Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործը գրավոր ապացույցների հետազոտման փուլում է

Ապրիլ 23,2014 20:01

Այսօր դատարանը հրապարակեց դատական նիստերին չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքները:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:

Այսօրվա դատական նիստի ընթացքում ընթերցվեցին դատակոչված, բայց  ՀՀ-ից բացակայելու պատճառով դատական նիստերին չներկայացած վկաներ Տիգրան Խլղաթյանի, Ազատ Խլղաթյանի եւ Հրանտ Ասլիկյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:

Վկա Տիգրան Խլղաթյանը նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ  դեպքի օրը զբաղված է եղել առօրյա գործերով, երեկոյան գնացել է  ռեստորան, քանի որ գիտեր, որ երեկոները հորեղբայրը ` Էդիկ Խլղաթյանը, այնտեղ է լինում:

Նա նաեւ նշել է, որ ինքը չի ճանաչում ոչ Սամվել Շարբաթյանին,  ոչ Արտակ եւ Արեն Վերանյաններին,  եւ ոչ էլ Սամվել Դիլոյանին:

«Ժամը 22-00-22:30-ի սահմաններում հասա ռեստորանի բակ, որտեղ կանգնած էր հորեղբորս մեքենան: Չեմ հիշում `այլ մեքենաներ կային, թե ոչ, ուշադիր չեմ եղել: Ես ճանաչում եմ ռեստորանի խոհարար Կարենին եւ մատուցողուհի Սիլվային, նրանք էլ ինձ են ճանաչում: Հասնելով ռեստորան` ես սովորականի նման հիմնական մուտքի մասով ներս մտա եւ տեսա, որ խոհարար Կարենը ջրով մի տարա ձեռքին խառնված մտավ մուտքի դռան դեմի սենյակ: Այնտեղ էլի երկու հոգի կային, բայց չեմ հիշում`ովքեր էին: Իմ հիշելով հորեղբայրս էր այնտեղ, միջանցքում ծխում էր, նրա դեմքից հասկացա, որ հուզված ու լարված էր: Հեռախոսը ձեռքին գնում-գալիս էր, ասում էր`էս ինչ եղավ շտապօգնությունը: Անմիջապես հասկացա, որ ինչ-որ բան է պատահել: Իմ նշած սենյակի մուտքի դռան մոտից տեսա, որ այնտեղ դրված մահճակալին արյունոտ դեմքով, մեջքի վրա մոտ 40-50 տարեկան տղամարդ է պառկած: Չեմ կարող ասել` մահացած էր, թե դեռ կենդանի էր, քանի որ առաջ չգնացի, բայց հաստատ ուշագնաց էր, չէր խոսում, ոչ մի շարժում չէր անում: Տեսա, որ ինչ-որ մեկը ջրի թրջոց էր պատրաստում, որ դնի նրա ճակատին: Այդ պահին ինքս անակնկալի եկա, տեսարանից վախեցա ու դուրս եկա ռեստորանից: Ընդհանուր խոսակցություններից հասկացա, որ կռիվ է եղել ու զանգահարեցի հորեղբորս տղա Ազատին, ասացի, որ շուտ գա ռեստորան: Այդ ընթացքում տեսա, որ իմ տարիքի մի տղա, որին չեմ ճանաչում, լացելով գնում-գալիս էր, որքան հասկացա` մեռնողի կամ քրոջ, կամ եղբոր տղան էր: Ինչ-որ զանգեր էր անում, հարցնում` ուր է շտապօգնությունը: Քիչ անց ուրիշ մարդիկ հավաքվեցին, եկավ նաեւ շտապօգնության մեքենան, գրեթե միեւնույն ժամանակ տեսա, որ մոտ  40 տարեկան մի կին աղմկելով ու լացելով, ախպեր ջան, էս ինչ եղավ արտահայտություններով, անեծքներով ներս ու դուրս էր անում: Այդ ամենից հաստատ համոզվեցի, որ սենյակում իմ տեսած մարդուն ծեծել, սպանել են: Թե ովքեր են սպանողները եղել, ես չգիտեմ: Այդ լացուկոծի մեջ նաեւ հավաքված մարդկանց խոսակցություններից հասկացա, որ մի քանի հոգով կռվել են տեսածս մարդու հետ, անուններ էին տալիս, բայց չեմ հիշում, ինձ ծանոթ մարդկանց անուն չէին տալիս:  Այդ ընթացքում մոտ 5- 10 րոպե բակում կանգնելուց հետո զգալով, որ իմ մնալը անիմաստ է, ոչ մեկի չեմ կարող օգնել, նստեցի իմ մեքենան ու վերադարձա տուն: Նշեմ, որ այդ իրարանցման մեջ Սիլվային չեմ տեսել, չեմ կարող ասել` նա այդտեղ եղել է, թե ոչ, բայց եթե այդտեղ լիներ, կարծում եմ` կտեսնեի: Մոռացա նաեւ նշել, որ հավաքված մարդկանց խոսակցություններից նաեւ հասկացա, որ կռվողները խմած են եղել, իրականում ես չգիտեմ, թե նրանք ինչո՞ւ են կռվել, ինչ պատճառով, այդ ամենը, ինչ պատմեցի, ինձ մոտ տպավորվել է հավաքված մարդկանց խոսակցություններից: Անձամբ ես ոչ ոքի բան չեմ հարցրել, Ազատին չեմ տեսել, չգիտեմ`նա այդտեղ եկել է, թե ոչ, քանի որ ինչպես նշեցի`մարդիկ էին հավաքվել ու խառը վիճակ էր: Նշեմ նաեւ, որ երբ շտապօգնության մեքենան եկավ, այդ ժամանակ ինձ պարզ դարձավ, որ իմ տեսած արյունոտ դեմքով մարդը մահացած էր»,-նշված է Տիգրան Խլղաթյանի նախաքննական ցուցմունքում:

