Հայ կոմպոզիտորների երգերը հնչեցին ֆրանսերենով հայ երգիչների շուրթերից
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 20-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագրում կայացավ համերգ՝ «Երաժշտությունը համախմբում է մեզ» կարգախոսով: Նախագիծը ԵՊՀ «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոնի ուսանողներինն էր, համերգի վարում էին Ավետ Բարսեղյանն ու Հայկ Պետրոսյանը, ովքեր երեկոյի ամբողջ ընթացքում սրամտեցին, կատակեցին՝ առավել հետաքրքիր դարձնելով ներկաների կիրակի երեկոն:
Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները արդեն ֆրանսերենով հանդիսատեսին մատուցեցին հայ կատարողներից Մխիթար Ավետիսյանը, Սրբուհի Սարգսյանը, Էմմա Ասատրյանը, Մոնիկա Մանուչարովան, Սոնա Շահգելդյանը, Նաիրա Մանուչարյանը, Սոնա Ռուբենյանը, Արմեն Վարդանյանը, Արթուր Ալեքն ու Սուսաննա Պետրոսյանը, Մաշա Մնջոյանը, Վարդան Բադալյանն ու Էմմա Պետրոսյանը, Նարեկ Մակարյանը, Իլոնան, Էրիկ Կարապետյանը, Հասմիկ Առաքելյանը, Հայկ Պետրոսյանը:
Համերգի կենդանի երաժշտությունը ապահովեց Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարարությամբ: Դահլիճում ներկա հայ անվանի կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրյանյանը, Արամ Սաթյանը եւ Մարտին Վարդազարյանը իրենց գործերի կատարման ժամանակ նվագակցեցին հայ երգիչներին:
ԵՊՀ «Մասս մեդիա» գիտ. կրթ. կենտրոնի ուսանող, համերգի բեմադրող ռեժիսոր Տարոն Կոխլիկյանը պատմեց, որ անցած տարվա դեկտեմբերն էր, երբ իր համակուրսեցին՝ Հասմիկ Առաքելյանը առաջարկեց միասին իրականացնել այս նախագիծը: «Ես միանգամից համաձայնեցի, քանի որ ի սկզբանե գիտեի՝ սա ինձ համար շատ մեծ փորձ է լինելու: Միասին կազմեցինք ծրագրի նախնական տարբերակը, ներկայացրինք «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոնի ղեկավարությանը: Ի ուրախություն մեզ, դրական պատասխան ստացանք: Հաջորդ քայլը՝ ծրագիրը ներկայացրինք «Հայկական Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպությանը, այստեղ ևս հավանության արժանացավ նախագիծը և այս կազմակերպության հետ միասին ծրագիրը բերեցինք վերջնական տեսքի»:
Նախաձեռնողների հաջորդ քայլը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը դիմելն էր. «Այն կանաչ լույսի պես մի բան էր մեզ համար: Այստեղ ոչ միայն հավանության արժանացրին ծրագիրը, այլ նաև աջակցեցին, որ այն ընդգրկվի Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի ծրագրում: Դեսպանատունը մեզ օգնեց նաև ֆինանսական մի քանի հարցեր լուծել: Ծրագրի իրականացմանն աջակցեցին նաև ՀՀ արտաքին գործերի և մշակույթի նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը: Այս շարքում հատուկ պետք է նշել Հանրային հեռուստաընկերության անունը, որ ոչ միայն մեզ օգնեց ինֆորմացիոն աջակցությամբ և համաձայնեց իր միջոցներով նկարահանել համերգը, այլ նաև ցանկացած խնդրի պարագայում մենք ազատ էինք դիմելու հեռուստաընկերության ղեկավարությանը և չկար մի հարց, որ լուծում չստանար Հանրային հեռուստաընկերությունում, որտեղ աշխատում են իսկապես մեծ պրոֆեսիոնալներ»,- պատմում է Տարոն Կոխլիկյանը:
