Այսօր մեր հասարակության զգալի հատվածին հուզող կարևորագույն խնդիրներից մեկը այսպես կոչված կենսաթոշակային բարեփոխումներն են ու դրանց շուրջ ստեղծված կացությունը: Լինելով Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել նաև իմ տեսակետն այս հարցի առնչությամբ, քանի որ ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ որևէ կուսակցության մեջ բազմակարծության բացակայությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Առավել ևս, որ իմ խորին համոզմամբ, նման նախաձեռնության հիմքերը որևէ ուղղակի կապ չունեն ոչ կուսակցության, ոչ նրա ընդհանուր սկզբունքների հետ: Մյուս կողմից որևէ որոշում կամ քայլ դոգմատիկ չէ, ուստի միշտ էլ կարելի է շտկել:
Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել կառավարության և նորանշանակ վարչապետի օպերատիվ արձագանքը, այն է՝ ընդունել օրինագիծ, որով կկասեցվի տույժերի հաշվարկը: Այդուամենայնիվ, կարծում եմ, որ մենք պարտավոր ենք հետագայում, հատկապես օրինագիծը Սահմանադրական դատարանի որոշմանը համապատասխանեցնելու գործընթացում, զերծ մնալ աճպարարություններից և «ձախ ձեռքով աջ ականջը քորելու» գործելաոճից: Իմ խորին համոզմամբ, մենք պետք է ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե բացառենք պարտադիր բաղադրիչը: Հակառակ պարագայում, ինչպիսի լուծում էլ առաջարկվի, հասարակության մի զգալի հատվածի համար առաջանալու է լուրջ ֆինանսական բեռ: Միանշանակ համաձայն եմ, որ պետությունը պարտավոր է հոգ տանել իր քաղաքացիների վաղվա օրվա մասին, համաձայն եմ, որ կենսաթոշակային համակարգը, ինչպես և ցանկացած համակարգ, բարելավման կարիք ունի: Սակայն նաև վստահ եմ, որ ցանկացած պետություն առաջին հերթին պետք է հոգ տանի իր քաղաքացիների թե վաղվա, թե այսօրվա մասին: Իսկ մեր իրականության մեջ մեծամասնության համար նույնիսկ ամենափոքր թվացող գումարի հավելյալ բեռը լրջորեն ազդելու է նրա ընտանեկան, առանց այն էլ, մեղմ ասած, համեստ բյուջեի վրա: Այնպես որ պետության գերակա խնդիրն է նախ և առաջ զարգացնել տնտեսությունը, ավելացնել մարդկանց ու պետբյուջեի եկամուտները, որպեսզի մի կողմից հնարավոր լինի այսօր արդեն ապահովել մեր թոշակառուների բարեկեցիկ ծերությունը, մյուս կողմից երիտասարդները դժվարություններ չունենան իրենց ապագայի համար ներդրումներ կատարելու գործում:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պետությունը «երկար փողերի» կարիք ունի և միշտ ունենալու է, սակայն երբեք ոչ շարքային քաղաքացիների հաշվին: Եվ հետո, եթե նույնիսկ Շվեյցարիայի նման երկիրը, որի տնտեսության մեջ մեծ վայրիվերումներ չեն արձանագրվել իր պատմության ընթացքում, ժամանակ առ ժամանակ ՀՆԱ-ի աճի թեկուզ ոչ մեծ, սակայն որոշակի տատանումներ է ունենում, ապա ինչ երաշխիք կարող է ունենալ մեր նման երկիրը, որ ապագայում լուրջ արժեզրկումներ կամ ճգնաժամեր չեն լինի՝ համապատասխան ծանր հետևանքներով:
Վերջապես, առկա աշխարհաքաղաքական մարտահրավերների պարագայում էապես կարևորվում է պետության դիմադրողականության խնդիրը: Իսկ դա հնարավոր է, երբ մեծ է իշխանությունների կամ նրանց ընդունած որոշումների նկատմամբ հանրության վստահությունը: Եվ ընդհանրապես, նույնիսկ լավագույն գաղափարը հնարավոր չէ կյանքի կոչել, այն չի կարող արդյունավետ լինել, եթե չկա հասարակության վստահությունն ու աջակցությունը: Իսկ որ պարտադիր բաղադրիչի նկատմամբ ոչ միայն աջակցություն չկա, այլև առկա է լուրջ ընդվզում, կարծում եմ, ոչ ոք չի վիճարկում: Որևէ մեկին դժվար է ապացուցել, որ պարտադրանքով հրամցվող որևէ երևույթ օգտակար է: Այդ իսկ պատճառով, իմ խորին համոզմամբ, հարցի լուծման բանալին ոչ թե ադմինիստրատիվ, պարտադրող, այլ շահագրգռող մոտեցման մեջ է, որպեսզի մարդը շոշափելիորեն զգա համակարգի առավելություններն ու ինքնակամ ընտրի այն: Մասնավորաբար, կարելի է առաջարկել համակարգն ընտրողների համար պետության համամասնորեն աջակցությունը, ինչը, բնականաբար, չի լինի մյուսների պարագայում: Սա միայն մեկ տարբերակն է, կարծում եմ՝ նման մի շարք տարբերակներ կարելի է գտնել ու քննարկել: Իսկ որ անվերապահորեն հարկավոր է խուսափել պարտադիր բաղադրիչից, աներկբա է: Կներեք, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:
Կարդացեք նաև
Կարեն Կարապետյան
ՀՀ ԱԺ պատգամավոր