Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ դիրիժորը Փարաջանովին նոր «շունչ» կտա

Ապրիլ 23,2014 13:27

Լիոր Շամբադալը եւ կոմպոզիտոր Աննա Սիգալը կներկայացնեն «Կոլաժ՝ Սերգեյ Փարաջանովին» երկի պրեմիերան

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հրավերով անցյալ տարվա աշնանը հայ երաժշտասերին առաջին անգամ ներկայացան Բեռլինի հանրահայտ սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալը եւ իսրայելաբնակ կոմպոզիտոր Աննա Սիգալը: Առաջին անգամ հնչեց կոմպոզիտորի «Հոգու երգերը»՝ ըստ Սայաթ-Նովայի: Այս օրերին կոմպոզիտորն ու դիրիժորը կրկին Երեւանում են եւ ներկայացնում են պրեմիերա՝ ՀՊՖՆ-ի (ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), դերասան Արամ Հովհաննիսյանի մատուցմամբ կհնչի Աննա Սիգալի «Կոլաժ՝ Սերգեյ Փարաջանովին» երկը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի եւ ասմունքողի համար: Համերգը կղեկավարի Լիոր Շամբադալը: Ասմունքը՝ Արամ Հովհաննիսյանի:

«Առավոտի» հետ զրույցում մաեստրո Շամբադալն ասաց, որ անցյալ տարի իրենք Երեւանում հյուրընկալվել են Փարաջանովի տուն-թանգարանում, որտեղ վերջինիս տնօրեն Զավեն Սարգսյանն իրենց է ներկայացրել համարյա ողջ փարաջանովյան հավաքածուն: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ Աննան այնքան է տարվել Փարաջանովի արվեստով, որ ընթացքի մեջ է կոմպոզիտորի Փարաջանովի ֆիլմերի կերպարների հիման վրա կամերային օպերայի ստեղծումը: Մաեստրոն փոքր-ինչ հանդիմանանքով եւ առանց մանրամասնելու հայտնեց նաեւ հետեւյալը. «Ծանոթ եմ Փարաջանովի բոլոր ֆիլմերին ու կոլաժներին եւ միանշանակ պնդում եմ, որ այդ հանճարեղ արվեստագետը այնքան էլ հայտնի չէ աշխարհին: Այս տարի նրա 90-ամյա հոբելյանն է: Դա հիանալի առիթ է ձեր հայրենակցի արվեստը աշխարհով մեկ «ողողելու» համար: Իսկ այդ եզակի՝ փարաջանովյան ձեռագիրը իսկապես անհրաժեշտ է ցանկացած ազգի արվեստասերին»:

Աննա Սիգալն էլ ասաց, որ Փարաջանովի արվեստում խորացել է նաեւ իսրայելաբնակ կինոռեժիսոր Էդուարդ Մարտիրոսյանի պատմածից, որը Փարաջանովի մտերիմ ընկերն էր: Կինոռեժիսորը Թել-Ավիվի հայ համայնքի ղեկավարն է: Խոսելով «Կոլաժ՝ Սերգեյ Փարաջանովին» ստեղծագործության մասին, Աննա Սիգալը հայտնեց, որ տեքստը գրել է Էդուարդ Մարտիրոսյանը, ինչին հիմք են ծառայել Փարաջանովի օրագիրն ու հիշողությունները, խմբագիրն էլ Զավեն Սարգսյանն է:

Հետաքրքրվեցինք՝ անցյալ տարի հայաստանյան պրեմիերայից հետո Սայաթ-Նովայի խոսքերով երգաշարը հնչե՞լ է որեւէ երկրում: Տիկին Սիգալը պատասխանեց. «Փարաջանովի այս հայաստանյան պրեմիերայից հետո պատրաստվում եմ երկու հայ մեծ արվեստագետներին՝ Սայաթ-Նովային եւ Փարաջանովին «պտտեցնել» աշխարհով մեկ: Ի դեպ, Սայաթ-Նովայի խոսքերով երգաշարը գրել եմ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից ազդված»:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 24-ին կայանալիք համերգում «Կոլաժ՝ Սերգեյ Փարաջանովին» երկի կողքին կհնչի նաեւ Մոցարտի «Ռեքվիեմը»՝ դարձյալ ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Լիոր Շամբադալի ղեկավարությամբ:

Մասնակցում են «Հովեր» եւ Հայաստանի պետական կամերային երգչախմբերը (ղեկավարներ՝ Սոնա Հովհաննիսյան, Ռոբերտ Մլքեյան):

Մենակատարներն են Իրինա Զաքյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցո սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր) եւ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բաս):

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930