«Վաչե Ամարյանի այլանդակ երաժշտության փոխարեն մեջտեղ դրե՛ք Գուսան Հայկազունու երգը եւ տեսեք ազգն ինչպե՞ս է ոտքի կանգնում»,- այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
Նրա խոսքերով՝ պետք է ժողովրդի մեջ հայրենասիրական ոգին արթնացվի, եւ պետք է քարոզի միջոցով ներկայացնել այնպիսի երաժիշտներին, ինչպիսին է Տիգրան Մանսուրյանը. «Ոչ թե Նունե Եսայանը150 հազար դոլար ստանա մի ժամ անմակարդակ երգելու համար, այլ այդ միջոցներն հատկացվեն ժողովրդի բարոյական դաստիարակությանը: Մեր երաժշտական արվեստում այս անկումային տրամադրությունները, այս թեթեւամիտ ժամանցային անհեթեթությունները կատարելու փոխարեն՝ գնանք դեպի բարձր երաժշտություն»:
Աբգար Ափինյանը թարգմանական գրականությունը համարում է ժամանակակից գրականության ամենացավոտ կողմը, քանի որ ճիշտ գրքեր չեն թարգմանվում, չկա թարգմանական ծրագիր: Նրա կարծիքով՝ այսպես մենք աշխարհի հետ կապը կտրել ենք. աշխարհը մեզ չի ճանաչում, մենք էլ աշխարհին. «Թարգմանական գրականությունը, ոչ թե նրա համար է, որ մենք Մարկես թարգմանենք միայն, այդպես չէ: Այսօր մենք ունենք ազգային խնդիր, եւ թարգմանական գրականությունը Երեւանի գրողների միությունն առաջարկում է ծառայեցնել ազգային խնդիրներին, ոչ թե թարգմանենք թարգմանելու համար. Աշխարհում հայտնի Պաուլո Կոելիո կա, մենք էլ թարգմանենք, չէ՛»:
Անդրադառնալով հասարակական շարժումներին՝ պարոն Ափինյանը նշեց, որ հիացած է հայ բնապահպաններով, եւ համարում է, որ շարժումը չպետք է մարի եւ հզորանա այն աստիճան, որ ով էլ լինի բնապահպանության նախարարը, պետք է խոնարհվի այդ երիտասարդների առաջ, քանի որ նրանք փրկեցին Թռչկանը. «Թռչկանը թողնեին, սրանք ավիրելու էին նաեւ Թռչկանը, Հայաստանի գանձն է Թռչկանը, իրենք փրկեցին: «Դեմ եմ» շարժումը ճշմարտագույն շարժումն է, մենք պետք է օգնենք, որ բարձրանա: Եթե մենք հասարակական սեկտորը ակտիվ պահենք, քիչ նշանակություն կունենա, թե ո՞վ է նախարարը»:
Կարդացեք նաև
Բանախոսը խոսեց նաեւ Հասմիկ Պողոսյանի՝ Մշակույթի նախարար նշանակման մասին, ասելով, որ պետք է օգնենք նրան բարեկամական քննադատություններով եւ բացականչեց, որ պետք չէ թշնամանքով տալ Հասմիկ Պողոսյանի անունը. «Օգնե՛նք աչալուրջ եւ քննադատական հայացքի ներքո, որ մեր կառավարությունը ճիշտ աշխատի: Հովիկ Աբրահամյանը կարող է լավ աշխատել, միանգամից չմերժենք այդ մարդկանց, բայց եթե այդ մարդիկ տեսնեն՝ իրենց առջեւ խոնարհ եզների վիճակն ավելի վատ է լինելու, քան առաջ էր»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