանում ճիշտ չի ընտրել ներարկման տեղակայումը ինչ հետևանքով Տաթևիկ Սիմոնյանի մոտ առաջացել է նյարդի վնասում: Կատարած արարքի համար բուժքրոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 –րդ հոդվածի 1-ին մասով:
Ամբաստանվող բուժքույրն այսօր դատարանում հայտարարեց, որ ընդունում է առաջադրված մեղադրանքը, զղջում՝ միջնորդելով կիրառել արագացված դատական քննության կարգ: 34- ամյա բուժքույրը դատարանին հայտնեց, որ ունի միջնակարգ մասնագիտական կրթություն, ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա:
Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում