Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Մենք ոչ խառնվում ենք Ասադի հարցերին, ոչ ընդդիմություն ենք, ոչ դիմություն» (Տեսանյութ)

Ապրիլ 23,2014 14:52

«Նվնվացողներին չեն սիրում, մռնչացողներին չեն սիրում, բա այս ժողովուրդը ո՞ւմ վրա պետք է ապավինի»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վրդովվեց «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստի մայոր Պավել Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ազատամարտիկների հինգ հոգուց բաղկացած առաջին խումբը փորձեց Երևանի օդանավակայանից մեկնել Բեյրութ, որտեղից պետք է ուղևորվեր Լաթաքիայում ապաստանած քեսաբահայության մոտ: Սակայն նրանց ընթացքը կասեցվել է: Անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել, որ նրանք նստեն օդանավ:

Aravot.am-ի հարցին, թե մտահոգություն կա, որ ամեն նմանատիպ այց դիտարկվում է որպես Ասադին պաշտպանություն և այդպիսի այցերին ամեն անգամ հաջորդում են Քեսաբի հայկական տարածքների ռմբակոծումները, Պավել Մանուկյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Մենք գնում էինք ոչ թե Դամասկոս կամ Հալեպ, այլ մենք գնում էինք ազատագրելու հայկական տարածքը, որտեղ մեր քեսաբահայությունը հազարամյակներ այնտեղ ապրում է, մաս են կազմում Կիլիկիայի: Նման հայտարարություններ անում էին նաև արցախյան պատերազմի ժամանակ, երբ ռուս սահմանապահները թույլ չէին տալիս մեկնել, հիշում եմ, թե ինչ զարտուղի ճանապարհներով էինք հասնում Արցախ»:

Շեշտելով, թե «մենք գիտենք մեր բազկի ուժը», պարոն Մանուկյանը պատասխանեց. «Մենք այդպես մտածեցինք ու կորցրինք Արևմտյան Հայաստան: Անունը դրեցին բարեփոխում, եթե մենք վախենանք, բնականաբար այնտեղի ժողովուրդը արժանանալու է նրան, ինչին արժանացավ Արևմտյան Հայաստանի ժողովուրդը»:

Ազատամարտիկները նշեցին, թե ԱԱԾ աշխատակիցները ոչ մի պատճառաբանություն չեն ներկայացրել՝ իրենց թույլ չտալով մեկնել Քեսաբ, անգամ իրենց ընկերների անձնագրերն են վերցրել:

Ազատամարտիկ, երկրապահ, հետախուզության պետ Արայիկ Խանդոյանն այս առիթով նշեց. «Մեր երկիրը դարձել է Քաջ Նազարի երկիր, գյադեք այս կողմ, գյադեք այն կողմ: Մենք ոչ խառնվում ենք Ասադի հարցերին, ոչ ընդդիմություն ենք, ոչ դիմություն: Մենք ուզում ենք մեր ազգի կողքին լինել: Հարգելի կառավարություն, Ձեր ցավը տանեմ, ուղղակի մարդավայել ասում ենք, մենք երբեք չեն խնդրել, մենք գործել ենք: Թող մեզ չթելադրեն, մենք ինչ անենք, մենք երբեք մեր ազգին նեղության մեջ չենք գցել»:

 

Պավել Մանուկյանը շեշտեց. «Աշխարհը գիտի, որ մենք վարձկաններ չենք, այլ գնում էինք կանգնելու մեր հայրենակիցների կողքին: Այնտեղ ամեն ինչ կոորդինացված էր, մեր անհրաժեշտությունը առաջացավ, մենք այնտեղ պիտի գնայինք, մեր ընկերներից մի քանիսն էլ այնտեղ են: Մենք չէինք գնում դիմություն, կամ ընդդիմություն խաղալու: Ընդամենը մեր նպատակն այն էր, որ երկրորդ անգամ էլ այս ժողովուրդը չարժանանա յաթաղանին: Եթե հիմա մենք քայլ չանենք, Սփյուռքն էլ կհիասթափվի»:

Արցախյան ազատամարտի մասնակից, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Արմեն Լամբարյանն էլ վրդովված նշեց. «Ժողովրդի կեսին բաժանել են արևելամետների, արևմտամետների, ամերիկամետների: Մենք վերջիվերջո հայ ենք, հայի տեսակ, հազարամյակների պատմություն ունենք: Ինչո՞ւ չենք խոսում հայակենտրոնության մասին: Քեսաբում հային սպանում են, պետության ղեկավարն ասում է, թե մեր խնդիրը չէ, Սիրիայի խնդիրն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930