Վերջին երկու օրերին մի խումբ ազատամարտիկներ դժգոհում են, թե ցանկանում են մեկնել Քեսաբ` օգնելու մեր հայրենակիցներին, սակայն ԱԱԾ-ն իրենց թույլ չի տալիս մեկնել Բեյրութ:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ազատամարտիկների հինգ հոգուց բաղկացած առաջին խումբը փորձեց Երևանի օդանավակայանից մեկնել Բեյրութ, որտեղից պետք է ուղևորվեր Լաթաքիայում ապաստանած քեսաբահայության մոտ: Սակայն նրանց ընթացքը կասեցվել է: Անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել, որ նրանք նստեն օդանավ:
Այն, որ ցանկություն կա մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնել, հասկանալի է ու փաստ, բայց մյուս կողմից մտահոգություններ կան, որ ցանկացած նման նախաձեռնություն կամ հայտարարություն դիտվում է որպես Բաշար Ալ Ասադին պաշտպանության քայլ, և դրանց հաջորդում են ռմբակոծություններ Սիրիայի հայկական տարածքների վրա:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այս դիտարկմանը «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստի մայոր Պավել Մանուկյանն այսպես արձագանքեց. «Մենք գնում էինք ոչ թե Դամասկոս կամ Հալեպ, այլ մենք գնում էինք ազատագրելու հայկական տարածքը, որտեղ քեսաբահայությունը հազարամյակներ այնտեղ ապրում է, մաս են կազմում Կիլիկիայի: Նման հայտարարություններ անում էին նաև արցախյան պատերազմի ժամանակ, երբ ռուս սահմանապահները թույլ չէին տալիս մեկնել, հիշում եմ, թե ինչ զարտուղի ճանապարհներով էինք հասնում Արցախ: Աշխարհը գիտի, որ մենք վարձկաններ չենք, այլ գնում էինք կանգնելու մեր հայրենակիցների կողքին: Այնտեղ ամեն ինչ կոորդինացված էր, մեր անհրաժեշտությունը առաջացավ, մենք այնտեղ պիտի գնայինք, մեր ընկերներից մի քանիսն էլ այնտեղ են: Մենք չէինք գնում դիմություն կամ ընդդիմություն խաղալու: Ընդամենը մեր նպատակն այն էր, որ երկրորդ անգամ էլ այս ժողովուրդը չարժանանա յաթաղանին: Եթե հիմա մենք քայլ չանենք, Սփյուռքն էլ կհիասթափվի»:
Aravot.am-ը այս առիթով զրուցեց քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանի հետ: Նա նշեց. «Հստակ տվյալներ չունեմ, արդյոք այստեղի հայտարարություններն այնտեղ ռմբակոծություններ են առաջացնում, թե` ոչ: Բայց հավանականությունը մեծ է, որ ցանկացած անզգույշ ասված խոսք Հայաստանում կամ ՀՀ-ից դուրս կարող է բացասաբար անդրադառնալ ընդհանրապես հայերի վրա: Այս պահի դրությամբ ինչ որ այնտեղ արվում է, Ասադի կառավարական զորքը ինչ անում է, եթե ինչ- որ մեկը շատ է ուզում միանալ դրան` թողած ՀՀ սահմանը, գնալ մասնակցել, ինքը կարող է դա անել առանց աղմուկի և հեռուստատեսային կամերաների»:
Մեր հարցին` արդյոք քեսաբահայերի խնդիրը ոչ թե մեր, այլ Սիրիայի խնդիրն է, քանի որ պատերազմը այդ երկրում է, Կարեն Վրթանեսյանն այսպես պատասխանեց. «Մեր խնդիրն է այնքանով, որ այնտեղ մեր հայրենակիցներն են ու մեր հայրենակիցների խնդիրները աշխարհի ցանկացած կետում ինչ-որ չափով հայկական պետության խնդիրն է: Չեմ կարծում, որ այդ խնդիրը լուծվում է շոուներով ու հայտարարություններով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Թե քարոզչության ինչ ոլորտ է հետազոտում Կարեն Վրթանեսյանը և ինչ մեթոդներով, մեծամասամբ հայտնի չէ։ Տնաբույծ հետազոտողը անտեղյակ անտեղյակ ինչ որ մտքեր է հայտնում անզգույշ ասվող խոսքերի մասին, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ հայերի վրա այն դեպքում, երբ հայկական գեհենի հիմնական պատճառը անզգույշ խոսքերը չեն եղել, այլ շատ զգուշավոր ստրուկները։