Երգիչների ընտրությունը մեծ մասամբ եղել է ծրագրի հեղինակինը՝ Հասմիկ Առաքելյանինը, ով խոհրդակցել է կոմպոզիտորների հետ, ում երգերը պետք է հնչեին բեմից: Երաժշտական հարցերում օգնել է մաեստրո Երվանդ Երզնկյանը, ով, ըստ մեր զրուցակցի, հրաշալի կարողանում է աշխատել երիտասարդների հետ, լսել նրանց, ընդունել գաղափարները: «Ինչ վերաբում է կատարողներին, մեր բախտը պարզապես բերեց, քանի որ հավաքվեց երգիչների մի թիմ, որ տաղանդավոր լինելուց բացի, նաև շատ լավ մարդիկ են, ինչը մեզ համար իսկապես կարևոր էր, քանի որ սա թե՛ իմ, թե՛ Հասմիկի առաջին մեծ փորձն էր»,- ասում է համերգի բեմադրող ռեժիսորը:
Խոսելով համերգի հաղորդավար «արական դուետի»՝ Ավետ Բարսեղյանի եւ Հայկ Պետրոսյանի մասին՝ Տարոնն ասում է. «Շատ են հարցնում, թե ինչու ընտրեցինք այս տարբերակը: Այս հարցի պատասխանը հետևյալն է. ծրագիրն իր ձևաչափով նոր էր, առաջին անգամ էր, երբ հայ կոմպոզիտորների երգերը պետք է հնչեին ֆրանսերենով, հետևաբար հաղորդավարների ընտրության հարցում ևս պետք է նորարարություն անեինք, ինչը դատելով հանդիսատեսի արձագանքից ստացվեց: Իսկ թե ինչո՞ւ հենց Ավետ Բարսեղյան և Հայկ Պետրոսյան հաղորդավարական զույգը, ասեմ, որ մենք երկրորդ տարբերակը չենք էլ քննարկել. Ավետ Բարսեղյանին որպես պրոֆեսիոնալ բոլորս գիտեք, իսկ Հայկին, որպես դերասան, մի քանի անգամ առիթ եղել էր տեսնելու բեմի վրա, գիտեինք նաև, որ նա հրաշալի երգում է ու լավ գիտի ֆրանսերեն, ինչ այս համերգի համար շատ կարևոր էր: Բայց պետք է նաև խոստովանեմ, որ Հայկի պարագայում մի փոքր մտավախություն ունեինք, որ նա կարող է չհամաձայնել՝ հաշվի առնելով բոլորիս հայտնի պատճառները: Սակայն Հայկը մեծ կամքի ուժ ունի, նա մեծատառով մարդ է ու արտիստ, ում հետ կարծում եմ էլի առիթ կլինի աշխատելու»:
Տարոնը նկատում է՝ հայ մեծատաղանդ կոմպոզիտորների գործերը ֆրանսերենով ներկայացնելը ևս մեկ հրաշալի առիթ էր վերաարժեւորվելու դրանք: Հայկական մեզ ծանոթ հնչյունները մեկնաբանվեցին ֆրանսերենով՝ շարունակելով հարազատ մնալ մեզ, միեւնույն ժամանակ գերելով դահլիճում գտնվող ֆրանսախոս հանդիսատեսին. «Սրանք պատահական խոսքեր չեն, շուտով այս նախագիծը կունենա իր շարունակությունը»,- ասում է սկսնակ ռեժիսորը եւ խոստովանում՝ իր համար շատ մեծ փորձառություն էր այս ծրագիրը:
«Թե՛ ես, թե՛ Հասմիկը անում էինք, ոչ միայն մեր հիմնական աշխատանքն այս նախագծում, այլ նաև պրոդյուսերի աշխատանք, ինչն իսկապես շատ դժվար ու շատ հետաքրքիր էր: Բայց պետք է նշեմ, որ այնուամենայնիվ, եթե ևս մեկ նման մեծամասշտաբ միջոցառում կազմակերպենք, նախ և առաջ պետք է գտնենք լավ կազմակերպիչ, որպեսզի մենք էլ կարողանանք մեր մասնագիտական աշխատանքն անել շատ ավելի լավ և մեր մասին խոսելիս հենց այդ լինի առաջին պլանում»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հրապարակման մեջ օգտագործվել է լուսանկար Bravo.am-ից