Լրահոս
Օրվա լրահոսը

Քե՛զ, Հայաստա՛ն

Ապրիլ 23,2014 13:40

Ես երբեմն ջանում եմ չմտածել Քո մասին: Ինչպես ջանում են չմտածել անպատասխան կամ ուշացած սիրո մասին: Ուզում եմ երջանիկ լինել առանց Քեզ, մանավանդ որ դժվար է երջանիկ լինել Քեզ հետ: Սակայն ես դեռ չեմ գտել առանց Քեզ երջանիկ լինելու բանաձևը:

Ես երբեմն ուզում եմ փախչել-հեռանալ Քեզնից: Ինչպես փախչում են ցավից, սիրուց, տառապանքից, խեղճությունից, ինչպես հեռանում են դավաճանությունից: Սակայն ես գիտեմ, որ դու անվերջ հայտնվելու ես սիրո, ցավի, տառապանքի, դավաճանության, խեղճության միջից:

Ես երբեմն ուզում եմ դատարկել իմ ողջ արյունը, միայն թե չզգամ այդ արյան ծանրությունը: Սակայն այդ արյունն ինձ շղթայակապ է արել այս անօրեն պետությանը, այս քարքարոտ երկրին, այս դատարկվող հայրենիքին:

Քե՛զ, Հայաստա՛ն: Քե՛զ են ուղղված սիրո և տառապանքի մրմունջները, նզովքի և դավաճանության հրայրքը, խեղճության և հուսահատության ճիչերը:

Քե՛զ, Հայաստան: Անպատասխան իմ սեր, հոգեմաշ իմ մորմոք, չկայացած իմ երազանք, թևածող իմ հույս:

Քե՛զ, Հայաստան:

Ես երբեմն ջանում եմ չհիշել Քո անցյալի փառքը: Ինչպես հոգսառատ տարագրության մեջ չես ուզում հիշել հայրենիքումդ անցկացրած անհոգ օրերը: Սակայն ես չեմ կարողանում չհիշել անցյալիդ փառքը, որը վերստին հառնում է՝ խառնվելով ներկայիդ անհուսությանը:
Դու շարունակ ապրում ես անցյալի Քո փառքով: Անցյալիդ փառքը նման է Հարդագողի ճանապարհին, որը ժամանակ առ ժամանակ փայլատակում է Քո գորշ ներկայի և անգույն գալիքի երկնակամարում: Սակայն Դու Պրոմեթևսը չես, և անցյալի փառքդ չի ջերմացնում այլևս իմ տունն ու իմ սիրտը, այլ ավելի է մեծացնում իմ մորմոքը Քո ներկայի խեղճության և գալիքի անհայտության հանդեպ:

Ես երբեմն չեմ ուզում տեսնել Քո աստվածաշնչյան լեռը՝ Արարատը: Ինչպես գիշերվա մթության մեջ թռչող ինքնաթիռից չես տեսնում ներքևում փռված քաղաքը: Սակայն Արարատը բացվում է իմ առջև իր ողջ վեհությամբ և կախարդանքով, և ես չեմ կարող չբարևել նրան:

Նա ոչ միայն կանգնած է Քո սահմանների մոտ, Նա կանգնած է Քո կորուսյալ հողում: Նա կանգնած է Քո անցյալի, ներկայի ու գալիքի ճամփաբաժանին: Եվ Դու չգիտես, թե ո՞ր ճանապարհով ընթանաս՝ անցյալի՞, ներկայի՞, թե՞ ապագայի: Աստվածաշնչյան լեռդ նման է հեքիաթի ալեհեր ճամփորդին, որի խորախորհուրդ պատգամին Դու ուկնդիր չես լինում:
Ես երբեմն ուզում եմ հիշողությունիցդ դուրս մղել իննսունիննամյա Ցեղասպանության Քո մորմոքը, որպեսզի հնարավորություն տամ Քեզ լիարժեք ապրելու, արարելու և առաջադիմելու: Սակայն այդ հիշողության գենը, որպես ծանր ժառանգություն, փոխանցվել է նաև ինձ, ու ես էլ Քեզ հետ ապրում եմ՝ կրելով այդ ծանր հիշողությունը՝ որպես նզովք, որպես վրեժ:

