Լրահոս
Օրվա լրահոսը

Ադնան Գենջ. «Եթե թուրքական կառավարությունը բացի դռները`հասարակությունը կընդունի»

Ապրիլ 23,2014 17:52

Իսլամացված համշենահայ Ադնան Գենջը գտնում է, որ Թուրքիայում գործող քաղաքական կուսակցությունները խոսելով նախորդ դարասկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին`պետք է նաեւ հասարակությանը իրականությունը ներկայացնեն:

Թուրքիայի կանաչների միության անդամը Երեւանում է գտնվում «Արեւմտահայոց Ազգային Համագումարի» եւ «Արեւմտահայոց ժառանգների Միության» կազմակերպած «Արդարության հեռանկարներ Արեւմտահայոց համար» խորագրով կլոր սեղանին մասնակցելու նպատակով:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայոց հարցի լուծման հեռանկարներին`Թուրքիայի քաղաքական կուսակցությունների ակնոցով, նա նկատեց, որ կուսակցությունների հիմնական խնդիրն այս փուլում պետք է լինի ոչ միայն մարդկանց տեղեկացնելը, այլ նաեւ նրանց խղճի արթնացումը:

«Մարդիկ պատմություն չգիտեն եւ չեն ցանկանում սովորել»,- ասաց մեր զրուցակիցը`զարմանքով հիշելով մի քննարկում, որը վերաբերել է 1905 թվականին Ադանայում տեղի ունեցած կոտորածներին եւ դրան ներկա սոցիալիստ-ադանացի իրենց գործընկերները հարցրել են`իսկ ի՞նչ է տեղի ունեցել 1905 թվականին:

«Բոլոր այն հայերին, որոնց նախնիներն ապրել են այդ հողի վրա, նաեւ սփյուռքի ներկայացուցիչ հայերին, պետք է տերիտորիալ քաղաքացիներ դարձնենք: Ես իսլամացված համշենահայ եմ, բայց իմ լեզուն չգիտեմ: Այն եկեղեցիները, որոնք դեռ կան, չպետք է թանգարաններ դառնան, նրանք պետք է գործող եկեղեցի դառնան»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ Թուրքիայում այդ հարցերի մասին այսօր իրենք ազատ խոսում են, քանի որ դեմոկրատիայի համար պայքարը դեմոկրատիայի համար պայքար է:

Նա կարեւորում է այն, որ վերջին շրջանում հայ համայնքի ներկայացուցիչներն ընդգրկվում են տեղական ինքնակառավարման մարմիններում, անգամ նախարարի թեկնածուներ են ունեցել Անատոլիայում եւ Թուրքիայի Արեւելյան հատվածներում: Ի դեպ, նախընտրական պաստառներն էլ հայաբնակ վայրերում հայերենով են եղել:

Հայ-թուրքական արձանագրություններին էլ անդրադառնալով` Ադնան Գենջը պատկերավոր համեմատություն արեց. «Երեք անգամ փակ դուռ»: Արձանագրությունների նման վախճանը նա համարում է ադրբեջանական գազի ճնշումը Թուրքիայի կառավարության վրա: Նկատենք, որ Ադրբեջանը Թուրքիային բավական էժան գներով գազ է վաճառում: «Ադրբեջանական կառավարությանը Թուրքիան չի սիրում, սակայն, գոյություն ունի մի թեզ`«երկու պետություն`մեկ ազգ», որը թուրքերին եւ ադրբեջանցիներին է վերաբերվում»,- կարծում է մեր զրուցակիցը` հավելելով, որ անկախ ամեն ինչից հայ-թուրքական սահմանը բացելու փորձեր պետք է լինեն, ինչը կնպաստի նաեւ նրան, որ ժողովուրդները միմյանց ճանաչեն. «Թուրքիայում մթնոլորտը նպաստավոր է հարաբերությունների ստեղծման համար, քանի որ կա այնպիսի կառավարություն, որին ժողովուրդը մեծամասամբ կողմ է: Եթե թուրքական կառավարությունը բացի դռները`հասարակությունը կընդունի: Մեր`ձախակողմյաններիս ջանքերը բավարար չեն, անհրաժեշտ է, որ իսլամիստներն էլ ներգրավվեն այդ գործընթացում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930