Վկա Ազատ Խլղաթյանն իր նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ դեպքի օրը ժամը 22-ին հորեղբոր տղա Տիգրանը զանգել է իրեն եւ ասել` շուտ բարձրացիր ռեստորան, հարցին` ինչ է պատահել, հնչել է նույն հորդորը:

«Հասա ռեստորանի բակ, տեսա հորեղբորս տղա Տիգրանին, ռեստորանի աշխատող Կարենին, առանց որեւէ հարց ուղղելու նրանց` մտա ռեստորան, որի միջանցքում տեսա հորս ու մի երիտասարդ տղայի, որին չեմ ճանաչում: Նշեմ, որ ռեստորանի բակում կանգնած էր շտապօգնության ավտոմեքենան: Ռեստորանի ներսում տեսնելով հորս` նրան ոչինչ չհարցրի: Նա նշված տղայի հետ լուռ կանգնած էր: Նրանից փոքր-ինչ հեռու ռեստորանի աշխատողների սենյակն էր, որի դուռը բաց էր, ներսում էլ բժիշկներ էին: Ես, հորս առանց որեւէ բան հարցնելու, մոտեցա սենյակին եւ բաց դռնից տեսա, որ սենյակի դիվանին մարդ է պառկած, բժիշկները կողքը կանգնած էին: Դիվանին պառկածը տղամարդ էր, մեջքի վրա, որի դեմքը կապտած էր: Բժիշկներին հարցրի` ինչ է պատահել, ասացին` մահացել է: Մի քանի րոպե անց ոստիկանները եկան ռեստորան եւ ինձ բերեցին ոստիկանություն: Թե ռեստորանում ինչ է կատարվել`չգիտեմ, այլ բան չեմ կարող ավելացնել: Մահացած տղամարդուն չեմ ճանաչում, կլիներ 30-40 տարեկան: Նշեմ նաեւ, որ ռեստորանի միջանցքում կար նաեւ մի կին` 30-40 տարեկան, մուգ մազերով, նա կանգնած էր հորս հետ, 3-4 մետր հեռու ու  լաց էր լինում, այլ մարդու չեմ նկատել»,-ասված է վկա Ազատ Խլղաթյանի նախաքննական ցուցմունքում:

Դատավոր Նարինե Հովակիմյանը հրապարակեց նաեւ վկա Հրանտ Ասլիկյանի նախաքննական ցուցմունքը:

«Որքանով որ ես տեղյակ եմ, Սամվելը իմ աղջկանով հետաքրքրվող տղայի հետ առաջին անգամ զրուցել է նոյեմբերի 17-ին, պայմանավորվել է, որ Արտակը իմ աղջկան այլեւս չի անհանգստացնի: Հաջորդ օրը Արտակը նորից գնացել է Սամվելի մոտ, ով գիշերել էր «Մուշ» ռեստորանում, տեղյակ չեմ, թե նա ինչու է նորից հանդիպել Սամվելին, մանավանդ որ նախորդ օրը առաջացած հարցի շուրջ համաձայնության էին եկել: Բայց տեղյակ էի, որ նոյեմբերի 18-ին ցերեկվանից Արտակն իր ընկեր Դիլոյան Սամվելի հետ «Մուշ» ռեստորանում քեֆ են արել, Սամվել Շարբաթյանի, ինչպես  նաեւ  Էդիկ Խլղաթյանի հետ: Այդ ընթացքում կեսօրին Շարբաթյանը ռեստորան է կանչել որդուս, ով միացել է նրանց: Մինչեւ երեկո քեֆ են արել, խմել են ալկոհոլային խմիչքներ: Այդ ընթացքում նրանց է միացել նաեւ Արտակի եղբայրը`Արենը, ով որոշ ժամանակ անց լքել է նրանց: Չգիտեմ `ինչպես է ստացվել, խնջույքի ներկաներից մեկը, չգիտեմ ով, չգիտեմ ինչ պատճառով հայհոյել է, հետո մյուսներն էլ են հայհոյել, դարձել է վիճաբանություն, քաշքշուկ, ինչը կարճ ժամանակ անց շարունակվել է ռեստորանի բակում: Վիճել ու կռվել են մի կողմից Արտակն ու Սամվել Դիլոյանը, մյուս կողմից Շարբաթյան Սամվելը: Նշեմ, որ ես Սամվել Շարբաթյանի մոտ երբեք զենք չեմ տեսել, չեմ կարծում, որ նոյեմբերի 18-ին նրա մոտ զենք եղած լիներ: Նշեմ, որ վիճաբանության եւ քաշքշուկի ժամանակ, քանի որ Շարբաթյանը միայնակ է եղել, երկու հոգու դեմ չի կարողացել պաշտպանվել նրանց հարվածներից եւ բազմաթիվ հարվածներ ստանալով մարմնի տարբեր մասերի` դրանց հետեւանքով մահացել է:  Նշեմ նաեւ, որ ծեծկռտուքի ժամանակ Արտակին է միացել վերջինիս եղբայր Արենը, ով նրանց հետ Շարբաթյանին դաժանաբար ծեծի  են ենթարկել ու սպանել: Հասկանալով, որ Շարբաթյանը մահացած է` Արենը, Արտակը եւ Դիլոյանը փախել են դեպքի վայրից: Այս ամենը ես իմացել եմ որդուցս»,-նշված է վկայի նախաքննական ցուցմունքում:

Վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո  դատարանն անցավ գրավոր ապացույցների հետազոտման փուլին:

Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 8-ին:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930