Հայոց Ցեղասպանության ոճիրը կանգնել է Քո անցյալի, ներկայի ու ապագայի ճանապարհին՝ կասեցնելով Քո ընթացքը. դու ոչ կարողանում ես առաջ ընթանալ, ոչ էլ անգամ ետ վերադառնալ: Մի անգամ պետք է Դու ամբողջությամբ վերադառնաս դեպի այդ Ցեղասպանությունը, նայես այն զինաթափված. ծնկաչոք, մորթվող հայ տղամարդկանց աչքերին, որոնք չհամարձակվեցին իրենց մահվան ուղեկցող 4-5 թուրք ասկյարներին քարկոծելով սպանել մահվան ճանապարհին: Դու մի անգամ պիտի վերադառնաս իննսունինը տարի ետ և նայես Քո քաղաքական առաջնորդների աչքերին, որպեսզի տեսնես, թե ինչպես քաղաքական կարճատեսությունը զինաթափեց մի ողջ ժողովրդի: Իննսունինը տարի շարունակ Քեզ վախեցնում են այդ Ցեղասպանության հնարավոր կրկնությամբ, որպեսզի Դու ընդմիշտ մնաս այդ անցյալում: Քեզ թույլ չեն տալիս թոթափել Քո քաղաքական խեղճությունը, որը փակում է հզորանալու Քո ճանապարհը: Դու պիտի վերադառնաս այդ անցյալը, որպեսզի մեկընդմիշտ կարողանաս այնտեղից դուրս գալ և քայլել աշխարհի հզոր պետությունների հետ համահավասար:
Ես երբեմն չեմ հավատում, որ պատմական արդարության Քո որոնումները, ի վերջո, կավարտվեն, և Դու կգտնես այն: Սակայն ես ևս շարունակում եմ սպասել այդ արդարության հայտնությանը:

Դու արդարություն ես որոնում աշխարհում, երբ ինքդ ես ներծծված անարդարությամբ ու անօրինությամբ: Համաշխարհային արդարության Քո որոնումներում Դու կորցրել ես Քո քաղաքական կողմնացույցը՝ մոլորվելով սեփական անարդարությանդ թավ անտառում: Դու պատմական արդարություն ես որոնում մեծ աշխարհում, իսկ Քո փոքր հողակտորից հեռանում են Քո ներկան, գուցե նաև՝ ապագան:

Ես երբեմն ուզում եմ չգթալ, չսփոփել Քեզ ու չսրբել Քո արցունքները: Ինչպես չես կարող գթալ ողջ ունեցվածքը տանուլ տված խաղամոլին: Սակայն Քո ամեն պարտությունից հետո ես սրբում եմ Քո արտասուքը:

Դու սիրում ես Քո պարտությունները, որոնց վաղուց վարժվել ես: Դու սիրում ես Քո պարտությունները և վախենում ես հաղթանակներից: Հաղթանակների համար պետք է մարտնչել, երբեմն այդ հաղթանակը հնարավոր է նվաճել միայն արյամբ: Աշխարհում բոլոր ժողովուրդները դա գիտեն, բայց դու գերադասում ես պարտվել, քան մարտնչել: Եվ միայն այն պահին, երբ մահվան պարանը փաթաթվում է Քո պարանոցին, Դու ծառս ես լինում, ինչպես վայրի ձին: Ահա թե ինչու Քո բոլոր հաղթանակները վրա են հասել միայն օրհասական պահերին: Քո փոքրաթիվ հաղթանակները Դու վատնում ես անպատասխանատու խաղամոլի պես:

Ես երբեմն փորձում եմ խուսափել Քեզ հանդիպելիս: Ինչպես խուսափում ես հանդիպել փողոցում ճանապարհդ կտրող աղանդավորին: Սակայն ես ամեն օր հանդիպում եմ Քեզ աշխատանքի գնալիս կամ տուն վերադառնալիս:

Ես հանդիպում եմ Քեզ ամեն օր և հարցնում եմ, թե ինչո՞ւ ես Դու այդքան երկյուղում ազատությունից, ինքնուրույնությունից, անկախությունից: Երկու հարյուր տարի է Դու Քո ինքնուրույնության ամրոցի բանալիները հանձնել ես օտար պետությանը՝ վստահ, որ նա Քո բարեկամն է: Դրանից էլ առաջ՝ այլ օտար պետություններին, որոնք նվաճել են այդ ամրոցը և ձեռքից ձեռք փոխանցել: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ ես Դու այդքան վախենում ազատությունից: Աշխարհում ամեն օր հարյուրավոր մարդիկ են զոհվում ազատության դրոշը ձեռքներին, սակայն դու ազատության և անկախության Քո դրոշը սիրում ես փակել պատմության թանգարանում որպես ցուցանմուշ: Դու ազատությունը սիրում և գնահատում ես որպես թանգարանային ցուցանմուշ: Թանգարանի ապակե ցուցափեղկի ետևում ազատությունն ու անկախությունն անվտանգ են, չպարտավորեցնող և կորուսյալ: Իսկ կորուստները Քեզ համար ավելի արժեքավոր են, քան նվաճումները, մանավանդ որ նվաճումները պահպանելը դժվար է: Դու փախչում ես ազատությունից և անկախությունից, ինչպես դժոխքի հրայրքից՝ կարծես վախենում ես հավերժորեն այրվել այնտեղ: Դու գերադասում ես անազատության և ստրկության դրախտը, ուր Քեզ ոչ ոք չի հիշեցնի ազատության և անկախության արգելված պտուղների մասին:

