ՀՀԿ գրասենյակի դիմաց այսօր ազատամարտիկներն անցկացրին իրենց ժողովը՝ իշխանություններին սպառնալով, որ եթե մինչեւ մայիսի ինը ազատ չարձակվեն իրենց ընկերներ Շանթ Հարությունյանը, Վոլոդյա Ավետիսյանը ու մյուս քաղբանտարկյալները, իրենք կդիմեն ծայրահեղ միջոցների:
Նրանք նաեւ սպառնացին, որ իրենց դահլիճ տրամադրելու հարցում ցանկացած խոչընդոտ լուրջ հակահարվածի է արժանանալու, փակելու են փողոցները, կաթվածահար են անելու Երեւանը:
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն ասաց, որ իրենց հաջորդ ժողովն անելու են Մելիք Ադամյանի նիստերի դահլիճում. «Ու թող իշխանությունները սա ի գիտություն ընդունեն, որ տարբեր պատճառաբանություններով չմերժեն դահլիճի տրամադրումը»:
Սուրեն Սարգսյանը վերջում ազատամարտիկներին նաեւ ասաց, որ վաղվանից դրամահավաք են սկսելու, որ օգնեն իրենց մարտական ընկերոջ՝ Սուսաննա Մարգարյանի 20.000 դրամ տուգանքը վճարելու:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ օրեր առաջ կառավարության շենքի դիմաց մուկ ու կատու տանելու եւ բաց թողնելու համար, տիկին Մարգարյանին վարչական պատասխանատվության են ենթարկել:
«Վաղվանից մի հատ դույլ ենք դնում՝ վրան գրված է՝ մկան հախը. տասը դրամներ ենք գցում, որ 20.000 դրամը հավաքենք, հետո կտանենք ընդհանուր կվճարենք, դա մկան փողն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