Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միայն ապրիլի 24-ին ենք հիշում մեր ազգի ցավը». Ջիվան Գասպարյան

Ապրիլ 23,2014 17:48

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում այսօր կայացավ կրտսեր Ջիվան Գասպարյանի նոր ստեղծագործության շնորհանդեսը, որը հեղինակը նվիրում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Լինելով հայ երիտասարդ սերնդի ներկայացուցիչ՝ ես ինձ պարտավորված էի զգում անել մի բան, որն ինչ-որ չափով կնպաստի մեր ազգային ողբերգության առավել հանրայնացմանը: Եվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ պիտի օգտագործի Հայոց ցեղասպանությունն աշխարհին ներկայացնելու, դրա շուրջ աղմուկ բարձրացնելու հնարավորությունը»,- ասում է երիտասարդ դուդուկահարը:

Նրա համոզմամբ՝ եթե մենք ուզում ենք, որ թեկուզ հենց Թուրքիան՝ մարդկության դեմ այդ մեղքը գործած պետությունը, ընդունի Ցեղասպանությունը, մենք պետք է տարվա մեջ ոչ թե մեկ օր, այլ տասներկու ամիս հիշենք դրա մասին. «Որովհետև, ինչպես ես եմ նկատել, ամեն տարի միայն ապրիլի 24-ին է, որ բոլոր հայերը միասին ոտքի են կանգնում ու հիշում մեր ազգի ցավը: Այսինքն, կոպիտ ասած, մենք 99 անգամ ենք նշել այս ողբերգությունը,- ասաց Ջ. Գասպարյանը:

Ինչ վերաբերում է ստեղծագործությանը, դուդուկահարն ասաց, որ գաղափարն իրենն է եղել, և շուրջ երկու ամսվա աշխատանքի արդյունք է: Գործիքավորումը կատարել է Արսեն Թովմասյանը, իսկ տեսահոլովակը նկարել է Արսեն Երեմյանը:

«Ես կարծում եմ, որ բոլոր երաժիշտները, որոնք ինչ-որ տեսահոլովակներ են նկարահանում «իրենց համար», այսինքն՝ որ մարդիկ իրենց ճանաչեն, պետք է նաև այսպիսի մի բան անեն, որպեսզի զգան, որ իրենք էլ են մասնակցում դրան: Միայն փողոց դուրս գալով, «բունտ անելով» չէ, մենք այլ ձևերով պիտի ապացուցենք, որ հին ազգ ենք և որպես ազգ՝ մեծություն ենք, ապացուցենք, որ իրոք եղել է այն, ինչ որ եղել է, մենք դա մեզնից չենք հնարում»,- ասաց Ջ. Գասպարյանը և տեղեկացրեց, որ շատ շուտով տեսահոլովակը կուղարկեն Ռուսաստան, ԱՄՆ և այլ երկրներ, որոնց հետ արդեն պայմանավորվածություն ունեն, որպեսզի նրանց հեռուստաալիքներով ցուցադրվի:

Երիտասարդ դուդուկահարը նկատեց, որ Ցեղասպանության հանրայնացման գործում միշտ էլ որոշակի քայլեր արվել են իրենց կողմից. «Պապիկիս հետ մենք մեր երաժշտական խմբով աշխարհով մեկ շրջագայում ենք, և ամեն մի համերգից առաջ կամ դրա ընթացքում անպայման շեշտվում է Հայոց ցեղասպանության հարցը՝ տարբեր երկրներում և տարբեր ազգերի մոտ: Բայց որոշել ենք եկող տարի դրսի երաժիշտների հետ մի երգ ներկայացնել: Երաժիշտներ, որոնք իրենց խոսքն ասել են աշխարհին, և, բնականաբար, նրանց խոսքն ավելի բարձր կհնչի, քան մերը»,- ասաց նա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել