Ապրիլի 24-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հրավիրյալ դիրիժոր Լիոր Շամբադալի ղեկավարությամբ, հանդես կգա համերգով՝ նվիրված 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Նախորդ տարիներին տեղի ունեցած համերգները բացառապես անվճար էին եւ մուտքը ազատ, սակայն այս տարի համերգի մուտքը կլինի տոմսերով, իսկ համերգից ստացված հասույթը ուղղված կլինի Քեսաբի հայ համայնքի օգնությանը:
Համերգի ժամանակ հնչելու է Մոցարտի Ռեքվիեմը, որը կներկայացնեն «Հովեր» կամերային եւ Հայաստանի պետական կամերային երգչախմբերը, սոպրանո Իրինա Զաքյանը, մեցցո սոպրանո Քրիստինե Սահակյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը եւ այլք:
Բարեգործական համերգի ժամանակ տեղի կունենա ժամանակակից կոմպոզիտոր Աննա Սեգալի ՝ սիմֆոնիկ նվագախմբի եւ ասմունքողի համար գրված «Կոլաժ՝ Սերգեյ Փարաջանովին» ստեղծագործության պրեմիերան, որը նվիրված է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբին:
Կարդացեք նաև
Համերգի դիրիժոր Լիոր Շամբադալը լրագրողներին պատմեց, որ Մոցարտի Ռեքվիեմը հատուկ է ընտրված այդ օրը հնչեցնելու համար: «Մոցարտի Ռեքվիեմը պատկանում է բոլոր ժողովուրդներին: Չգիտեմ Աստված, թե Մոցարտն է ստեղծել Ռեքվիեմը, սակայն դա է այն միջոցը, որը մենք ընտրել ենք , որպեսզի արտահայտենք մեր խոսքը տեղի ունեցածի վերաբերյալ»:
Դիրիժորը հայտնեց, որ արդեն երկրորդ անգամ է համերգով հանդես գալիս Հայաստանում: «Միշտ հիանում եմ, որ չնայած այն հանգամանքին, որ հայ ժողովուրդը բազմաթիվ տառապանքների միջով է անցել, մարդիկ միեւնույն է, բարի եւ ուրախ են այստեղ»:
Լիոր Շամբադալը ասաց, որ ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար շատ կարեւոր օր է. «Հայ ժողովրդի կյանքում տեղի է ունեցել նման սարսափելի իրադարձություն եւ ահա այս տարի էլ նման դեպքեր կատարվեցին Սիրիայում»:
Կոմպոզիտոր Աննա Սեգալը խոսելով իր ստեղծագործության մասին, որն առաջին անգամ ներկայացնելու է համերգի ժամանակ՝ ասաց, որ անցյալ տարի համերգից հետո ինքը այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան եւ մեծ տպավորություն ստացած, միանգամից սկսել է գրել «Կոլաժ՝ Սերգեյ Փարաջանովին» ստեղծագործությունը: «Կոլաժը Փարաջանովի սիրած մեթոդն է, իսկ իմ կոլաժը՝ Փարաջանովի երաժշտության եւ հիշողությունների խառնուրդն է»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