Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք գործիչ. «Ձեռքս մեկնեցի եւ օդում չմնաց» (Տեսանյութ)

Ապրիլ 23,2014 14:18

Արեւմտահայոց ազգային համագումարի հրավերով Հայաստանում են թուրք քաղաքական հասարակական գործիչներ: ԱԺ պատգամավոր, Արեւմտահայոց ազգային համագումարի ազգային խորհրդի անդամ Արագած Ախոյանը նշեց, որ մեծ ջանքերի ու երկարատեւ աշխատանքի արդյունք է նրանց Հայաստան բերելը:

Այսօր «Հայելի» ակումբում քաղաքական գործիչ, Կանաչների միության հիմնադիր, նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը, լրագրող-հրապարակախոս, ծագումով համշեն Ադնան Գենչը, պատմաբան Բյուլենդ Բիլմեզը, Արեւմտահայոց ազգային համագումարի խորհրդի անդամ Սևակ Արծրունին եւ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը հանդիպեցին լրագրողների հետ եւ խոսեցին արեւմտահայերի արդարության հեռանկարից: Նույն թեմայով մի քննարկում էլ օրվա մյուս կեսին է նախատեսված:

Սևակ Արծրունին նշեց, որ թուրք գործիչների պատվիրակությունը մասնակցելու է ապրիլքսանչորսյան միջոցառումներին եւ Հայաստանում մեկնարկած կլոր սեղանին: «Սա հրապարակային առաջին երկխոսության փորձն է, որը վերաբերում է ցեղասպանության վնասների վերականգնման արեւմտահայոց ակնկալիքներին ու պահանջներին: Նման նյութերը Թուրքիայում թաբու են: Փակ դռների հետեւում է հիմնականում խոսվել, ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ առաջին բաց քննարկումն է: Այս մարդիկ քաղաքական կողմնորոշումներով պետականամետ են, բայց պայքարում են ավելի լավ քաղաքականության եւ փոքրամասնությունների իրավունքների համար»,-ասաց պարոն Արծրունին:

Ադնան Գենչը շեշտեց. «Փաստ է, որ հարյուր տարի առաջ հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն է իրագործվել, բայց նկատենք, որ Ցեղասպանության հարցից Թուրքիայի ժողովուրդը եւ հասարակությունը տեղյակ չէր, միայն վերջին քսան-երեսուն տարիների մասին կարողացան խոսել եւ իրականությունը իմանալ, մինչ այդ միայն ակադեմիական շրջանակներում էին տեղեկացված: Հրանտ Դինքի սպանությունից հետո ամեն ինչ բացվեց: «Կանաչներ» եւ «Ձախ ապագա» կուսակցություններն այժմ պահանջ ունեն Ցեղասպանության ճանաչման»:

Ադնան Գենչը պատասխանելով Aravot.am-ի՝ Քեսապի խնդրում թուրքական գործոնի մասին հարցին՝ ասաց. «Դրամատիկ իրավիճակներ են եղել, եւ թուրքական կառավարությունն, իրոք, այդտեղ ունի իր ներդրումը: Ցավոք, հարյուր տարի անց նոր տեղահանություն է ապրում հայությունը, մի մասը տեղափոխված է Վքըֆլը գյուղը: Մենք այցելել ենք իրենց եւ բարի կեցություն հայտնել»:

Նա նշեց, որ ցեղասպանության գիտակցության բարձրացման առումով վերջին տարիներին ապրիլքսանչորսյան ոգեկոչումներ են իրականացվում, որպեսզի թուրքական մամուլն ու հանրությունը տեղյակ լինի ժամանակին կատարվածից: Պարոն Գենչը հայտնեց, որ այս տարի Ստամբուլում կայանալիք ապրիլքսանչորսյան միջոցառմանը սփյուռքահայեր եւս կմասնակցեն, որոնք հետո կժամանեն Երեւան:

 