Ես երբեմն փորձում եմ ապրել առանց Քեզ: Ինչպես ապրում են կամ կուզենային ապրել շատերը Հայաստանում և այլուր: Ուզում եմ ապրել պարզ, շարքային քաղաքացու իմ ամենօրյա ուրախություններով և հոգսերով: Սակայն ես դեռ չեմ սովորել ապրել առանց Քեզ:

Ես քայլում եմ փողոցով. այնտեղ Դու ես. ազդանշանի շչակները միացած հարսանյաց մեքենաների շարասյան մեջ, փոշու, աղբի և աղմուկի շուրջպարում, կտրտված ծառերի հևոցում, բետոնե գորշ մայրաքաղաքի շնչահեղձության մեջ: Ես մտնում եմ խանութ. այնտեղ Դու ես՝ կքած, հարստահարված, խեղճացած մարդկանց հայացքներում: Ես մտնում եմ լսարան. այնտեղ Դու ես՝ արդարության և իմացության որոնումների, անարդարության և տգիտության զրահի ետևում, իրենց ապագան Քեզնից դուրս փնտրող ուսանողական շփոթահար հայացքներում: Ես մտնում եմ Մամուլի ազգային ակումբ. այնտեղ դարձյալ Դու ես՝ լրագրողական անպատասխան հարցերում, կրքոտ քաղաքական ելույթներում: Ես գալիս եմ տուն. այնտեղ Դու ես. անօրեն ռեստորանի անդադրում դղրդոցների, ձանձրալի հեռուստահաղորդումների, վիրտուալ բախումների և խելահեղ լրատվության հարահոսի մեջ:

Ես երբեմն ուզում եմ մոռանալ Քեզ: Ինչպես մոռանում ես օդանավում հանդիպած մարդկանց դեմքերն ու անունները: Սակայն ես անգիր գիտեմ Քեզ, ինչպես հարյուր անգամ արտասանած բանաստեղծությունը:

Ես անգիր գիտեմ, թե ինչպես ես Դու հանձնվելու ինքնախաբեության թմբիրին և հավատալու, թե Դու «հավերժի ճամփորդ ես»: Մինչդեռ Դու սովորական աստանդական ես, որի ցնցոտիների միջից երևում է մերկ, ծեր, հոգնատանջ մարմինը: Մեկը նրանցից, ում կամ կարեկցում են, կամ՝ անտեսում, կամ խաբեությամբ ձեռքից վերցնում անգամ նետված գրոշները:

Ես երբեմն ուզում եմ չզգալ Քո տառապանքը: Ինչպես չես զգում անզգայացրած ատամիդ բաց նյարդը: Սակայն դեռ չեմ կարողանում անզգայացնել այդ բաց նյարդը:
Համընդհանուր աղտեղության, իշխանավորների ցոփության, կուսակցությունների երեսպաշտության, խառնամբոխի անամոթության այս խելահեղ մերկապարում Քո տառապալից հևոցը չի լսվում: Նրանք չգիտեն՝ ինչ է տառապանքը, այդ իսկ պատճառով չգիտեն, թե ինչպես ես տառապում Դու: Քո տառապանքը ամոքելու համար Դու պիտի ընդհատես այս հայրենադավ մերկապարը, վեր բարձրացնես Քո անարգված մարմինը, շրջես ցոփության սեղանները և մաքրես այս աղտեղությունը: Միայն Դու կարող ես վերջ տալ Քո տառապանքին:

Ես երբեմն ուզում եմ անտեսել Քո վհատությունը: Ինչպես անտեսում են պարտվող հակառակորդի վհատությունը: Սակայն ես դեռ բավարար կամք չունեմ անտեսելու այն:
Քո վհատությունն ասես պողպատե զրահ լինի, որ Դու պարզել ես Հեղափոխության դեմ: Դեռ քանի՞ անգամ այդ Հեղափոխությունը պիտի մտնի Քո դարպասներից ներս և բախվի Քո քաղաքական առաջնորդների երկչոտությանը, վախվորածությանը, կամազրկությանը, դավաճանությանը, ինքնասիրահարվածությանը: Եվ այժմ Դու գոցել ես դարպասներդ Հեղափոխության առջև, թեպետ միայն այն կարող է փարատել Քո վհատությունն ու ցրել անհուսությունը: Հեղափոխությունը բախելու է Քո դարպասները, և երբ կմտնի դրանցից ներս՝ Քո վհատությունը կանէանա, ինչպես ցողը՝ արև ժպիտից:

