Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը ապրիլի 19-ին վճռել է Դիլիջան քաղաքի բնակչուհի, 1996թ. ապրիլի 24-ին ծնված աղջկան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Սուտ մատնությունը, որ զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով») եւ նրան դատապարտել 1 տարվա ազատազրկման:
Դատարանը վճռել է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան նշանակելով 1 տարի ժամկետով:
Մինչ Բերդ քաղաքում դատաքննության սկսվելը աղջիկը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Անչափահասը 2013թ. նոյեմբերի 15-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հայտնել է կեղծ տեղեկատվություն, որ իր ծանոթ, համաքաղաքացի Գ. Ս.-ն 2013թ. ապրիլի 28-ին Երեւան քաղաքի Դավիթաշեն թաղամասի «ԷՍ ՎԵ» հյուրանոցային համալիրում բռնություն գործադրելով, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Ըստ «Դատալեքս» կայքի՝ Գ.Ս.-ն հերքել է աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալը, նշելով, որ նման բան երբեւէ չի եղել:
Կարդացեք նաև
2013թ. նոյեմբերի 25-ին աղջիկը ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նախ դիմում է ներկայացրել, հետո նաեւ նույնաբովանդակ բացատրություն է տվել այն մասին, որ Գ. Ս.-ի հետ ինքը սեռական հարաբերություն է ունեցել իր կամքով եւ ցանկությամբ:
Ի դեպ, 33-ամյա տղամարդն ամուսնացած է: Մեր տեղեկություններով՝ աղջիկը զուրկ է եղել հայրական խնամքից, մայրն էլ Ռուսաստան աշխատանքի է եղել, անչափահասը գտնվել է պապի եւ տատի հսկողության տակ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