Ուֆուք Ուրասը, որ նախկին պատգամավոր է, շնորհակալություն հայտնեց պարոն Ախոյանին՝ սեղմելով նրա ձեռքը. «Տեսեք ձեռքերը երկարեցինք, եւ կարեւորն այն է, որ նրանք միացան ու օդում չմնացին: Մեզ համար ապրիլի 24-ը սոսկ տարվա մի օր չէ: Մենք գիտենք, որ սահմանները բացելուց առաջ, նախ ուղեղների սահմանները պետք է բացվեն: Մենք կողմ ենք փոխայցելությունների ու երկխոսությունների: Մեր ակնկալիքներից է, որ արեւմտահայությունը կրկին ստանա իր քաղաքացիության իրավունքը Թուրքիայում: Քիչ առաջ հարց հնչեց, չե՞նք վախենալու Հայաստան այցելելու համար: Պիտի ասեմ՝ ոչ, ընդհակառակը: Անկարա պիտի այցելեմ ու արտգործնախարարությանը հայտնեմ մեր հանդիպումների մասին: Կցանկանամ նաեւ, որ հայ-թուրքական խորհրդարանական խմբակցություն ստեղծվի»:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ է մտածում այսօրվա միջին վիճակագրական թուրք երիտասարդը հայ-թուրքական խնդրի մասին, պարոն Ուրասը ասաց, որ Հրանտ Դինքի սպանությունից եւ «Հայեր, ներեք մեզ» արշավից հետո թուրք երիտասարդությունը սկսեց այլ կերպ մտածել: Ֆուտբոլային դիվանագիտության առիթով Գյուլի հետ ես միակ պատգամավորն էի Երեւան եկած: Այդ հանդիպումից հետո ինձ դիմավորել է Հրանտ Դինքի դուստրը՝ Դելալի Դինքը, ասել, որ հայրը վերջին զարգացումները տեսնելու դեպքում, շատ ուրախ կլիներ: Ի դեպ, Հայաստան այցելելիս ես խուլիգանական եւ հակաթուրքական ոչ մի դրսեւորում չեմ տեսել: Բոլոր ժողովուրդներն էլ ունեն մոլեռանդ շրջանակներ, բայց պետք է այդ ամենից վեր կանգնել»:

Խոսելով Դինքի ընտանիքի հետ իր կապերի մասին, Ուֆուք Ուրասը նշեց, որ Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը իր ամուսնության վկան է:

Արագած Ախոյանը անդրադառնալով թուրք գործիչների՝ քննարկումներին մասնակցելուն՝ նշեց. «Սա ընդամենը քաղաքացիական հասարակությունների երկխոսություն է…Հսկայածավալ աշխատանք է կատարվել Արեւմտյան Հայաստանում եւ Թուրքիայում: Թուրք մտավորականները, հասարակական-քաղաքական գործիչներն այսօր բողոքի ձայն են բարձրացնում, համարձակ հայտարարություններ անում: Չմոռանանք, որ Թուրքիայում էլ կան ներքաղաքական խնդիրներ, սակայն կարեւորը երկխոսությունն է: Հաճախ մեր մասնագետներին թվում է, ինչքան պատը ամուր ու հաստ լինի, այնքան լավ, իրականում ինչքան մեր միջեւ պատը թափանցիկ լինի, այնքան կշահենք երկուստեք»:

Բյուլենդ Բիլմեզը նշեց, որ իրենց նման մտածողների թիվը Թուրքիայում այդքան էլ մեծ չէ, բայց դրան պետք է նորմալ նայել. «Գուցե սփյուռքում էլ մեր հանդիպումը ինչ-ինչ դժգոհություն առաջացնի, Թուրքիայի մեջ էլ կարող են նման շերտեր լինել: Ես իբրեւ պատմաբան անհատ, իբրեւ «Կանաչներ» եւ «Ձախ ապագա» կուսակցությունների գործադիր անդամ, մտահոգ եմ, որ ժխտողական մթնոլորտը փոխվի Թուրքիայի մեջ…Մարդկության դեմ գործված այդ մեծ հանցանքը չպետք է գործիք դառնա քաղաքական խաղերի»:

Նրա համոզմամբ, մի օր ի վերջո Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը, ճանապարհները պետք է քննարկել, նաեւ թուրք ժողովուրդը պետք է իր անցյալի հետ նախ առերեսվի:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930