Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք մտավորականն իր երկրի արտգործնախարարին կփոխանցի հայերի պահանջները

Ապրիլ 23,2014 16:54

Թուրքիայում`որոշ պողոտաներին Էնվերի եւ Թալեաթի անունները տալը, թուրք մտավորական, Կանաչների կուսակցության հիմնադիր Ուֆուք Ուրասը համարում է, որ մեծ նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների հարցում, քանզի դա մտածելակերպ է:

Թուրք մտավորականն այսօր Երեւանում`«Արեւմտահայոց Ազգային Համագումարի» եւ «Արեւմտահայոց ժառանգների Միության» կազմակերպած «Արդարության հեռանկարներ Արեւմտահայոց համար» խորագրով կլոր սեղանի ժամանակ ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր պատկերացումներն ու տեսլականը`եզրահանգեց. «Ներելու համար անհրաժեշտ է հիշողությունը թարմ պահել»:

Նա ընդգրկված է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ասում է, որ այնտեղ գոյություն ունեն`«հայկական թեզ» եւ «թուրքական թեզ»: Իբրեւ թուրք ինքն իր կարծիքը հայտնել է այնտեղ` նման բաժանում գիտական դաշտում գոյություն ունենալ չի կարող ու գտնում է, որ այդ բաժանումը վերացնելու համար նպաստավոր պայմաններ կան:

Թուրք մտավորականը հայտարարեց, որ Թուրքիա վերադառնալուն պես անպայման խոսելու է իր երկրի արտգործնախարարի հետ`ներկայացնելու համար իր երեւանյան հանդիպումներից ստացած տպավորությունները, հայերի պահանջները: Նա իր երկրի վարչապետի հետ մի առիթով զրույցում էլ ասել է, որ այդ տարիներին տեղի ունեցած կոտորածները «մեր բոլորի ընդհանուր ցավն են»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ըստ թուրք մտավորականի, քեմալական եւ իթիական ավանդությունից չի գալիս, հետեւաբար, ավելի բծախնդիր է այս հարցում. «Սակայն, քանի որ Թուրքիան մոտենում է ընտրություններին, հետեւաբար, ազգայնական մոտեցումները նույնպես շատանում են այս հարցում»:

Նա սխալ է համարում 1918 թվականին տեղի ունեցածը վերագրել 1915-ի դեպքերին հետեւած անհրաժեշտություն կամ դրան հակադրելը`Թուրքիայի`երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ մտնելը: Նա նկատում է, որ երբ Թուրքիայում անկեղծորեն ներկայացվում է պատմական ողջ իրողությունը` ամենաազգայնական եւ ֆաշիստ մարդկանց մոտ հարցական նշաններ են առաջանում. «Միշտ պետք է ուշադրություն դարձնել Թուրքիայի լուսավոր կետին, որպեսզի պատասխաններ կարողանանք ստանալ: Այս պայքարը ոչ միայն հայերի համար է, այլեւ դեմոկրատիայի եւ արդարության»:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ իր խոսքում նկատեց, որ Թուրքիայի հանրապետության բարձրագույն ղեկավարները նույնպես որդեգրեցին եւ իրականացրեցին երիտթուրքական մտածողությամբ քաղաքականություն, այդ իսկ պատճառով Թուրքիայում ազգային փոքրամասնություններ ճանաչված հայերին ու հույներին տրված իրավունքներն այդպես էլ թղթի վրա մնացին:

Շարունակվեց նաեւ երիտթուրքական հալածանքների քաղաքականությունը: Դրա հետեւանքներից մեկը թուրքագետը համարում է նաեւ այսօր Ստամբուլի հայկական դպրոցների թվի նվազումը: Դրանք պակասել են շուրջ չորս անգամ`1930-ականների հետ համեմատած:

Իսկ լեզվական խնդիրների մասին, ասաց, որ թուրքական պետության իրականացրած «Հայրենակից թուրքերեն խոսիր» ծրագիրը, որի շրջանակներում ազգայնամոլ երիտասարդները հայաբնակ, հունաբնակ թաղամասերում շրջելով արգելում էին խոսել իրենց լեզվով`հակառակ դեպքում անցնում էին ֆիզիկական ճնշումների, հետզհետե մոռացության մատնեց հայերենն ու հունարենը:

Թուրքագետն անդրադարձավ Թուրքիայի հալածանքի քաղաքականության այլ տարրերի էլ`փաստելով, որ հետագայում էլ արեւմտահայության բեկորները եղել են թուրքական քաղաքականության թիրախ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930