Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու, բռնաբարելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանի դեմ գործով այսօր հարցաքննվեց ոստիկանություն հաղորդում տված վկան:
Ըստ վկա Գևորգ Ավագյանի, ով Ջրվեժում պարսպապատ հողամաս ունի, «առավոտ կանուխ» տեսել է տուժողին՝ դստեր հետ, ովքեր տնային շորերով էին, այլայլված ու լաց եղած: Տուժողը պատմել է, որ իրենց տանը գողությունից հետո իրենց առևանգել են, բեռնախցիկի մեջ մտցրել և խնդրել է օգնել իրենց, ինքը զանգահարել է ոստիկանություն:
Վկան նշեց նաև, որ իր մայրը առաջարկել է տուժողին նստել, սակայն վերջինս ասել է, որ չի կարող ու ձեռքերով դեմքը ծածկել ու լաց եղել, ինչից վկան հասկացել է, որ նրան բռնաբարել են: Նա տեղեկացել է նաև, որ տուժողի ու նրա դստեր աչքերին «գազ են փչել»:
Վկան մինչ այդ լսել է երկաթի դմփոց՝ «ոնց որ ձեռքերով խփես դռանը» ու երեխայի ձայնը՝ «մամա՛»: 70-80 մ հեռավորության վրա ինքը տեսել է «Մերսեդես» մակնիշի մեքենա, սակայն չի կարող պնդել, որ դա այն մեքենան է, որով տուժողին ու նրա դստերը առևանգել են, ըստ տուժողի, առևանգիչը «դեմքը փակած է եղել», սակայն նա ունեցել է բաց գույնի աչքեր:
Տուժողի գործընկերուհի Լենա Թաշչյանը հայտնեց, որ տեսել է տուժողի տունը խառնաշփոթ վիճակում, պատուհանը ջարդված էր, հեռուստացույցն էլ չկար, տուժողն ասել է իրեն, որ հեռուստացույցը գողացել են:
Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում