Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում են արագաչափերի եւ տեսախցիկների հարցը

Ապրիլ 23,2014 13:36

Ազգային ժողովում այս պահին ընթանում են Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը թեմայով խորհրդարանական լսումներ:

Դահլիճը, որտեղ կայանում են լսումները, լեփ-լեցուն է: Թեեւ ընթացակարգով նախատեսված է, որ զեկուցողները պետք է պատասխանեն միայն գրավոր հարցադրումներին, դահլիճից էլ են հարցեր հնչում, քանի որ ճանապարհներին տեղադրված արագաչափերի եւ տեսախցիկների վերաբերյալ հարցերը բոլորին են հուզում՝ հարցերի պատասխանները ստանալու կամ գոնե ամբոխահաճո ելույթներ կառուցելու համար:

Իր ելույթները, ինչպես արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, այնպես էլ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը կառուցել էին վիճակագրական տվյալների հիման վրա:

Հրայր Թովմասյանը, մասնավորապես, նկատեց, որ կան վարորդներ, որոնք 300-500 հազար դրամի տուգանք ունեն, քանի որ ուշացրել են մուծումները, եւ հիմա սնանկ են, չեն կարող վճարել, եւ արդեն քշում են ինչպես ուզում են: Այս պարագայում, ըստ նրա, շատ ավելի ազդեցիկ կլինի, եթե տուգանքները ուշացնողներին զրկեն վարորդական իրավունքից եւ ոչ թե տուգանքները մեծացնեն:

Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին, արդարադատության նախարարի պաշտոնակատարն ու փոխոստիկանապետը նշեցին, որ Երեւան քաղաքում, որը հագեցված է տեսախցիկներով եւ արագաչափերով, 30 տոկոսով նվազել են մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները: Սակայն խախտումների քանակն ավելացել է, քանի որ տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսում են բոլոր խախտումները, ի տարբերություն նախկինի, երբ ոստիկանն ու խախտում կատարած վարորդը «անշահախնդրորեն» թաքցնում էին խախտումը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հրայր Թովմասյանը, մասնավորապես, նկատեց, որ կան վարորդներ, որոնք 300-500 հազար դրամի տուգանք ունեն, քանի որ ուշացրել են մուծումները, եւ հիմա սնանկ են, չեն կարող վճարել, եւ արդեն քշում են ինչպես ուզում են: Այս պարագայում, ըստ նրա, շատ ավելի ազդեցիկ կլինի, եթե տուգանքները ուշացնողներին զրկեն վարորդական իրավունքից եւ ոչ թե տուգանքները մեծացնեն:

    Ինչ ես իմանալու, թե ղեկին ով ա եղել, որ զրկես: Մարդը ավտո ունի, վարելու իրավունք չունի, ավտոն ուրիշն ա վարել: Ու սա ասում ա արդարադատության նախարարը: Վարորդ ու քաղաքացի պետք է նախեւառաջ ունենալ, ոչ թե հզոր տուգանքային համակարգ: Ես չեմ գրանցվում արագաչափերի կողմից, բայց շատ կաշկանդված եմ մեքենա վարում, աչքս շարունակ սպիդոմետրին ա, որ հանկարծ 1կմ/ժ չանցնեմ: Փոխարենը, աչքիս առաջ լիքն են նրանք, ովքեր անպատիժ ավտո են քշում, ոչ թե կանոններով վարում: Մարդ գիտեմ. որ 2013թվին 2մլն դրամ տուգանք ա մուծել: Էլ դրան ինչ ասես, ինչով սաստես: Սա հովանավորություն ունեցող բիզնեսի ձեւ ա ու ինչ ուզում ես ասա, բան չի փոխվի: Միակ ձեւը, որ մարդ մի քիչ իրան նեղություն տա ու աշխատի չընկնել թակարդը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930