Ես երբեմն ուզում եմ դադարել աղոթել Քեզ համար: Ինչպես դադարում ես աղոթել օտար մզկիթների հանդիպելիս: Սակայն ես դարձյալ Բարձրյալին եմ դիմում՝ Քո անունը շուրթերիս:

Երեքհազարամյա քո գոյությունը Աստծո օրհնության լույսն է, որ Նա տարածել է Քեզ վրա: Քո գողտրիկ եկեղեցիների անլույս խցերում Դու ավելի շատ ճգնավոր ես, քան հավատացյալ, և Աստծո Քո սպասավորներն ավելի շատ աստվածամերժ են, քան աստվածավախ: Դու ապավինում ես միայն Աստծուն ու նրա Ահեղ դատաստանին, բայց ոչ երբեք՝ Քեզ: Դրա համար էլ հողը փախչում է միշտ Քո ոտքերի տակից:

Ես երբեմն ուզում եմ համակերպվել Քեզ կորցնելու մտքի հետ: Սակայն ես դեռ ցնցվում եմ, վեր թռչում այդ մտքից, ինչպես սոսկալի երազից: Ես ուզում եմ պահպանել Քեզ, Հայաստան: Սակայն ուզում եմ նաև ապավինել Քեզ:

Ես բռնում եմ Քո ձեռքը, և ինձ թվում է, որ Դու ոչ թե երեքհազարամյա զառամյալ ու իմաստուն ծերունի ես, այլ անօգնական ու միամիտ մանկիկ, և ես բռնում եմ Քո ձեռքը, ինչպես ժամանակին բռնում էի դստերս մանկական փոքրիկ ու սիրելի թաթիկից ու քայլում եմ Քեզ հետ սիրո, տառապանքի, նզովքի, դավաճանության, խեղճության, հուսահատության թանձրացող այս մղձավանջում:

Ես գրկում-բարձրացնում եմ Քեզ գետնից, ինչպես քայլելուց հոգնած մանկանը: Ես գրկախառնվում եմ Քեզ հետ, ինչպես երկար բաժանումից վերադարձած սիրելիի հետ: Ես բռնում եմ Քո արմունկից, ինչպես զառամյալ ծերուկի: Ես Քեզ հետ քայլում եմ մառախլապատ Քո ներկայի կածաններով դեպի անստույգ ապագան:

Քե՛զ հետ, Հայաստա՛ն:

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    դ դուք այդպիսին դարձրիք իմ երկիրը, տ. Նարինե: Դուք ու ձեր նմանները երեսուն արծաթի համար : Ավիրեցիք ու քանդեցիք ամեն ինչ: 24 տարի առաջ Հայաստանում մոլորված ուսանողներ չկային, ոչ էլ խեղճացած ժողովուրդ կար, մարդիք էլ շատ վստահ էին իրենց վաղվա օրվա համար: Հիմա էլ փորձում եք մարդկանց հիշողությունից հանել Ցեղասպանությունը, փորձում եք թշնամիներին «բարեկամ» ներկայացնել, խորամանկ, աննկատ, լիրիկական սրտաճմլիկ արտահայտություններով: Բայց դուք պարտվել եք այլեւս, լավ կլինի ազնվորեն վերադարձնեք 30 արծաթը : Ձեզ չհաջողվեց հիմնահատակ կործանել պետությունը,ոնց կործանեցին ՈՒկրաինան: Ժողովուրդը չեկավ ձեր ետեւից, դուք մնացիք մենակ ձեր նեղ «թայֆայով»: ԵՎ փառք Աստծո: Այ, դրա համար էլ մենք հավատում ենք Աստծուն:

  2. Մայիս says:

    Հայկ, ՄԱՐԴԻԿ-ը Կ-ով ա գրվում, ոչ թե <>-ով: Հայերեն սովորիր, նոր քոմենտներ գրիր, թե չէ խայտառակ վիճակում ես հայտնվում: Հա, ով ինչ գրում ա` մեկ էլ խոստի պես ծլում ես: Անունդ էլ հազիվ թե Հայկ լինի, դու ինչ Հայ, դու իսկական Վալերիկ ես կամ Սերգեյ, հազիվ թե ռուսամոլ ծնողներդ անունդ Հայկ դրած լինեին: Մի խոսքով, իսկական ֆեյք ես: Սովետական արտոնություններից ես զրկվել, դրա համար պղպջակներս բաց թողում, դու հո հոդվածի մասիհ չես գրում, դու Հայաստանի անկախության դեմ ես գրում, ուղղակի էլի ֆեյք ես անում: Այս հոդվածը քո խելքի բանը չի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930