Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովն ընդունեց Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Ապրիլ 23,2014 17:38

ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 23-ին ընդունեց Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրեց, որ վերջին տարիներին նշանակալից առաջընթաց է արձանագրվել Հայաստան-Լիտվա հարաբերություններում, և հույս հայտնեց, որ ամեն ինչ կարվի երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար:

Նրա գնահատմամբ երկու պետություններին ու ժողովուրդներին ավելի են մերձեցնում արժեհամակարգային ընդհանրությունները. պատահական չէ, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, և մերձբալթյան երկրներից միակն է, որ ճանաչել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:

Էդուարդ Շարմազանովը երկկողմ հարաբերությունների զարգացումը պայմանավորեց նաև ԵՄ-ին Լիտվայի անդամակցությամբ և Հայաստանի եվրաինտեգրման գործում ներդրած նրա ջանքերով: Նա հավաստիացրեց, որ Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը աշխարհաքաղաքական իրողություններով ու ազգային շահերով է պայմանավորված, ինչը երբեք խոչընդոտ չի կարող լինել ԵՄ-Հայաստան երկխոսության համար:

Էդուարդ Շարմազանովը կարևորեց հայ-լիտվական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը: Նա շնորհակալություն հայտնեց Լիտվայի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ցուցաբերած հավասարակշռված մոտեցման և Մինսկի խմբի գործունեությանն աջակցելու համար:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումներին՝ ասելով. «Մեր ժողովրդի հանդեպ գործած այդ ոճիրը պետք է սթափեցնի համայն մարդկությանը: Բոլորը պետք է ճանաչեն այն՝ նման եղեռնագործություններ թույլ չտալու համար: Ցեղասպանությունը չդատապարտելը գրեթե հավասարազոր է խրախուսելուն»:

Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասը խոսեց հայ-լիտվական հարաբերությունների զարգացման հնարավորությունների, հեռանկարների, մասնավորապես ռազմական համագործակցության մասին և հավաստիացրեց, որ Լիտվան հասկանում և սատարում է Հայաստանի խաղաղության ու կայունության ձգտումը և միշտ պատրաստ է աջակցելու Հայաստանի ժողովրդավարացմանն ու եվրաինտեգրմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ԱԺ մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930